Լրահոս
Օրվա լրահոսը

Միտումնավոր հղի աշխատանքի ընդունվել կամ միամիտ ամուսնանալ ու հղիանալ. հղիության նպաստի օրենքը՝ ԱԺ-ում

Նոյեմբեր 18,2014 13:58

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է աղմուկ հանած օրինագիծը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նախ ներկայացրեց, թե այս օրենքի շուրջ քննարկումների արդյունքում ինչ եզրակացության են եկել խորհրդարանական լսումների ժամանակ. «Կային խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է առարկայական քայլեր արվեին: Կառավարության կողմից բարձրաձայնվում էր, որ լուծումները վերջնական չեն եւ անհրաժեշտ էր գտնել խնդրի ամբողջական լուծումները: Վերջին 4 տարիների ընթացքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների եւ հղիության նպաստների համար բյուջետային միջոցները աճել էին շուրջ 4 անգամ: Մենք մանրամասն վերլուծել ենք այն գործոնները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ այդ աճի վրա: Առանց որեւէ օրենք խախտելու, կան բազմաթիվ դեպքեր, երբ մեկ-երկու ամիս ձեւակերպելով աշխատանքի՝ կնոջն ուղարկում էին հղիության եւ ծննդաբերության արձակուրդի՝ վճարելով նպաստները: Նախնական տարբերակում ամրագրված ստաժի հետ կապված հղիության եւ ծննդաբերության նպաստի չափի հետ կապված դրույթները հնարավոր եղավ դուրս բերել: Սա չպետք է որակավորել որպես հետքայլ: Այդ քննարկումների արդյունքում մեխանիզմներ ձեւավորվեցին, որոնք թույլ են տալիս խնդիրը լուծել՝ առանց այդ մեխանիզմները կիրառելու»:

Նախարարն անդրադարձավ նաեւ ֆինանսների նախկին նախարարի կնոջ նպաստին, որը քննարկումների տեղիք էր տվել. «Բազային տվյալների համաձայն, 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող ՀՀ-ում շուրջ 400 կին կա: Օրենքի նախագծով առաջարկվել է, որ դրանից ավելի վճարումը կապահովի գործատուի եւ վարձու աշխատողի միջեւ կնքված անհատական պայմանագրերի շրջանակներում՝ ապահովելով բոլոր աշխատող կանանց համար 100 տոկոս փոխհատուցման գործակից»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նախարարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ մայրերին չբաժանել կատեգորիաների՝ միայնակ մայր, գործազուրկ եւ այլն. «Եթե միայնակ մայրը հղի է, բայց կարիք չունի եւ չի գրանցվում նպաստ ստանալու համար, ինչո՞ւ ենք իրեն վճարում»:

Նախարարը պատասխանեց, որ մինչեւ 90 թվականը գործում էր ըստ սոցիալական խմբերի նպաստների ինստիտուտը. «Ընդհանուր առմամբ ձեր ասածը ընդունելի է, միգուցե հետագայում անդրադառնալու խնդիր ունենանք»: Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մայր ունենք, որոնք նպաստ ստացել են, բայց դրա կարիքը չեն զգում. «Միլիոնատերը ինչի՞ է ստանում նպաստը, պիտի հասկանանք որքան գումար կարելի է խնայել՝ կարիքավոր խավերին օգնելու համար»: Արտեմ Ասատրյանն ասաց, որ կարիքավորությունը չափելու համար չունեն ընդհանուր բնակչության եկամուտների հայտարարագրման համակարգ: Եթե լիներ այդ համակարգը, հեշտ կլիներ որեւէ շեմ սահմանել ու որոշել ինչքանով մարդն ունի կարիքավորություն կամ ապահովություն:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ մյուս ծայրահեղությունն ընդգծեց. «Եթե մարդը միլիոնատեր է կամ 100 հազարների է տիրապետում, բայց հարկերը միշտ վճարել է, ի՞նչ է լինում սրանից հետո, մենք ասելու ենք՝ այսքանից հետո քո վճարած հարկերը հե՞չ: Ցանկացած օրենքի նախագիծ բերելուց պետք է արդյունքները գնահատվեն, արե՞լ եք դուք գնահատական՝ ինչքանո՞վ կնպաստեն այս փոփոխությունները ծնելիության խթանմանը, մարդիկ այլեւս ձեւական չե՞ն հիվանդանա եւ կոռուպցիոն խնդիրներն այս դաշտում կվերանա՞ն»:

Նախարարը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք վճարած հարկերի մասին, մենք դա դիտարկում ենք կոնկրետ: Ասում ենք՝ այսքան հարկ է վճարել, հետեւաբար այսքան նպաստ պիտի ստանա: Եկամտային հարկը պետբյուջեին վճարվող հարկ է, այն չի կարող գնալ միայն տվյալ անձի նպաստները վճարելու վրա: Զուտ չափել վճարած հարկերն ու նպաստը կոռեկտ չեմ համարում: Միանշանակ է, որ  նպաստն իր սոցիալական նշանակությունն ունի: Այն չի կարող անվերջ լինել, պիտի չափ ունենա: Մանավանդ զսպումների բացակայությունը հնարավորություն է ընձեռում պետբյուջեից ստանալ շատ մեծ չափի նպաստներ: Այս լուծումն օրինագծի որեւէ օրինական աշխատողի շահերին չի կպնում: Ինչ վերաբերում է օրենքի ազդեցության գնահատականին: Նախ, 13 հազար հղիի փոխարեն նպաստ ենք պատրաստվում վճարել 30 հազար կանանց: Երկրորդը՝ այդ նպաստի նշանակման ժամանակահատվածն ու պահն ընտրելն է: Մենք առաջարկում էինք, որ նպաստի համար դիմելը պայմանավորված լինի ծննդօգնության հավաստագիրը ստանալով, որը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի հղի կանայք ժամանակին դիմեն՝ ծննդօգնության հավաստագիրը ստանալու, նաեւ հաշվառման կանգնելու առողջապահական կազմակերպություններում, ինչը թույլ կտա հսկողության ներքո լինել: Միանշանակ, դրական է լինելու ազդեցությունը բոլոր առումներով»:

Թեւան Պողոսյանը մեկ այլ օրինակ էլ բերեց պրակտիկ կյանքից. «Կինն ընդունվել է աշխատանքի, 1-2 ամիս հետո հանդիպել է մի տղայի, ամուսնացել են, հղիացել է, 11 ամիս հետո ունեցել են երեխա: Հիմա ինքը ի՞նչ մեղք ունի, որ դուք դրա համար նրանից 1 ամսվա աշխատավարձ պահում եք: Ինքը միտումնավոր դա չի արել, արդեն հղիացած չի եկել աշխատանքի, որ կոռուպցիոն ռիսկ հաշվեք»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այս կարգավորումների ներքո այդ կանանց համար որեւէ ձեւաչափով իրենց շահերին չեն կպնում. «Նախատեսելով ոչ  միայն առավելագույն, այլեւ նվազագույն շեմի գաղափար՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, մենք լուծում ենք այդ խնդիրը: Այդպես հաշվարկելով նպաստ՝ մենք լրացնում ենք ամիսները եւ դրանից ենք հաշվարկում նպաստը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930