ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած օրինագիծը՝ սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին: Այդ օրինագծով առաջարկվում է փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձավճարները, հողի հարկն ու գույքահարկը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դիտարկմամբ՝ սահմանամերձ համայնքներում բազում խնդիրներ կան, որոնց հետ կապված նախագծում լուծում չկա եւ դրանք ուշադրությունից դուրս են մնացել: Նա նշեց նախ ճանապարհների խնդիրը, թե ինչ ճանապարհներ ունեն սահմանապահ համայնքները. «Ես համալիր մոտեցում եմ առաջարկում: Ապաստարանների մասին երբեւէ չենք խոսում: Երբ մենք ռմբակոծվող գյուղերում էինք, գյուղացիների հետ խոսում էինք, ասում էինք՝ որտե՞ղ եք դուք թաքնվում, ասում են՝ մեր տան առաջին հարկում: Ապաստարան չունեն: Խոսում ենք բնակիչներին արտոնություններ տալու մասին, բայց որեւէ խոսք չկա մանկապարտեզների, գրադարանների, դպրոցների մասին: Մենք դպրոցներին տալիս ենք աշակերտների թվով ֆինանսավորում, բայց չենք մտածում, որ սահմանամերձ տարածքներում կան դպրոցներ, սովետից ժառանգված հսկայական շենք-շինություններ, որոնք ունենում են խնդիրներ՝ աշակերտների թվով ֆինանսավորման դեպքում: Ես առաջարկում եմ, որ սահմանամերձ գյուղերի դպրոցներն արտոնյալ պայմաններով ֆինանսավորվեն: Եթե աշակերտների թվով սկզբունքը գործի նաեւ այնտեղ՝ խնդիր կունենանք»:
Հեղինե Բիշարյանն առաջարկեց սահմանապահ համայնքներում ոչ միայն մինչեւ 4-րդ դասարանի աշակերտների դասագրքերն անվճար տրամադրել, այլ առհասարակ անվճար դարձնել բոլոր աշակերտների համար:
Հեղինե Բիշարյանն առաջարկեց նաեւ բուժամբուլատորիաներ բացել սահմանամերձ համայնքներում, որովհետեւ կտրված են քաղաքից: Նա ցանկություն հայտնեց նաեւ գյուղատնտեսական երկարաժամկետ վարկեր տալ բնակիչներին՝ ցածր տոկոսադրույքով, նաեւ գյուղատնտեսական սարքավորումներ տալ. «31 համայնք է՝ 31 տրակտոր պետք է տանք, որոնք ոչ պետք է ԱՊՊԱ-ի համար գումարներ վճարեն, որն այստեղ պարտադիր է, ընդհանրապես պետք է անվճար սպասարկեն այդ համայնքների գյուղացիներին»:
Կարդացեք նաև
Շարունակելով իր առաջարկությունները՝ Հեղինե Բիշարյանն ասաց, որ աջակցություն պետք է տրամադրվի նաեւ երիտասարդ ընտանիքներին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, լսելով այս առաջարկները՝ իր ելույթում ասաց. «Ովքեր եղել են սահմանապահ գյուղերում, իրենց մաշկի վրա զգացել են այդ խնդիրները՝ այստեղ տարբեր առաջարկություններ են անում: Չպետք է ընկնել ծայրահեղության մեջ: Այս սոցիալական արտոնություններից տեսեք մարդիկ օգտվո՞ւմ են, որ դա ուղղենք սահմանապահ գյուղերին: Որպեսզի ականջի համար հաճելի լինի, մենք այստեղ հնչեցնում ենք, բայց պիտի հասկանանք, որ այն արտոնությունները, որոնք նախատեսված են զինծառայողների համար, չեն կարող ավելի շատ լինել, քան թե հենց զինծառայողների համար է»:
Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց ախորժակն այստեղ զսպել:
Անդրադառնալով օրինագծին՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այն վերաձեւակերպել է պետք. «Որքան էլ դուք ասեք, որ մենք չենք ազատում բնակիչներին հարկ վճարելուց, այլ կառավարությունը փոխհատուցում է այդ հարկը, իրավական առումով խնդիր կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ