ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ս/թ հոկտեմբերի 14-ին Վանաձոր քաղաքի 2015 թվականի տարեկան բյուջեի նախագծի հանրային քննարկման արդյունքների վերաբերյալ.
1. Վանաձորի 2015 թ. տարեկան բյուջեի նախագծում տարբեր ոլորտներին առնչվող փոփոխությունների ու լրացումների կատարման առաջարկներ էին ներկայացրել Վանաձորի ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Սեյրան Ղամբարյանը, լրագրող Գայանե Սարգսյանը, Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Գոհար Քամալյանը, «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնող խմբի անդամ Էլեն Մարգարյանը, «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը, «Բնականոն» ՀԶԿ ՀԿ նախագահ Էդգար Սարգսյանը:
2. Քննարկման ժամանակ մասնակիցների արած առաջարկություններից ոչ մեկը չի ներառվել Վանաձորի 2015 թվականի տարեկան բյուջեի նախագծում:
Կարդացեք նաև
3. Առաջարկություններ ներկայացնող անձանց մինչ օրս որևէ պատշաճ բացատրություն չի տրվել այն մասին, թե ինչու է Վանաձորի համայնքային իշխանությունը մերժել բյուջեի նախագծի փոփոխությունների և լրացումների առաջարկությունները:
4. Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությանն ենք հրավիրում ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածին, համաձայն որի տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու` ՀՀ Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքն ու համայնքի կարողությունն է, իսկ 10.1 հոդվածի համաձայն` համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա:
5. Հաշվի առնելով վերոնշյալը` մենք մտահոգությունն ենք հայտնում առ այն, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի ձևական և ոչ բովանդակային կատարումը նվազեցնում է տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության հեռանկարները, ինչը հանգեցնում է բնակիչների կողմից ՏԻՄ-ի նկատմամբ անվստահության:
Դիմում ենք
* Վանաձոր քաղաքի ավագանու անդամներին, պահանջելով` Վանաձորի 2015թ-ի տարեկան բյուջեի նախագիծը հաստատելուց առաջ հաշվի առնել հանրային քննարկման ժամանակ հնչած առաջարկությունները և սույն հայտարարությունը;
* Վանաձորի քաղաքապետին, պահանջելով` համապատասխան քայլեր ձեռնարկել տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ և պատշաճ պատասխաններ ներկայացնել առաջարկությունների հեղինակներին` այդ առաջարկների ընդունման կամ մերժման վերաբերյալ:
Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
17 նոյեմբերի 2014
Վանաձոր