Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի 18-րդ տարեկան գիտաժողովին այս տարի կհնչի 195 զեկույց

Նոյեմբեր 17,2014 17:31

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր մեկնարկեց համալսարանի 18-րդ տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովի ընթացքում այս տարի ներկայացվելու են  369 հեղինակների 195 զեկուցումներ: Բացի Ճարտարագիտական համալսարանի ներկայացուցիչներից, գիտաժողովին զեկույցներով նաեւ հանդես են գալու 66 այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկուցումներով հանդես են գալու 38 գիտությունների դոկտորներ, 132 գիտության թեկնածուներ, 68 ուսանողներ: Զեկույցները լինելու են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների, մեխանիկայի, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մետալուրգիայի եւ այլ ոլորտներից:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովը մեծ իրադարձություն է համալսարանի համար. «Ես կարծում եմ, որ սա նշանակալի իրադարձություն է պոլիտեխնիկի կյանքում, որովհետեւ տասնամյակներ շարունակ պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորները, դոցենտները, ինժեներները միշտ կարողացել են այնպիսի գործունեություն ծավալել գիտության ասպարեզում, որ նրանց աշխատանքները նշանակալի ներդրում են ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»:

Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ գիտաժողովին իր ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման հիմքը գիտությունն է. «Պետք է ունենալ տնտեսություն, որը արագ գիտական ձեռքբերումների հիմք ունի, ավելի ճկուն է եւ ավելի արագ կարող է փոփոխվել: Այսպիսին է այսօրվա հրամայականը»: Պրն Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը այն աստիճանի զարգացած չէ, որ ինովացիաների կարիք ունենա. «Մեր շուկան այնպիսին չէ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը միջոցներ ծախսի, եւ տեխնիկական միջոցը հասցնի շուկա: Դա ռիսկային է եւ մեր շուկան շատ փոքր է դրա համար:Այդ պատճառով պետք է նաեւ դեպի արտաքին շուկան էլ ուղղված լինենք»:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ իր խոսքում կարեւոր համարեց այն, որ գիտաժողովին մասնակիցների թիվը բավականին շատ է այս տարի եւ առանձնացրեց այն, որ զեկուցողների շարքում նաեւ շատ է ուսանողների թիվը. «Այս հիմնարկում ապագա սերունդների դաստիարակման համար լուրջ նախադրյալներ կան»:

Նշենք, որ գիտաժողովը նպատակ ունի հարթակ դառնալ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, մագիստրանտների, ինչպես նաև ուսանողների համար գիտական զեկուցման ձևով ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930