ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Բլեսկե ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տեղամասի պետ Բ.Բուդաղյանը, 2014 թվականի մայիսի սկզբներից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ «Գոգավանիե մաքսակետի արդիականացման աշխատանքների կատարման ընթացքում խախտելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առանց լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով տրված ընդերքօգտագործման թույլտվության և ընդերքօգտագործման պայմանագրի, Լոռու մարզի Միխայլովկա գյուղի արևմտյան կողմի հարակից դաշտավայրից արտահանել է 7180մ3 ծավալով ընդերքի զանգված եւ տեղափոխել «Գոգավանիե մաքսակետի տարածք։
Արդյունքում՝ Միխայլովկա գյուղի վարչական տարածքի ընդերքին և շրջակա միջավայրին պատճառվել է էական վնաս:
Բ.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով։ Պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում նրա կողմից ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, 2014 թվականի նոյեմբերի 17-ին ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին