Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Սահմանադրական դատարանը գործում է քաղաքացիական իրողության պայմաններում»

Նոյեմբեր 17,2014 16:20

«Նոյեմբերի 14-ին տասնհինգ րոպե ընթացող նիստի արդյունքում մենք ստացանք մի որոշում, ըստ որի այդ պայմանագիրը, որով Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, չի հակասում Սահմանադրությանը»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ պետք է կարդալ Սահմանադրության 1-ին հոդվածը, ըստ որի Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ 114-րդ հոդվածով փոփոխման ենթակա չէ. «Հայաստանը ինքնիշխան պետություն է, իսկ Եվրասիական տնտեսական միությունում կա Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որի որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության համար եւ ոչ միայն: Այդ հանձնաժողովը նույն ինքը Ռուսաստանն է: Այստեղ չտեսնել, որ սահմանափակվում է, Հայաստանի ինքնիշխանությունը շատ դժվար է: Սակայն մյուս կողմից ի՞նչ կարելի էր սպասել Սահմանադրական դատարանից: Մենք ոչ թե Սահմանադրական դատարանի կամ դատական իշխանության խնդիրն ունենք, այլ ընդհանրապես ունենք իշխանության խնդիր: Այսինքն` եթե գործադիր իշխանությունը, եթե օրենսդիր իշխանությունը, եթե ամբողջ քաղաքական դաշտը չի դիմադրել իրերի այսպիսի վիճակին, ապա սպասել, որ Սահմանադրական դատարանը` Հունան Ավետիսյանի նման կրծքով կփակեր այդ եվրասիական գնդացիրը, կարծում եմ` միամտություն կլիներ»:

Պարոն Մեհրաբյանը նկատեց, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել որոշումները, որոնք հակասում են քաղաքացիների շահերին. «Սա այդ ամենի տրամաբանական շարունակությունն էր, համենայն դեպս անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, ոչ մի զարմանալի բան տեղի չունեցավ: Մենք գործ ունենք փաստի հետ, որ Սահմանադրական դատարանը գործում է քաղաքացիական իրողության պայմաններում, այլ ոչ թե ակվարիումի մեջ` ամեն ինչից կտրված եւ պետք է ընդուներ իրավական որոշում` նայելով հարցի միայն իրավաբանական կողմը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930