Հայաստանի կառավարությունն այս փուլում հաշվարկում է, թե ինչ վնասներ է կրել տնտեսությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասում է, որ մինչև տարեվերջ այդ հաշվարկները կավարտվեն:Սակայն մինչ հաշվարկները, կառավարության անդամներն արդեն բացեիբաց խոսում են վնասների մասին, որոնք կրում է Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանում ընթացող զարգացումներով պայմանավորված՝ մասնավոր տրանսֆերտների, արտահանման ծավալների, ներդրումների նվազում և այլն, ինչը հասարակ ժողովուրդն արդեն զգում է իր մաշկի վրա:
Հայաստանի այս տարվա բյուջեով նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճն, արդեն իրատեսական չի համարվում, կառավարությունն այժմ խոսում է արդեն 3 տոկոս աճի մասին:Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չի հերքում, որ ՌԴ տնտեսությունում առկա ճգնաժամի պատճառով հնարավոր է հաջորդ տարի Հայաստանի տնտեսությանն էլ ճգնաժամ սպառնա:
«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի: Սանկցիաները, եթե երկար տևեն, իհարկե, պրոբլեմները կխորանան: Սանկցիաները, եթե երկարաժամկետ չլինեն, բնականաբար, շատ ռիսկերը կթուլանան»,- ասում է Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ անորոշություններ են առաջացել Հայաստանի տնտեսությունում:
Տնտեսական աճի նվազեցումը, տրանսֆերտների ծավալների կրճատումը, արտահանողների մոտ առաջացած խնդիրները, ֆինանսների նախարարի խոսքով, այն խնդիրներն են, որոնք առաջացել են Հայաստանում՝ ՌԴ պատժամիջոցներով պայմանավորված:
Կարդացեք նաև
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա 9 ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները նվազել են 6.2 տոկոսով:
Դա այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանի իշխանությունները դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումների կտրուկ աճ էին կանխատեսում:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ արտահանումների ծավալները նվազել են հիմնականում արտադրատեխնիկական ապրանքների գծով:
«Եթե երկրում գների բարձրացում կամ անկայունություն է լինում, ապա ներմուծողները ձեռնպահ են մնում ներմուծումներ կատարելուց՝ մինչև գների կայունացում, որովհետև իրենք էլ շուկայում կողմնորոշվելու խնդիր ունեն»,- ասում է Կարեն Ճշմարիտյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ առաջիկա մեկ ամսում իրավիճակն ավելի կվատթարանա, երբ կարժեզրկվի հայկական դրամը:
«Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, դա Հայաստանի համար արտարժույթ է: Առաջիկայում արտարժույթի ներհոսքի կտրուկ անկում է լինելու, դա հանգեցնելու է դրամի արժեզրկմանը՝ տնտեսության համար իր տխուր հետևանքներով հանդերձ»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Գևորգյանը:
Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, այն է, որ ՌԴ տնտեսությունում ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական շուկայում կնվազեն հայկական ապրանքների իրացման ծավալները, որովհետև այնտեղ գնողունակության անկում կա:
«Մեր տնտեսության հզորությունը չի բավարարում՝ իրականացնելու ռուսական շուկայի գրավում, ինչպես մեր կառավարության անդամների կողմից ասվում էր մի քանի ամիս առաջ: Բացի այդ, ներդրումների ծավալներն են արդեն կրճատվում: Արդեն գիտենք, որ մի քանի խոշոր ներդրումներ չեղյալ են հայտարարվել, առաջին հերթին «Նաիրիտ» գործարանի մասով ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության խոստացած ներդրումները»,- ասում է նա:
Հայկ Գևորգյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությանը լավ ապագա չի սպասվում անկախ նրանից, մենք կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը, թե ոչ:
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունն այսպես թե այնպես մեծ կախում ունի Ռուսաստանից՝ առաջին հերթին տրանսֆերտների մասով: ԵՏՄ-ին անդամակցելով, ըստ նրա, Հայաստանը նվազեցնում է այլ երկրների տնտեսություններին ինտեգրվելու իր հնարավորությունները, ինչը թույլ կտար չեզոքացնել ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով կրած վնասները:
Մանրամասները կարող եք կարդալ` medialab.am-ի կայքում
Բա որ էդքան մեծ կախում ունենք Ռուսաստանից եկող տրանսֆերտներից, ինչու եք օրը քսանհինգ ժամ, փրփրուրը բերաններիդ, փնովում Ռուսաստանը: Հիմա էլ շատ լավ հասկանալով, որ ԵՏՄ չմտնելու դեպքում հազար անգամ կպակասեն էդ տրանսֆերտները, էլի խաբում եք մարդկանց: Ինչու?? Որովհետեւ մի քանի օլիգարխների գրպանին խփում է ԵՏՄ-ի օրենքները, կարող է սուպերնախարարն էլ է դրանց ցուցակում???