Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, ադրբեջանցիների կողմից հրադադարի վերջին խախտումը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի ուղղությամբ կրակահերթը ադրբեջանցիների տեսանկյունից բնական էր:
«Չմոռանանք, որ ավելի քան 20 տարի ադրբեջանցիները ապրում են իրենց տարածքների կորստի զգացողությամբ եւ ի պատասխան այդ կորուստների, իրենց ասում են` եկեք բանակցենք: Սեղանին դրված մադրիդյան սկզբունքները նույնպես տարածքների կորստի մասին են. եւ դա բավական չէ, դեռ ուղղաթիռներն էլ իրենց սահմանի վերեւում են, Բնական է` կրակեցին , դա էր ճիշտը: Այս պահին նրանց ինչ-որ բան պարտադրելու ձեւը չեմ տեսնում, եթե նրանք կրակելն էլ դադարեցնեն, ստացվում է` գործողությունների ընտրություն էլ փաստորեն չեն ունենա»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քաղաքագետը:
Նրա մեկնաբանմամբ, Ադրբեջանը շատ քիչ ազդեցություն ունի Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վրա. «Ղարաբաղն ինչպես կար, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ղեկավարության տակ, միջազգային հանրությունը ասում է` պետք է բանակցել, բանակի ուժին դիմել նրանք չեն կարող, լոբբինգով ինչ-որ բանի հասնել նույնպես չեն կարող, միակ ձեւը ազդելու սահմանային հարձակումներն են, ինչն էլ տեղի է ունենում ամբողջ ընթացքում, այլ հարց է, որ այդ հարձակումների թիվն է աճում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ