Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «Տեսակետ» ակումբում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսեց այն մասին, թե ի՞նչ կտա «Թատրոնի մասին օրենքը» թատրոններին:
Ռուբեն Բաբայանը փաստեց, որ Թատրոնի մասին օրենքը երկար ժամանակ է «շրջում» ու դեռ վերջնական հանգրվանը չի երեւում: Արվեստագետի խոսքով, օրենքի նախագծի բոլոր տարբերակներն էլ իր տպավորությամբ, կրում են զուտ դեկլարատիվ բնույթ. «Դա ոչ թե օրենք է, որ նպաստի թատերական գործունեությանը, այլ ընդամենը բարի ցանկությունների փաստաթուղթ է: Ռուբեն Բաբայանը փաստում է՝ թատերական գործունեությունը կապ ունի տնտեսական գործընթացների հետ, ու պետք է հստակ օրենսդրական դաշտ՝ ամեն ինչ կարգավորելու համար:
«Նրբերշիկի արտադրությունն ու ներկայացման արտադրությունը տարբեր են, տարբե՛ր օրենսդրական դաշտ են պահանջում: Իսկ մենք բոլորին մտցնում ենք նույն կաթսայի մեջ, սահմանափակումներ ենք մտցնում»,-նեղսրտում է Տիկնիկային թատրոնի ղեկավարը: Նա անչափ կարեւորում է Մեկենասության՝ Հովանավորչության մասին օրենքը, որը չունենք, մինչդեռ այդ դեպքում հույսը չէինք դնի միայն պետության վրա:
«1998 թվականից ղեկավարում եմ թատրոնը եւ կարող եմ ասել՝ ինչպիսի փոփոխություններ կարելի է անել, որ ավելի արդյունավետ լիներ աշխատանքը»,-նշում է Ռուբեն Բաբայանը: Նաեւ հավելում, որ Թատրոնի մասին օրենքի բոլոր այն նախագծերը, որոնց վրա աշխատել է, միշտ ավելացրել է մեկենասության եւ հովանավորչության մասին կետերը, սակայն դրանք միշտ ֆինանսների նախարարությունը հանել է: «Հիմա որքան գիտեմ Հեղինե Բիշարյանն է նման նախագիծ ներկայացրել: Ես չգիտեմ՝ որտեղից ինչ է արտագրված կամ ինչ է հնարված, բայց գիտեմ, որ Թատրոնի մասին օրենքը չի կարող ունիվերսալ լինել, քանի որ ամեն երկիր իր առանձնահատկություններն ունի»,-համոզված է արվեստագետը:
Կարդացեք նաև
Նա կարծում է, որ հովանավորներին ու մեկենասներին դեպի մշակույթը ուղղորդելու համար, պետությունը ինչ-ինչ քայլեր պետք է անի: Նա վկայակոչում է Հոլանդիայի օրինակը. «Այնտեղ հովանավորներին ու մեկենասներին պետական պարգեւներ են շնորհվում, էլ չեմ ասում հարկային արտոնություններ տրամադրելու մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ