Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը՝ ԵՏՄ պայմանագրի հակասահմանադրականության մասին. «Դա մանկապարտեզ է»

Նոյեմբեր 17,2014 14:37
shirxanyan

«Բոլոր տիպի երկկողմ միջազգային պայմանագրերում էլ ինչ-որ իրավունքներ տալիս ես, բայց դրա դեմ ձեռք ես բերում այլ իրավունք»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը հակասահմանադրական չէ՞, մասնավորապես, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին՝ ինքնիշխանության մասին դրույթին, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա որպես օրինակ բերեց, թե Եվրախորհրդին անդամակցությունը էլի ինքնիշխանության կորուստ չէ՞ր:

Պարոն Ալեքսանյանը նշեց, թե դեռ 1990-ականներից ՀՀ-ի՝ ռուսական կողմնորոշումը հայտնի էր, ՀՀ-ն իր հայացքը հառել էր դեպի Ռուսաստան:

Լեռնիկ Ալեքսանյան

Լեռնիկ Ալեքսանյան

Այն դիտարկումներին, թե հնարավոր է Եվրասիական տնտեսական խորհուրդը հակահայկական որոշում կայացնի ու ՀՀ-ն ստիպված լինի դա կատարել, պարոն Ալեքսանյանը նշեց. «Դեռևս հստակ չեն այդ փաստաթղթերը: Նման խնդիր չկա: Եթե Բելառուսը, Ղազախստանը, որոնք ավելի հզոր ու անկախ երկրներ են, որոնք չունեն անվտանգության այնպիսի խնդիրներ, ինչպես մենք, եթե նրանք այսօր հարմար են գտնում անդամակցելը, ՀՀ-ին ավելի անհրաժեշտ է ինտեգրումը»:

Նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը ևս կողմ է ԵՏՄ անդամակցությանը. «Դրական եմ գնահատում. այս աշխարհում մեր նման երկրները պետք է ունենան դաշնակիցներ, դա լինում է միայն այն դեպքում, երբ կա ընդհանուր ազգային շահ: Միայն ՌԴ-ի հետ մենք ունենք ընդհանուր ազգային շահ: Համարում եմ, որ դա Սերժ Սարգսյանի ամենահաջող քայլերից մեկն էր»:

Մեր այն դիտարկմանը, թե պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրության՝ ինքնիշխանության մասին դրույթին, քանի որ ՀՀ հարկային, տնտեսական քաղաքականությունը կախված է լինելու ԵՏՄ տնտեսական խորհրդից, պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Դա մանկապարտեզ է, քանի որ ՀՀ հարկային, բանկային, վարկային բյուջետային քաղաքականությունը 1993-ից կախված է համաշխարհային բանկից և արժույթի միջազգային հիմնադրամից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930