Հայտնի երգիչ, երգահան, Դիլիջանի պատվավոր քաղաքացի Արզաս Ոսկանյանի որդուն՝ Գրիգոր Ոսկանյանին առնչվող դատն ավելի քան մեկուկես տարի շարունակվում է: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Երեւանի բնակիչ Արծրուն Պողոսյանը 2013թ. փետրվարի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան շարժական գույքը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացրել Դիլիջանում գրանցված «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի դեմ, որի նախագահը Գրիգոր Ոսկանյանն է: Գործով որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ է ներգրավվել «Անելիք բանկ» ՓԲԸ-ն:
Դատարանը բավարարել է Ա. Պողոսյանի միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրել Ա. Պողոսյանի եւ «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի միջեւ 2012թ. սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրի հավելվածով ՍՊԸ-ին հանձնված գույքի վրա: Ըստ պայմանագրի՝ Ա. Պողոսյանը «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ի ժամանակավոր անհատույց օգտագործմանն է հանձնել ռեստորանի շարժական գույք՝ տարբեր քանակի ափսեներ, բաժակներ, դանակներ, պատառաքաղներ, գդալներ, թավաներ, սկուտեղներ, սեղաններ, աթոռներ, ամանների լվացարան, գազօջախ, նկարներ, բիլիարդի սեղան եւ այլն, ընդհանուր առմամբ՝ 80 անուն ապրանք:
Մինչ այդ, 2012թ. օգոստոսի 12-ին «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ն վարկային պայմանագիր է կնքել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի հետ, որով ՍՊԸ-ին տրամադրվել է 1 միլիոն 292 հազար 682 ԱՄՆ դոլարի վարկ՝ 120 ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոսադրույքով, որի դիմաց գրավադրվել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող գույքը, որը գնահատվել է 542 միլիոն 500 հազար դրամ: Գնահատված գույքի բնութագրում այն նկարագրվում է որպես ռեստորան, հարսանյաց սրահ: 2012թ. դեկտեմբերի 10-ին վարկը դարձել է ժամկետանց, ՍՊԸ-ի պարտքը բանկին կազմել է 1 միլիոն 289 հազար 927 դոլար:
Գ. Ոսկանյանը բանկին գրավոր հայտնել է, որ դժվարանում է կատարել վարկային պարտավորությունը, խնդրել է դրա դիմաց սեփականություն ընդունել Փարաքարում գտնվող անշարժ գույքը եւ այնտեղ գտնվող շարժական գույքը: «Գույքը պարտքի դիմաց» պայմանագրով 2012թ. դեկտեմբերի 25-ին Գրիգոր Ոսկանյանը վարկային պարտավորության մի մասի՝ 377 միլիոն 289 հազար դրամի դիմաց բանկի սեփականությանն է հանձնել Փարաքարում գտնվող բնակելի տուն-ռեստորանը:
Կարդացեք նաև
2013թ. մայիսի 15-ին Դիլիջանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը վճռել է շարժական գույքը ետ վերադարձնելու պահանջով Ա. Պողոսյանի հայցը մերժել: Այդ վճռի դեմ Ա. Պողոսյանը եւ «ԳԻՏԻ ՏՕՍՏՕ»-ն վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2013թ. հոկտեմբերի 17-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել:
Ա. Պողոսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2014թ. մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել քաղաքացիական վերաքննիչ դատարանի նշված որոշումը եւ գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ներկայումս այդ գործը քննվում է Իջեւանում, դատավոր Արման Կուրեխյանի կողմից: Այսօր նշանակված է հերթական նիստը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ