Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը`ոստիկանության բարեփոխումների մասին

Նոյեմբեր 18,2014 11:34

«Ոստիկանության գործունեությունը, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն ու դրա հասարակական ընկալումը, շատ բան է ասում պետության արդյունավետության մասին»,- այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա գնահատմամբ քաղաքացին հատկապես ոստիկանության գործունեությամբ է գնահատում պետությունը, ուստի ոչ արդյունավետ, և հարգանք չվայելող ոստիկանությունը, նվազեցնում է վստահությունը պետության, և նրա հիմնական ինստիտուտների նկատմամբ, ստեղծում է վախի և անպաշտպանվածության մթնոլորտ: «Փաստ է, որ մեր երկրում ոստիկանության նկատմամբ վստահությունը, մեղմ ասած, անբավարար է, իսկ դրա հիմնական պատճառներն են` կոռուպցիան, ոստիկանության կամայականությունները, որոշ դեպքերում անտեղի ուժի կիրառումը, բռնությունը, խտրական մոտեցումը քաղաքացիների նկատմամբ, ոչ պատշաճ վերաբերմունքը, ոչ արագ արձագանքելը: Ցավոք, ձևավորված կարծիք է նաև, որ ոստիկանությունը շատ դեպքերում աշխատում է ոչ թե ի շահ քաղաքացիների, և պետության, այլ ի շահ իշխանության և իշխանավորների»,- ասաց պատգամավորը`նկատելով, որ ոստիկանության նկատմամբ վստահության ձևավորումը, բոլորովին հեշտ գործ չէ, և կախված է ոչ միայն անվտանգության և իրավակարգի ապահովումից, այլև այն սոցիալ-քաղաքական և արժեհամակարգային իրականությունից, որում ձևավորվում է այդ վստահությունը:

Քոքոբելյանի կարծիքով խորհրդարանական վերահսկողությունը ոստիկանության նկատմամբ պետք է առավել ինտենսիվ լինի: Նա անհրաժեշտ է համարում նաեւ կատարել պրոֆեսիոնալ, գիտական մակարդակի համալիր հետազոտություններ` ուսումնասիրելու համար մեր երկրում ոստիկանության հանդեպ, հանրային վստահության պակասի առավել խորքային պատճառները:

Ոստիկանության բարեփոխումների ողջ գործընթացի հիմքում, Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ պետք է ընկած լինի խորհրդարանական վերահսկողության և հանրային վստահության բաղադրիչը`հետեւյալ առաջնահերթություններով`  հանրային վստահության բարձրացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ, օրենսդրական դաշտ և իրավակիրառություն, ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ, կադրեր, հասարակության հետ աշխատանք:

Իր մատնանշած առաջնահերթությունների մասով պատգամավորը նաեւ դրանց իրագործման տեսլականը ներկայացրեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930