Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետն էլ խոստովանեց, որ Գյումրու որոշ փողոցներ կահավորվել են Պուտինի պատվին

Նոյեմբեր 17,2014 22:43

Ինչպես տեղեկացրել ենք,  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հատուկ հանձնախումբ էր ուղարկել Գյումրի՝ այս քաղաքի ավագանու ուղերձը տեղում քննարկելու: Իսկ Գյումրու ավագանին իր վերջին նիստում՝, այսինքն` 3 օր առաջ ուղերձ էր հղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ առաջարկելով մշակել ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ: Ավագանու ուղերձում հստակ գրված է նաև այն մասին, որ Գյումրու փողոցները և խաչմերուկները ներկայումս կահավորված են երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ նշանների և սարքավորումների ընդամենը 20 տոկոսի չափով:

«Տարբեր գնահատականներով, միայն Գյումրի քաղաքի ճանապարհային նշանների, սարքավորումների տեղադրման և կարգավորման համար անհրաժեշտ է մոտ 500 մլն. դրամ, իսկ տարեկան սպասարկման և շահագործման համար ՝ 50-60 մլն.դրամ, ինչը քաղաքի բյուջեի միջոցներով իրականացնելը իրատեսական չէ: Գյումրու ավագանին , նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները 2012-2013 թվականներին որոշումներ է ընդունել քաղաքի երթևեկության կարգավորման համար առկա գույքը և դրանց հետագա շահագործումն ու սպասարկումը ՀՀ ճանապարհային ոստիկանությանը հանձնելու մասին, սակայն մինչ օրս այդ հարցը չի լուծվել»,- նշված է ուղերձում:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղարկած հանձնախմբի անդամները (հանձնախումբը գլխավորում էր փոխոստիկանապետ  Սամվել Հովհաննիսյանը), Հոռոմի խաչմերուկում կատարված ողբերգությունը վերլուծելուց հետո, միանգամից խոսք բացեց Գյումրիում տեսանկարահանող սարքեր տեղադրելու մասին:
«Մենք պատրաստ ենք անգամ 2015 թվականի հունվարի մեկից Գյումրին ամբողջությամբ կահավորել տեսանկարահանող սարքերով, մենք պատրաստ ենք, ՀՀ ոստիկանությունը, ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է տեսանկարահանող սարքերով Գյումրին կահավորելու, ոչ մի խոչընդոտ չունենք, քաղաքապետի հետ քննարկման ժամանակ կհասկանանք, թե ոնց կարելի է հաղթահարել այդ պրոբլեմը»,- ասաց փոխոստիկանապետը:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն էլ ներկայացրեց Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը՝ սկսած 2007 թվականից: Նա ասաց՝ այս տարի Գյումրիում զոհերով և վիրավորներով գրանցվել է 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5, վիրավորել 99 մարդ: Ըստ ոստիկանության պաշտոնյայի, նախորդ տարվա նույն ժամակահատվածի հետ համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելացվել է 12-ով, զոհերի քանակը նվազել է 1-ով, իսկ վիրավորների թիվը նվազել է 15-ով:

Ոստիկանների՝ Գյումրիում տեսանկարահանող սարքեր տեղադրելու ոգևորվածությանը ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Գյումրին իր աղքատիկ բյուջեով ի վիճակի չէ փողոցների կահավորման համար գումար հատկացնել: Եթե անգամ կարողանան հատկացնել, ապա այն կկազմի ծախսերի ընդամենը  20 տոկոսը: Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտեց, որ ուրախ կլինի, եթե այդ ծառայությունը իրականացնի ճանապարհային ոստիկանությունը: Հյուրերը, սա լսելով, իրենց հերթին քաղաքապետին հասկացրեցին, որ ՃՈ-ն ևս չի կարող օգնել Գյումրիին այս հարցում: Փոխոստիկանապետը հստակ հայտարարեց, որ ոստիկանության գումարը միայն մայրաքաղաքի համար է, իսկ որ ամենատխուրն է վերջինս ակամա խոստովանեց, որ 14 փողոցներ կահավորել են Վլադիմիր Պուտինի պատվին:

«Մենք ուսումնասիրում ենք և չենք կարող գտնել 1988 թվականից էս կողմ Գյումրի քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման: Այն մինչև էսօր լուրջ խնդիր է, որ ես կառաջարկեի նաև ավագանու միջոցով էդ հարցը բարձրացնել: Սխեման ունենալով՝ պիտի հասկանալ ՝ որտեղի՞ց ճանապարհային երթևեկության նշանակետ տեղադրել, ի՞նչ գծանշում է պետք անել: Մենք անցած տարի ՌԴ նախագահի այցի հետ կապված փորձեցինք մի քանի փողոցներ կահավորել, 14 փողոց թվով կազմակերպեցին մեր հետ աշխատանքները , բայց հիմա կա նաև էդ խնդիրը…Պետք է էդ գործառույթը սկսել, որ հասկանաս , տեսնեք ֆինանսավորում որտեղի՞ց պետք է լինի, եթե բյուջեից է ֆինանսավորում, մենք էսօր Երևան քաղաքի լուսանշանը կազմակերպում ենք, բայց դա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին է, որը գոյանում է  ճանապարհային երթևեկության կազմակերպման , արագաչափերի, տեսանկարհանող սարքերից գանձվող գումարների շրջանակներում, ճանապարհային ոստիկանությունը և ոստիկանությունը այլ ծախսեր բյուջեից նման գործառույթ իրականացնելու չունի», -ասաց փոխոստիկանապետը:

Նշենք, որ հանրապետությունում միայն Գյումրին և Վանաձորն են, որոնց փողոցների կահավորումը չի իրականացնում ճանապարհային ոստիկանությունը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930