Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 17-22-ը Երեւանը կլինի թատրոնի մայրաքաղաք

Նոյեմբեր 17,2014 14:20

Նոյեմբերի 17-22-ը Երևանում տեղի կունենա Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, որը կունենա «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Նա ներկայացրեց, որ երկու տարին մեկ անգամ կոնգրեսի անդամ հարյուրից ավելի երկրների 300 ներկայացուցիչներ  հավաքվում են եւ քննարկում իրենց աշխատանքները. «Կոնգրեսը հանդիսանում է կարեւոր հարթակ թատերական արվեստի ոլորտում մասնակից երկրների համար իրենց նորարարությունները եւ զարգացումները քննարկելու համար»։

Կոնգրեսի ընթացքում լինելու են միջազգային պարային եւ թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ եւ այլն։ Կոնգրեսին մոտ 300 պատվիրակները ժամանելու են Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից։

«Այն զարգացումները, որ տեղի են ունենում թատերական արվեստի ոլորտում աշխարհում, Հայաստանն էլ  պետք է զերծ չմնա  դրանցից։ Այն առաջարկները, որոնք կհնչեն կոնգրեսի ընթացքում, հայկական մշակույթի եւ թատերարվեստի ոլորտում քաղաքականություն որդեգրելու հիմք կհանդիսանան»,-իր խոսքում նշեց փոխնախարարը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ասուլիսի ընթացքում ասաց, որ մեծ իրադարձություն է համարում այն, որ կոնգրեսը տեղի է ունենում Հայաստանում. «Բավական աշխատանք տարվեց դրա համար, կազմակերպությունը Կովկասի երկրներից ընտրեց Հայաստանը եւ ես հույս ունեմ, որ այս կոնգրեսի աշխատանքը ոչ միայն գործնական բնույթ կկրի, այլ հյուրերը, լինելով մեր թատրոններում, հնարավորություն  կտան նոր գաղափարների կիրառել մեր հայկական թատերարվեստում»։

Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն էլ լրագրողներին պատմեց, թե ինչու հենց Հայաստանն ընտրվեց որպես կոնգրեսի անցկացման վայր. «Մենք շատ տարբերակներ ունեինք այստեղ գալուց առաջ, եւ վերջին ընտրությունը Ադրբեջանն էր, սակայն մենք ցանկանում էինք գնալ այնտեղ, որտեղ կա խոսքի ազատություն։ Մենք այն երկրում ենք,  որտեղ հենց սկզբից մշակույթի նախարարությունում ասել են, որ կարող ենք ասել այն ամենը, ինչ ցանկանում ենք ասել»։

Նշենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտը հիմնադրվել է 66 տարի առաջ եւ հետապնդում է թատրոնի միջոցով խաղաղության գաղափարի տարածումը։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930