Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ՝ ԱԺ-ում. ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ խոսափողները հանել

Նոյեմբեր 17,2014 17:59

Երբ կառավարությունը ներկայացրեց Սահմանամերձ համայնքների գործունեությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը, այն բուռն քննադատության արժանացավ ԱԺ-ում ընդդիմադիրների կողմից: Հատկապես օրինագծի մասին բացասական գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քանի որ Սահմանապահ համայնքների մասին իր նախագիծը կառավարությունը մերժել էր ու փոխարենը բերել էր օրինագիծ, որը չէր արծարծում բնակիչների բուն խնդիրները:

Այսօր կառավարությունը ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց Սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության մասին առանձին օրինագիծ, որի քննարկումն անցավ բարիդրացիական աշխատանքային մթնոլորտում: Վերջին ժամանակներս այդ մթնոլորտն այնքան անսովոր էր ԱԺ-ում, որ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ հատուկ ելույթ ունեցան՝ ընդդիմադիրների հետ իրենց ջերմ հարաբերությունների մասին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ կառավարությունը ցույց է տալիս, որ լսում է ցանկացած պատգամավորի առաջարկություն՝ իշխանություն, թե ընդդիմություն կլինի. «Մենք ԱԺ պատգամավորներ ենք, որը կառավարության հետ միասին հոգ է տանում, որպեսզի ժողովրդի մատից փուշ հանի: Սա իշխանություն-ընդդիմություն երկխոսության դասական օրինակ է»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան. «Վերջին ամիսներին կարողացանք հասնել նրան, որ մեր պատգամավորները կառավարության քննարկումներին մասնակցում են: Եղել են դեպքեր, երբ պատգամավորներին ասել ենք, որ քննարկմանը պիտի մասնակցեք, թեկուզ հենց սահմանամերձ գյուղերին սոցիալական աջակցության այս օրենքի շրջանակներում, շաբաթը 2-3 անգամ քննարկումներ են եղել, ինձ պարզապես ասել է՝ գրավոր դիմեք: Եթե դուք պայքարում եք ինչ-որ բանի հասնելու համար, եթե մտածում եք այստեղ էլ պիտի հեղինակություն ձեռք բերենք, որ հատուկ հրավերներով գաք, ուրեմն դուք չեք պայքարում: Պայքարողը եւ խոնարհվում է, եւ համարձակվում է, եւ պահանջում է, որովհետեւ հանուն նպատակի է պայքարում»:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներին վերաբերող կառավարության երկու օրինագծերին՝ հարկային արտոնություն տալու եւ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ մեկը հարկի մասին է, մյուսը՝ փոխզիջում, հետեւաբար պատգամավորների առաջարկները, որ դա պետք էր ամբողջական փաթեթով ներկայացնել՝ ճիշտ չէ. «Սա թող միջադեպ լինի, որպեսզի կարողանանք ավելի բարեկիրթ մոտեցում լինի: Ուրախանում եմ այնքանով, որ խորհրդարանի այս դահլիճից հետո մեկը մյուսի մտքերն է վերլուծում, մեկը մյուսի թասիբն է պահում՝ ժողովրդի լեզվով ասած: Երեւի խոսափողները խանգարում են մեզ: Եթե կորոշեք, կուզեք առանց միկրոֆոնների աշխատենք՝ այդպես կանենք»:

Գալուստ Սահակյանն առաջարկեց այս օրինագծին գոնե 131 պատգամավորները միաձայն կողմ քվեարկեն. «Սա կլինի այն համաձայնությունը, որն ընդդիմությունն անընդհատ պահանջում է մեզանից»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքերով էլ՝ «Որ նայում եմ, տեսնում եմ, որ մեր ասածներին ընդդիմադիրները սկսում են կամաց-կամաց հավատալ: Շատ ողջունելի է, որ կառավարությունը մեր ընդդիմադիր գործիչների առաջարկություններն է գրել, բայց մեկումեջ մերն էլ գրեք, ոնց որ ձեր վախն էլ են բռնել»,- բողոքեց ՀՀԿ պատգամավորը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930