Նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն: Մասնավորաբար, նախարար Սարգսյանը կարևորել է 2005 թվականին լուծարված՝ քաղաքաշինական փաստաթղթերի պետական փորձաքննությունների կենտրոնի վերստեղծման հարցը, հանձնարարելով այս առումով առաջիկայում խորհրդակցություն հրավիրել՝ կատարված աշխատանքներն ամբողջացնելու և խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար:
Նախարարն անդրադարձել է նաև «Հայսեյսմշին ԳՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության և <<Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի>> համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման և այս համատեքստում հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը:
Խորհրդակցության ընթացքում կարևորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձևավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը և Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով «Հայնախագիծ» ՓԲ ընկերության մասնագետներին:
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հերթական հանդիպում Կոնդի և 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ:
Անդրադարձ եղավ հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների, ինչպես և՝ այս բնագավառի Հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը:
Կարդացեք նաև
Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ