Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում (Մտորումներ)

Նոյեմբեր 17,2014 16:32

Սառը քամին խփեց տղայի դեմքին՝ թրատելով երեսը, երբ շենքի մուտքից դուրս եկավ բակ: Հունվարյան չոր ու սառը ցուրտը նրան հիշեցրեց, որ դեռ կենդանի է և մտածելու ունակ: Հեռվում, ձորի այն կողմում երևում էին բարձրավոլտ հոսանքի մետաղյա սյուները, որոնք հսկա արագիլների նման՝ կարծես պատրաստվում էին երկինք թռչելու: Բայց բետոնե պատվանդանը կպած էր նրանց ոտքերին և կաշկանդում էր նրանց կարծեցյալ թռիչքը: Մշուշը դանդաղորեն ցրվում էր՝ սահելով ձորի վրայով՝ տեղը զիջելով հոսող առվակից բարձրացող հազիվ նշմարելի գոլորշուն, իսկ արևի ճառագայթները վեր էին խոյացել բլրակի գագաթից և փորձում էին ճեղքել խիտ մառախուղը:

Ջրի խոշոր կաթիլները մետաղյա հենասյուներից դանդաղորեն ցած էին հոսում, իսկ նրանց վրա կախ ընկած թևիկ լարերը ազատվելով գիշերային եղյամից վեր էին ձգվում, կարծես թե արագիլները պատրաստվում էի վերև թռչելու, բայց սպասում էին ինչ որ բանի: Տղան կանգառում զմայլված դիտում էր այդ տեսարանը ու սպասում ավտոբուսի: Նա այսօր ուշ էր վեր կացել: Նախաճաշելուց հետո փորձել էր կարդալ “Կիբեռնետիկայի Հիմունքները”, բայց ոչինչ չէր ստացվել: Իսկ հիմա համալսարան պիտի գնար, և քանի որ միտքն ազատ էր՝ կարող էր նաև այլ բաների մասին մտածել: Սիրտը մի տեսակ ճմլվում էր, չէր կարողանում կենտրոնանալ: Զղջաց, որ մայրիկին բարկացրել էր, բայց թե իրենից անկախ ստացվեց, երեկոյան, որբ տուն վերադառնա, ներողություն կխնդրի:

“Իսկ հունվարը շուտով իր տեղը կզիջի փետրվարին,-մտքում ասաց նա,-ոնց որ ավտոբուս է երևում, գրողը տանի, ինչպիսի մառախուղ է”: Ականջներն արդեն սառչում են, այս զզվելի քամին էլ կարծես դիտմամբ խաղում է նրա նյարդերի հետ: Ավտոբուսը կանգ առավ, բայց նրա ուզած երթուղայինը չէր: Ոտքերը սկսում են սառչել, իսկ ի՞նչ կլինի, որ տեղում պարի, հը՞: Սա դանդաղ վալս է կոչվում, իսկ սա՝ արագ, ցուրտ է, օհօ՜, նորից կարծես ավտոբուս է մոտենում կանգառին: Գուցե տեղում վազի՞, լավ, իր ուզած ավտոբուսը կանգ առավ, ահա և դռները բացվեցին: Նա արագորեն ներս խցկվեց, սրահում տեղ չկար նստելու, ոչինչ, կանգնած կգնա, միայն թե հարմար տեղ գտնի կանգնելու համար: Օհո՜, իսկ սա երեկվա այն սիրունիկ աղջիկն է: Անցյալ անգամ նա ոչինչ չասաց նրան, անհարմար տեղ է կանգնած: Իսկ այսօր ավտոբուսից իջնելուց առաջ վարորդին կասի՝, խնդրեմ, դրամը վերցրեք՝ մեկ հոգու համար, օ, ոչ, գուցե կասի՝ երկուսի համար, մյուսը շուտ կիջնի, իսկ աղջկան էլ կասի՝ Ձեզ համար վերցված է, կիջնեք: Բայց աղջիկը զարմացած կնայի նրան և խենթի տեղ կդնի, չգիտես դիտմամբ, թե պատահաբար՝ իրեն կպարզի 100 դրամանոցը և կխնդրի փոխանցել վարորդին: Հրաշալի է, էլ ի՞նչ կուզես:

Աղջիկը բռնեց նստարանի բռնակի ազատ տեղից, որտեղից տղան արդեն բռնել էր: Ափսո՜ս, որ ձեռքերին ձեռնոցներ են, դե, ձմեռ է, չէ՛: Աղջկա դեռատի դեմքը այնպես ճերմակ ու նուրբ է, նույնիսկ աչքի պոչով իրեն է նայում:

Բավական ճանապարհ անցան, երկու ուղևոր իջան այս կանգառում, որոնք նստած էին նույն նստարանին: Մի անգամից երկու տեղ ազատվեց, աղջիկը նստեց, իսկ տղան էլ իրեն չկորցնելով նետվեց հաջորդ տեղի վրա, երջանիկ պատահականություն: Ի՜նչ հաճելի է, իսկ սա ի՞նչ է, դպրոցական պայուսա՞կ, գուցե ավարտական դասարանու՞մ է, իսկ գուցե քոլեջու՞մ է դեռ սովորում: Գուցե հարցնի՞, չէ՛, դեռ շուտ է, թող մի քիչ էլ ծանոթանան, վաղը նորից կհանդիպեն և արդեն հին ծանոթների նման կժպտան և իրար կբարևեն…

Հիմա այնպես՜ս է ուզում սեղմվել նրան, գուցե ցուրտն է պատճառը կամ մի այլ զգացմունք է հասունանում, աղջկա վերին շրթունքը այնպես գեղեցիկ է, թշիկները ավյունով լի ու նուրբ են, տեսնես քանի՞ տարեկան է: Աղջիկը դուրս է նայում պատուհանից՝ զմայլված ձյունապատ փողոցներով, շենքերի տանիքներով, իսկ տղան՝ տարված է զմայլված աղջկանով:

Այդ պահին աղջիկը հանկարծ լիաթոք ծիծաղում է, ինչ որ մեկի բարձրաձայն արտահայտած զավեշտական պատմությունից հիացած, տղան էլ, բնականաբար, ծիծաղում՝ չիմանալով աղջկա ծիծաղի իսկական պատճառը: Հանկարծ աղջիկը լրջանում է, իսկ տղան մտքում որոշում է իր ասելիքը: Հիմա նա կհարցնի աղջկան, թե որտե՞ղ է նա սովորում: Իսկ աղջիկը չի պատասխանի, իրեն չլսելու ձևացնելով տղայի հարցը կամ էլ արհամարհական կնետի. «ախր, քո ինչ գործն է§: Բայց տղան այս անգամ կհարցնի. «ինչու՞ եք այսքան հեռու տարածության վրա դպրոց գնում: Բայց դա տղային հասարակ բան երևաց, գուցե նոր բնակարան են ստացել այս թաղամասում և հիմա նա իր հին դպրոցից չի ցանկանում բաժանվել, ընտելացել է նրան: Իսկ գուցե մի գիրք խնդրի, հենց այնպես, իբր կարդալու համար: Բայց հո չի կարդալու, հենց այնպես, խոսեցնելու համար: Օ՜օ՜ֆ, դե լավ թող մնա վաղը, վաղը անպայման մի բան կհորինի շփվելու համար: Բայց ախր, նա հրեշտակ ոնց որ լինի, ինչպես ձեռքից բաց թողնի հարմար առիթը, իսկ եթե վաղը մեկ ուրիշը արդեն նրան խոսեցնի, սիրտը գրավի: Բայց, ախր փոքր է երևում, երևի իններորդ կամ տասներորդում է սովորում, հաստատ վաղը կխոսեցնի,եթե հանդիպեն նորից ավտոբուսում:

-Ներողություն, հաջորդ կանգառում չե՞ք իջնում,-հանկարծ լսվեց աղջկա մեղմ ձայնը:

-Ո՛չ, անակնկալի գալով արտաբերեց տղան և շտապ տեղից վեր թռավ ու անտրամադիր ճանապարհ տվեց աղջկան:

Աղջիկը շտապով խցկվեց սրահում իրար կպած ուղևորների արանքը և առաջ շարժվեց դեպի ավտոբուսի առաջին դռան ելքը, ապա ինչ որ պահի շուռ եկավ, նայեց տղայի կողմը, որը անմիջապես որսաց այդ անթափանցիկ հայացքը: Աղջիկը վճարեց ուղևորավարձը, սպասեց մինչև ավտոբուսը կանգ կառներ, իսկ տղան այդ միջոցին արագորեն մաքրում էր ավտոբուսի սառցակալած ապակին, որպեսզի ավտոբուսից մեկ անգամ ևս տեսնի աղջկան ու գուցե ժպտա կամ ձեռքով անի նրան:

Վարորդը դանդաղորեն սեղմեց արգելակին, ավտոբուսը սահելով կանգ առավ, բացվեցին դռները: Աղջիկը ցած իջավ, շտապ անցավ այն պատուհանի մոտով, որտեղից տղան սևեռուն հայացքով հետևում էր նրա հայտնվելուն: Աղջիկը անցավ պատուհանի մոտով, նույնիսկ չնայեց տղայի կողմը:

Բայց տղան հուսահատվողներից չէր: Նա հույսով էր, որ վաղը անպայման նորից կհանդիպեն ավտոբուսում և ինքը անպայման կբարևի և կհարցնի.

-Իսկ ի՞նչ է Ձեր անունը…

Բայց աղջիկը ի՞նչ կպատասխանի, հայտնի չէ: Երկու կանգառ հետո տղան նույնպես լքեց ավտոբուսը: Հունվարյան սառը քամին նորից դաղեց նրա մտազբաղ դեմքը, բայց նա արագորեն քայլեց մայթն ի վար՝ չզգալով օդի սառնությունը, քանի որ աշխարհն այնքան լավն էր դարձել, հոգ չէ, որ դրսում 16 աստիճանի ցուրտն էր իրադրության տերն ու տիրակալը:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930