Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավորը չի տեսնում քաղաքական երկխոսության ռեսուրս

Նոյեմբեր 18,2014 14:01

«Խոսրով Հարությունյանն ասաց այն, ինչը որ ինքը ցանկալի է համարում, բայց ժամանակն ու փորձը ցույց է տալիս, որ իշխանությունն ընդառաջ քայլերի է գնում միայն այն ժամանակ, երբ դա խիստ անհրաժեշտ է իրեն: Հակառակ դեպքում երբեւիցե պատրաստ չի եղել ոչ բանակցությունների, ոչ համագործակցության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն`անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի երեկ հնչեցրած դիտարկմանը:  Հիշեցնենք, երեկ խորհրդարանում լիակատար համերաշխության մթնոլորտում քննարկվեց, այսօր էլ նույն ոճով քվեարկվեց սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն տալու մասին կառավարության ներկայացրած նախագիծը: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում նկատեց, որ սա լավագույն օրինակն է նրա, որ քաղաքական երկխոսության ռեսուրս կա, ավելին, այն բնավ օգտագործված չէ:

Ընդդիմադիր պատգամավորն այն համոզմանն է, որ այս իշխանությունն իր գոյության տարիներին հասցրել է բավականաչափ խոստումներ տալ, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել, ապահով Հայաստան են խոստացել, մինչդեռ իրականությունը բավական տխուր է եւ այլն: Ուստի, ՀԱԿ պատգամավորն այլեւս չի ոգեւորվում նրանից, որ ինչ-ինչ հարցերում իշխանությունը փորձում է համագործակցություն ունենալ: «Դա իշխանությանը պետք է մեկ բանի համար`մեղմել ընդդիմություն-իշխանություն արդեն գոյություն չունեցող հարաբերությունները: Հավանաբար նաեւ վտանգ են տեսնում եռյակի համագործակցության մեջ, ինչի արդյունքում մի քայլ փորձեցին անել: Չեմ կարծում որ դա համագործակցության սկիզբ է: Բայց նման քայլերի շարունակականության արդյունքում հնարավոր է մի փոքր պարզերես դառնան»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն էլ հանձնարարել էր վերանայել 12 կետերը, մեր զրուցակիցը հակադարձեց. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հաջորդ օրը հայտարարեց, որ այդ կետերի մասով հստակ բացատրություններ ենք տվել, կարող ենք էլի խոսել, բայց ավելացնելու ոչինչ չունենք: Այսինքն, Սերժ Սարգսյանը հերթական անգամ փորձեց տպավորություն ստեղծել, թե ինքն ավելի կառուցողական մոտեցում ունի, քան կառավարությունը»: 12 կետերի մասին հայտարարությամբ, ՀԱԿ պատգամավորի կարծիքով, Սերժ Սարգսյանը հերթական անգամ փորձեց «կերակրել» հասարակությանը. «Բայց դա այլեւս չի աշխատում. առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը բարի նախագահի կերպարի մեջ է մտնում ու բան չի անում: Կառավարությունն էլ սեւերես է մնում, քանզի կաղապարված է ու ստիպված է լինում ասել այն, ինչն արդեն ասել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930