Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Գինու եւ կոնյակի արտադրությունը նվազել է 9 տոկոսով»

Նոյեմբեր 17,2014 14:42

«9 ամսվա կտրվածքով մենք արտահանել ենք մեկ միլիոն երեք հարյուր լիտր գինի»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա նշեց, որ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում գինու եւ կոնյակի ներմուծումը նվազել է 10 տոկոսով: Գինու եւ կոնյակի արտադրությունը եւս նվազել է` 9 տոկոսով, իսկ գարեջրի արտադրությունը 37 տոկոսով ավելացել է. «Ես կարծում եմ, որ այս ավելացումը ստվերից դուրս գալու արդյունքն է, իրականում այդքան էլ չէ»:

Պարոն Հարությունյանի խոսքով՝ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Հայաստանում նկատվում է գինու արտահանման աճ, բայց ռուսական շուկայում կատարվող գործընթացները կասկածի տակ են դնում աճման տեմպերը եւ իրավիճակի կայունությունը. «Դոլարի արժեզրկումը Ռուսաստանում բերեց նրան, որ այն սուբյեկտները, որոնք վաճառում էին ռուբլով, հիմա այստեղից չեն ցանկանում վաճառել, իսկ այն սուբյեկտները, որոնք որ վաճառում էին դոլարով, չեն կարողանում փողերը հետ ստանալ: Եվ այս տասնհինգ-քսան օրերի ընթացքում մենք ունենք երեսուն տոկոսով ապրանքաշրջանառության նվազում»:

Ավագ Հարությունյանն ասաց, որ ռուս գինեգործները չեն կարողանում ստանալ մեծ ծավալով վարկեր, որքան ստանում էին անցած տարվա նույն ժամանակահատվածում, այսինքն՝ իրենք իրենց վճարունակությունը կորցնում են, քանի որ ռուբլին է արժեզրկվում, վարկային ռեսուրսներն են նվազում եւ որ ռուսական շուկայում դժվարանում է ապրանքափոխանակությունը. «Այս ամենը արտացոլվում է նաեւ ուկրաինական շուկայում, եւ արդեն մեկ շաբաթ է` Ուկրաինայում դոլարի վաճառք չկա: Սա նորից հարված է մեր արտահանողներին, եթե առաջիկա տասնհինգ-քսան օրվա ընթացքում ռուբլին չկայունանա, ապա շատ լուրջ հետեւանքներ կունենա մեր արտահանման համար: Սա մոտավորապես կրկնում է 2008 թվականի եւ 1992-1993 թվականների սցենարը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930