Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանին ուրբաթ օրը ուղերձ էր հղել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ առաջարկելով մշակել ճանապարհատրանսպորտային պատահարների, մահվան և մարմնական վնասվածքների դեպքերի նվազեցման հայեցակարգ: Ավագանու ուղերձին առաջինը արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ավագանու մի քանի կետերից բաղկացած առաջարկները քննարկելու, ուսումնասիրելու նպատակով ՀՀ ոստիկանապետն այսօր հանձնախումբ ուղարկեց Գյումրի՝ ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ և ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Վերջիններս հանդիպեցին Գյումրու քաղաքապետի, քաղաքապետարանի պաշտոնյաների ու որոշ ավագանու անդամների հետ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրերին ընդունելիս, նշեց, որ Գյումրին նորից սարսափելի սթրես տարավ Հոռոմի ողբերգությունից և հիմա հանդիպման ամբողջ նպատակն է՝ այնպես անել, որ այդպիսի ողբերգությունները չկրկնվեն:
Կարդացեք նաև
«Մինչև հիմա, որ ժողովրդի դեմքին նայում ես, ժպիտ չկա, էսօր երիտասարդների օրն է, ուսանողների հետ հանդիպեցի, հետները խոսում ես, զգում ես, որ սթրեսի մեջ են…»,- ասաց Սամվել Բալասանյանը:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց այսպես ասած վերլուծական տեղեկանք՝ Հոռոմի խաչմերուկում կատարվածի վերաբերյալ: «Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունները պարբերաբար բնույթ են կրում, դրանք կատարվում են՝ բազմաթիվ տեսանկյուններից ելնելով: Կոնկրետ էս ողբերգական դեպքի հետ կապված ՝ մենք բավական մանրամասն ուսումնասիրություններ ենք կատարել, հարկ է նշել, որ ճանապարհատրանսպորտային պատահարներ ծանր ելքով տեղի են ունենում գրեթե բոլոր խաչմերուկներում՝ և’ քաղաքի փողոցների հատվող խաչմերուկներում, և’ քաղաքից դուրս: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր ելքով պատահարներ են տեղի ունենում նաև այն խաչմերուկներում, որտեղ կա պատշաճ լուսավորություն, և կարգավորված խաչմերուկներ են, նույնիսկ լուսացույցերով և անմիջական կապը տալ, որ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել ինչ- որ երթևեկության կազմակերպման ձևը, դա ճիշտ չէ և պրոֆեսիոնալ չէ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը նաև նշեց, թե դա մահաբեր խաչմերուկ չէ: «Մեր ուսումնասիրությունները՝ կապված տվյալ խաչմերուկի հետ, փաստում են, որ այն հայտարարությունները, որ մահաբեր խաչմերուկ է և անընդհատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, դա այդպես չէ: Նշված խաչմերուկը սովորական խաչմերուկ է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակությամբ այդտեղ եղած և գրեթե չի տարբերվում մյուս բոլոր խաչմերուկներից: Ամեն դեպքում երթևեկության կազմակերպման ձևը մանրամասն ուսումնասիրվել է և հնարավորինս ավելի միջոցներ կձեռնարկվեն ավելի արդյունավետ դարձնելու այդ կազմակերպման ձևը: Մեր ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այնտեղ առկա են բոլոր ճանապարհային նշանները, որոնք պետք է լինեին»:
Լրագրողներից մեկը, լսելով այս հայտարարությունը, հարցրեց՝ բա արագաչափ, տեսախցիկ դրվա՞ծ են, որին ՃՈ պետի տեղակալը պատասխանեց, թե տեսախցիկներ դրվում են միայն Երևան քաղաքի խաչմերուկներում, իսկ արագաչափեր, որոնք տեղադրվում եմ միջպետական ու հանրապետական ճանապարհներին, տվյալ հատվածում տեղադրված չեն: Նա նաև տեղեկացրեց, որ այդ հատվածում մինչև 100 կիլոմետր-ժամ արագություն զարգացնելը վարչական իրավախախտում չի համարվում:
Փոխոստիկանապետն էլ հավելեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արագաչափեր տեղադրելու հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, որոնք և պետք է լուծվեն:
Այնուհետ նա վիճակագրական տվյալներ ներկայացրեց Հոռոմի խաչմերուկում 3 տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունից: Ըստ նրա, 2013 թվականի ընթացքում նշված խաչմերուկում մեկ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ մարմնական վնասվածքով, իսկ այս տարի 3 հատ, որոնցից երկուսը բուն խաչմերուկից որոշակի հեռավորության վրա, իսկ վերջինը Հոռոմի ցավոտ պատահարն է:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը նաև ասաց, որ 2007 թվականի խաչմերուկի կահավորումից հետո վիճակը նորմալ է: Թեև, ըստ նրա, նախաքննության ավարտից հետո կհասկանան ծնող պատճառները, լրացուցիչ հետազոտություններ կանցկացնեն, միջնորդություններ կներկայացնեն և կփորձեն անել առավելագույնը. ասենք կարող են տեղափոխել այստեղ գտնվող շինությունները: «Մենք կհանդիպենք նաև այն համայնքների ավագանիների ու ղեկավարների հետ, որոնց համայնքի տարածքում է կատարվել ողբերգությունը՝ Հոռոմի կամ Արթիկի, կհասկանանք նաև իրենց խնդիրները: Ես հանձնարարել եմ տղաներին, որպեսզի մտնեն գյուղերը, ովքեր որ դուրս են գալիս էդ ճանապարհից, վարորդից էլ հասկանան, մոտավորապես մի 30-40 վարորդի հետ զրուցելուց, նշեն իրենց մոտ, թե ինչից են վախենում իրենք խաչմերուկ մոտենալուց: Ինձ թվում է 30- ն այն թիվն է, որից կարելի է եզրակացության գալ խնդիրը լուծելու համար»,- ասաց փոխոստիկանապետը: Նա կրկնեց, որ Հոռոմինը ավելի հանգիստ խաչմերուկ է, քան մայրաքաղաքի Թումանյան-Աբովյան խաչմերուկը կամ Բաղրամյան պողոտան, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելի շատ են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ