Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Հայկական գինին անհավասար մրցակցության պայմաններում է վրացական գինու հետ»

Նոյեմբեր 17,2014 15:42

«Մենք պետք է խնդրենք կառավարությունից, որ գոնե ավելացած արժեք հարկի վճարումը հետաձգի 1 տարով»,- այսօր` նոյեմբերի 17-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա նշեց, որ ցանկանում է ռուսական ռուբլու կայունացում, որովհետեւ գինու ապրանքաշրջանառության 85 տոկոսը, իսկ կոնյակի ապրանքաշրջանառության 90 տոկոսը կապված է ռուսական շուկայի հետ. «Սրան զուգահեռ պետք է փորձել գտնել այլընտրանքային շուկաներ, որոնք որ զերծ են այսպիսի վայրիվերումներից, մասնավորապես` Չինաստանը. հիմա շատ ընկերություններ սկսել են արտահանել Չինաստան եւ Եվրամիություն»:

Ավագ Հարությունյանի խոսքերով` եթե չլիներ ռուբլու արժեզրկումը, տնտեսական եւ քաղաքական որոշման արդյունավետությունը կասկածի տակ չէր լինի. «Սա էապես նոր իրավիճակ է, պահանջում է միանգամայն այլ լուծումներ` պետության միջամտություն, Ռուսաստանի հետ միջպետական հարաբերություններում ներառել այս բանակցային գործընթացները, որպեսզի երկուսն էլ կարողանան դուրս գալ այս իրավիճակից: Սա փոխադարձ ցավ է»:

Անդրադառնալով Եվրամիության երկրներ արտահանմանը` պարոն Հարությունյանը բերեց լեհական շուկայի օրինակը եւ նշեց, որ հայկական գինին վրացական գինու հետ անհավասար մրցակցության պայմաններում է: Նա նշեց, որ լեհական շուկա վաճառվում է տաս միլիոն շիշ վրացական գինի, իսկ հայկական գինի` ընդամենը 20-50 հազար շիշ: Նրա կանխատեսմամբ` այդ միտումը կնկատվի Եվրամիության այլ երկրների շուկաներում.

«Հայկական եւ վրացական գինիները միաժամանակ մտան եվրոպական շուկա: Վրացական շուկան շատ ինտենսիվ աշխատեց, նախապատրաստեց եւ 2006 թվականից հետո իր բոլոր-բոլոր ռեսուրսները ներդրեց Սահակաշվիլին, որպեսզի ճանաչվի, ճանաչվեց: Դա ե’ւ լավ է, ե’ւ վատ է, լավ էր այն առումով, որ վրացական գինին ճանաչվեց տարածաշրջանային գինի, եւ մարդիկ սկսեցին հետաքրքրվել, եւ կարծես թե վրացական գինին նպաստեց հայկական գինու ճանաչմանը: Իսկ վատ կողմն այն է, որ երբ սկսեցին ճանաչել, ապա վրացական գինին PR-ի պատճառով շատ առաջ ընկավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930