Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաղը ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը կմասնակցի Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:
Այսօր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև նոյեմբերի 12-ին հակամարտության գոտու արևելյան ուղղությամբ հակառակորդի կողմից խփված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը։
Նշենք, որ ինտենսիվ կրակոցների պատճառով ղարաբաղյան կողմը մի քանի օր շարունակ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին։ Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մանրամասնել էր, որ ուղղաթիռն ընկել է ղարաբաղա – ադրբեջանական շփման գծի միջդիրքային հատվածում։
Կարդացեք նաև
«150 մետր հեռու է հակառակորդի դիրքից և 350 մետր՝ մեր դիրքից, ինչը ընկնում է ուղիղ կրակային խոցման տակ։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ իրավիճակը առաջնագծում ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությանը, և ցանկացած շարժ այնտեղ խոցվում է հակառակորդի կողմից։ Այդ տարածքը մտնելը որոշակի վտանգավորություն է ներկայացնում, առանձնապես, որ հակառակորդը գիտի, որ մենք հենց կոնկրետ այդ քառակուսի մետրը մտնելու ենք, և այն իրենց անմիջական հսկողության տակ է։ Ելնելով դրանից՝ մենք որոշումները դեռևս քննարկում ենք, և դրանք հրապարակման ենթակա չեն», – ընդգծեց ՊԲ հրամանատարը։
Պաշտպանության բանակը, բնականաբար, չի հրապարակում նաև, թե ինչ պատասխան գործողություններ են սպասվում հակառակորդին. – «Որևէ սադրանք անպատասխան չի մնալու, թե ինչ գործողություններ, դա բանակի խնդիրն է, ինքը իր խնդիրը կկատարի»։
Նախնական տվյալներով Մի-24 ինքնաթիռը խոցվել է ռուսական արտադրության զենքով։
«Մեր դիտարկումը և Ադրբեջանի տված տվյալները խոսում են այն մասին, որ խոցվել է «Ստրելա» տեսակի զենիթահրթիռային կայանից։ Դա ռուսական ինքնակառավարվող հրթիռներ են», – ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ որևէ պայմանագիր չկա, որ Ռուսաստանը չպիտի զենք վաճառի որևէ երկրի. – «Սահմանափակում չկա, որ ինքը պետք է հաշվետու լինի Հայաստանի Հանրապետությանը՝ ում պիտի զենք վաճառի»։
«Իհարկե ցավալի է, մենք դաշնակից երկրներ ենք, մենք ռազմավարական դաշնակից ենք, և կարծում եմ, որ Ռուսաստանը իր տնտեսական շահերը հետապնդելու ժամանակ պետք է հաշվի առնի նաև մեր շահերը, ինչը չի իրականանում», – ասաց Մովսես Հակոբյանը։
Մանրամասները կարող եք կարդալ`« Ազատություն» ռ/կ-ի կայքում