Պայքարը հանուն իշխանափոխության քաղաքական պայքար է, իսկ ցանկացած քաղաքական պայքար պիտի հիմնված լինի ինչպես հստակ գաղափարախոսության, այնպես էլ հստակ հաշվարկների վրա, այդ թվում՝ ռեսուրսների եւ հնարավորությունների հաշվարկների։ Եռյակի հիմնական ռեսուրսը համաժողովրդական աջակցությունն է, պարզ ասած՝ հանրահավաքային պայքարը։ Պատահական չէ, որ իշխանություններն ամենաշատը հենց հանրահավաքներից են վախենում եւ հանրահավաքներից հետո են ինչ-որ զիջումների գնում։
Իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե ինչպես են հազարավոր լուրջ մարդիկ՝ մտավորականներ, արվեստագետներ, ինժեներներ, բժիշկներ եւ այլն, գնում մասնակցելու մի հանրահավաքի, որի հարթակում կանգնած է նաեւ Կարապետիչը։ Չէ, բան չունենք ասելու, Տիգրան Կարապետիչը հաստատ հարյուրավոր համակիրներ ունի, ովքեր կգան Ազատության հրապարակ՝ հատուկ իրենց լիդերին լսելու, բայց վստահաբար՝ մի քանի անգամ ավելի շատ մարդ ձեռքը թափ կտա եւ մի կողմ կքաշվի։
Ու խնդիրն ամենեւին էլ անձնական համակրանքը կամ հակակրանքը չէ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ շարժման առջեւ դրված հսկայական խնդիրների եւ հարթակից խոսողների «տրամաչափերի» միջեւ ակնհայտ անհամատեղելիություն լինի։ Պատկերացնո՞ւմ եք՝ արտաքին մարտահրավերների դիմակայում, Ղարաբաղի հարց, արտագաղթի կասեցում, կոռուպցիայի դեմ պայքար, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, եւ … Տիգրան Կարապետիչը։ Բա ո՞ւ մնաց լրջությունը։
Կարդացեք նաև
Լավ, հասկացանք, որ անհրաժեշտ է ավելի լայն կոնսոլիդացիա, բայց պետք է հասարակության կոնսոլիդացիա, եւ ոչ թե հասարակության անունից խոսողների: Վաղն էլ կարող է Արթուր Բաղդասարյանը «համագործակցության ձեռք մեկնել» եռյակին, մյուս օրը՝ Արամ Կարապետյանը, էն մյուս օրը՝ Խաչիկ Ասրյանը, հետո՝ Լիսկան եւ այլն։ Եվ ի՞նչ, պիտի բոլորին ընդունե՞լ։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում