Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիգեզը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը, այդ մասին նա գրել է «Հուրիեթ» թերթում հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացնում է «Հաքքին.ազ»-ը:
Դիվանագետի կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի փակուղում հայտնված հարաբերությունների բարելավման գործընթացին նոր զարկ կարող է հաղորդվել միայն թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Կարևոր չէ, թե ինչ տեղի կունենա և ինչպես երկու երկրները կմտնեն 2015թ.: Պարզ է, որ դա պատմության ավարտը չէ: Կարևոր է, թե ինչ որոշումներ կընդունեն Հայաստանն ու Թուրքիան՝ իրենց հարաբերությունների զարգացման համար: Խաղի կանոնները փոխելու համար նոր իրավիճակ է հարկավոր», – գրում է նա՝ նշելով, որ եթե Թուրքիան ուզում է Կովկասում վերադարձնել առաջնորդի դերը, ապա պետք է նոր նախաձեռնություններով հանդես գա, իսկ դրա համար պետք է բացի Հայաստանի հետ սահմանը ու տեսնի, թե ինչպես է այդ քայլն ազդում տարածաշրջանի վրա:
«Իմ ընդդիմախոսները կարծում են, որ Հայաստանի հետ փակ սահմանը Ղարաբաղի հակամարտության հարցում նրա վրա ճնշում գործելու լծակ է: Բայց 20 տարիների ընթացքում Հայաստանին դա չի պարտադրել Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերել: Ապա կարելի՞ է կարծել, որ դա ճնշում գործելու լծակ է», – հարցնում է Չևիգեզը՝ ավելացնելով, որ սահմանը բացելով՝ հայերը նոր բանակցությունների մեջ կներգրավվեն ու այդ ժամանակ սահմանը փակելու հարցը Հայաստանի վրա ճնշում գործելու իրական լծակ կդառնա:
Կարդացեք նաև
Նախկին դեսպանը Թուրքիային խորհուրդ է տվել Հարավային Կովկասի բոլոր երկրներին հավասարազոր վերաբերմունք ցույց տալ, ինչը կօգնի նրան երկրների միջև արդարացի միջնորդի կերպարանք ստանալ:
«Եկել է ժամանակը, որ Թուրքիան տարածաշրջանում ցույց տա իր ներկայության կարևորությունը», – գրել է նա:
Ունալ Չևիգեզ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան է եղել 2001-2004թթ.: Դրանից հետո աշխատել է Թուրքիայի ԱԳՆ-ում: 2007-2010թթ. եղել է ԱԳՆ քաղաքականության մշակման վարչության և Բեռնում անցկացվող Հայաստանի հետ գաղտնի բանակցությունների ժամանակ Թուրքիայի պատվիրակության ղեկավար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ