«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց այսօր կեսօրից անժամկետ հացադուլ է սկսել:
Հացադուլը նա սկսել է ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների չբացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերը հետ չվերադարձնելու համար:
Հացադուլի վայրում Դավիթ Սանասարյանը պատմեց, որ իր անձնական որոշմամբ է դուրս եկել եւ այդ մասին նախապես ոչ ոքի չի պատմել: «Եթե միջազգային կառույցների կողմից ադեկվատություն տեսնեի, այդ քայլին չէի դիմի: Հացադուլը ծայրահեղ քայլ է, բայց մեր տղաներն այնտեղ ընկած են անօգնական ու անպաշտպան: Մինչ այս պահը ոչ մի համարժեք քայլ չեմ տեսնում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Այս ծայրահեղ քայլը հնչեղ է այնքանով, որ իրենց տաք սենյակներից կշարժվեն»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային կառույցների ու Մինսկի համանախագահների հայտարարությունը դեպքի կապակցությամբ, մեր զրուցակիցն ասաց, որ նման դատապարտող հայտարարությունները Ադրբեջանը վաղուց բանի տեղ չի դնում. «Ադրբեջանն անում է այն, ինչ իր ղեկավարության պոպուլիստական շահերից է բխում, որ ժողովրդին ցույց տան՝ տեսեք սա կարողացանք անել ու հերոսացնեն: Վստահ եմ, որ Ադրբեջանը գիտակցում է, որ պատերազմական գործողություններ սկսելը ծանր հետեւանք կունենա, այս քայլը անհրաժեշտ է, որ պոպուլիզմով կարողանան սնել իրենց քաղաքացիներին»:
Կարդացեք նաև
Նա ոչ համարժեք է համարում նաեւ Հայաստանի արձագանքը դեպքին ու պնդում է, որ քանի դեռ այս իշխանությունները լինեն, երբեք համարժեք իրավիճակում չենք լինի. «Պահանջում եմ, որ ստեղծեն պայմաններ ու միջավայր, որ Կարմիր խաչն ու այլ կառույցներ մերն պաշտպանության նախարարության հետ կարողանան դուրս բերել մեր տղաներին: Անորոշությունը կրելը բավականին ծանր է հատկապես տղաների հարազատների համար: Եվ դեպքը պարզապես դատապարտողները հասկանում են, որ այդ դատապարտումները ոչ մի տեղ չեն տանում: Նրանց այս պահվածքը տանում է դեպի պատերազմ»:
Դավիթ Սանասարյանին արդեն հանդիպել ու նրա պահանջն է լսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Կարել Հոստրան, խոստացել, որ նրա պահանջը կուղարկի կենտրոնական գրասենյակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ