Դատական նիստի օրն ու ժամը որոշելու պահին, վերաքննիչ դատարանի դատական նիստերի դահլիճից բարձրաձայնեցին՝ մի քիչ շուտ նշանակեք նիստը, մարդիկ հացադուլի մեջ են:
Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանն պատասխանեց. «Արդարադատությունը հացադուլով չի որոշվում», եւ ակնարկեց, որ հացադուլին դիմած անձինք իրենք են որոշել իրենց քայլը:
56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող HSBC նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի մայրն ու հայրը արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ են հայտարարել եւ գտնվում են ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Այսօր Աշոտ Առուշանյանն էլ հայտարարեց անժամկետ հացադուլ, պահանջելով, որ իր հետ հանդիպի արդարադատության նախարարը:
Կարդացեք նաև
Ի դեպ, պաշտպանական ճառն առաջինը սկսեց բողոքաբեր կողմը՝ պաշտպանական կողմը:Լիպարիտ Սիմոնյանն այդպես էլ չկարողացավ մի նիստով ավարտել իր ճառը, եւ այն կշարունակվի նոյեմբերի 27-ին:
Նա ասաց, որ առաջին ատյանի դատարանը այդպես էլ չի կարողացել հիմնավորել, թե ինչպես է օժանդակել Աշոտ Առուշանյանը, ինչ գործողություններ է կատարել, որպեսզի «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից կատարվի նշյալ միլիոնների գողությունը:
Նա անդրադարձավ վկաների ցուցմունքներին, նշեց նաեւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ցուցմունքի մասին:Ըստ փաստաբանի, Տիգրանի ցուցմունքը եղել է ճշմարիտ, նա այլ գործով է նստել հանգուցյալ, այս գործով կասկածյալ Արտաշես Գալուստյանի հետ, եւ հետեւաբար, եղել է անշահախնդիր անձ: Տիգրանն ասել էր, եւ նույնը պնդեց նաեւ, երբ նրան հրավիրել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որ Արտաշեսն իրեն պատմել է երրորդ անձի դեմ ցուցմունք տալուն դրդելու, նրա նկատմամբ խոշտանգումների եւ սպառնալիքների մասին:
Հետագայում, Արտաշեսը ինքնասպան էր եղել, երբ նախաքննության մարմինը նրա կալանքը փոխել էր, եւ նա էլ ցուցմունք էր տվել Աշոտ Առուշանյանի դեմ:Միակ ցուցմունքը:
Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին, գողության համար:Էդգարը եղել է բռնցքամարտիկ, եւ մարզվելու ժամանակ է ծանոթացել Աշոտի հետ:
Ըստ գործի նյութերի, նա ամեն օր բանկ է գնացել, Աշոտի մոտ: Մինչդեռ, նման բան տեղի չի ունեցել, բանկի նաեւ տեսանկարահանող սարքերն էլ այդ մասին կարձանագրեին:
Լիպարիտ Սիմոնյանի դիտարկմամբ, առաջին ատյանի դատավճռի հիմքում դրվել է վարկածը:Նա բացատրական բառարաններից մեջբերումներ կատարեց, համաձայն որի, վարկած նշանակում է ենթադրություն:
Դատավոր Կարինե Ղազարյանը նկատեց, որ պաշտպանական ճառն ամբողջությամբ վերաքննիչ բողոքն է, եւ հորդորեց պաշտպանին՝ չկրկնվել:
Հաջորդ դատական նիստին քսան էջից բաղկացած պաշտպանական ճառով հանդես կգա նաեւ մյուս պաշտպանը՝ Ռաֆիկ Սաֆարյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ