Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամյանն առաջարկում է դպրոց քիչ կառուցել՝ բանակային ռեժիմով ապրող գյուղերի հարցը լուծել

Նոյեմբեր 17,2014 16:46

«Այս օրինագծից տպավորություն չառաջանա, թե բոլոր խնդիրները լուծվել են: Բոլոր խնդիրները սոցիալական առումով էլ չեն լուծվել»,- այսօր ԱԺ-ում սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տալու մասին կառավարության ներկայացրած օրինագծի մասին այսպիսի դիտարկում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա, մի կարեւոր խնդիր կա, որին ականատես են եղել սահմանի վրա վերջին լարվածությունների ժամանակ: Պատգամավորն ընդգծեց, որ գյուղեր կան, որ ոչ թե սահմանամերձ են, այլ՝ սահմանապահ, հենց սահմանի վրա. «Բավականին լուրջ պրոբլեմներ կան այդ գյուղերում՝ անվտանգության խնդիրների հետ կապված: Այս օրենքի նախագծով այդ խնդիրը չի լուծվում: Օրինագծի 4-5 կետերում վիրավորվածների մասին են խոսում, զոհվածների մասին, այսինքն՝ գնդակոծության հետեւանքների մասին, մինչդեռ այդ մարդկանց անվտանգության խնդիրները պետք է հիմա լուծել:

Մենք Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ենք եղել, որտեղ չկա մի տուն, որը վնասված չի: Այդ խնդիրը կա, պիտի օգնե՞նք մարդուն, որ իր տունը նորից վերանորոգի՝ պիտի օգնենք: Չի կարող դա այդպես մնալ: Կամ Այգեպարում հիմա խնդիր է դրված, որ պետք է պարիսպ քաշվի, որ երեխաները կարողանան դպրոց գնալ, որովհետեւ մարդիկ չեն կարողանում դուրս գալ բակ, անընդհատ կրակոցների տակ են: Որեւէ երաշխիք չկա, որ դուրս գան փողոց, անվտանգ կվերադառնան: Այդ համայնքների միջեւ տարբերություն կա՞, թե՞ չէ:

Սա չի նշանակում խտրականություն, բայց մենք հատուկ միջոցներ ենք կիրառում այդ գյուղերի համար: Մենք պարտավոր ենք մի առանձին ձեւով լուծել, կառավարությանն առաջարկում եմ դա, որ չհամարենք, թե այս ձեւով այդ խնդիրները լուծվեց: Բնականաբար, պետք է սահմանապահ գյուղ հասկացությունը սահմանել, որը շատ հեշտ է՝ թշնամու կողմից մշտապես ուղղակի թիրախի տակ գտնվող կամ թիրախի տակ վերցված գյուղերը: ՀՀ-ում առնվազն 10-15 նման գյուղի մասին է խոսք գնում, որ պետք է կարգավիճակ ձեռք բերեն: Նրանք անմիջական գնդակոծության տակ են, այդ պայմաններում են մարդիկ: Այդ գյուղերն ապրում են, ըստ էության, բանակային ռեժիմով: Շատ քիչ է տարբերվում սահմանի վրա կանգնած զինվորի վիճակը սահմանապահ գյուղերի գյուղացու կարգավիճակից: Այգեպարում իսկապես այդ վիճակում են մարդիկ: Այնտեղ պետք է ռազմական բազային բնորոշ պայմաններ ապահովեն: Այնտեղ պետք է անվտանգության խնդիրները հստակ երաշխավորվեն, ինքնապաշտպանական միջոցներ եւ ռեժիմ պետք է ապահովի, որովհետեւ այդ մարդիկ առաջին հարվածի տակ են: Պետք է հստակ իմանանք, թե որ մարդիկ են, որ այդ ռեժիմի տակ ապրող են»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե այս օրինագծով էլ դա չանեն, գոնե կառավարությունը դա մտցնի ՊՆ-ի ծախսերի մեջ. «Ներողություն եմ խնդրում, ովքեր կարեւորում են դա, բայց այսօր կարելի է դպրոց քիչ կառուցել, մշակույթի տուն քիչ կառուցել, բայց գյուղի ռազմական պաշտպանության եւ ինքնապաշտպանության խնդիրները առաջնահերթ լուծել: Այդ ծախսերը մենք պարտավոր ենք անել: Մարդն իր բալկոնը չի կարողանում դուրս գա»:

Օրինագծում սոցիալական արտոնությունների համար սահմանված է 3 տարի ժամկետ: Արմեն Ռուստամյանն ասաց. «Որքան հասկանում եմ, ուզում եք 3 տարում Ղարաբաղի հարցը լուծվի: Ի՞նչ կարիք կա ինչ-որ տարի նշել ընդհանրապես: Հանեք այդ ժամկետը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930