Վավերագրական կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի առողջությունը վերջերս վատացել էր եւ նա հիվանդանոց էր տեղափոխվել: Aravot.am-ի տեղեկություններով վարպետն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ Մոսկվայի իր տանն է, ինչը հաստատեց նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Պարոն Գեւորգյանը Aravot.am-ին փոխանցեց, որ մաեստրոյի ինքնազգացողությունը լավ է, եւ նույնիսկ հեռախոսով խոսել են Փելեշյանի ֆիլմերը Սկորսեզե հիմնադրամի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի պայմանավորվածության արդյունքում վերականգնելու մասին, ինչպես դա արվել է Փարաջանովի «Նռան գույնի» դեպքում:
Ըստ որոշ լուրերի, Արտավազդ Փելեշյանը նեղսրտել էր ՀՀ մշակույթի նախարարից, քանի որ Հասմիկ Պողոսյանը խոստացել էր, որ 2015-ի գրահրատակչական ցանկում կլինի նաեւ Փելեշյանի մասին գիրքը՝ նրա մասին հոդվածներով ու բացառիկ լուսանկարներով, սակայն հարցը մնացել էր առկախ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, սկզբում գրքի տպագրության համար առաջարկվել է 7 մլն դրամ, սակայն պարզվել է, որ դա բավարար չէ, ու քանի որ 2015-ը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարի է, իսկ փողը ամենակարեւոր պահերին միշտ քչություն է անում, Փելեշյանի գրքի տպագրության հարցը «քնել» է նախարարության գզրոցներում:
Մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին ընդամենը հայտնեցին. «Հայտեր ընդունող կազմակերպությունից՝ «Գիրք» ՊՈԱԿ-ից պարզել ենք՝ նման հայտ չի էլ եղել»: Նկատի ունեին՝ Գրքի և հրատարակչական գործի կենտրոնը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ