Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Պատեր քանդողը միասնական նպատակներն են

Նոյեմբեր 17,2014 17:30

Բեռլինյան պատի տապալումը «դրական» տոն է

Վերջերս նայելով, թե ինչպես են գերմանացիները նշում Բեռլինյան պատի անկման 25-ամյակը, մի քիչ նախանձեցի: Խնդիրն այն չէ, որ մարդիկ ինչ-որ բան են տոնում: Խնդիրն այն է, որ այդ տոնը ոչ մեկի «հակատոնը» չէ: Երբ այս կամ այն ժողովուրդը տոնում է ինչ-որ ճակատամարտում իր հաղթանակը, նա պետք է հաշվի առնի, որ դա մեկ այլ՝ նախկինում կամ ներկայումս թշնամի համարվող ժողովրդի պարտությունն է: Բեռլինյան պատի անկումը ոչ մեկի պարտությունը չէ: Նույնիսկ ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Խորհրդային միության կործանումը աղետ է համարում, իսկ կոնկրետ Գերմանիայի դեպքում իր այն ժամանակվա աշխատանքի բերումով փորձում էր նպաստել, այսպես կոչված, «Գերմանիայի դեմոկրատական հանրապետության» պահպանմանը, նույնիսկ Պուտինը չի կարող ասել՝ «ախ, ինչ վատ է, որ Բեռլինյան պատը տապալվել է, եւ Գերմանիան վերամիավորվել է, շատ ավելի լավ կլիներ, որ այդ երկիրը բաժանված լիներ երկու մասի»: Ոչ ոք չի կարող նման բան ասել: Հենց այդ պատճառով էլ դա «դրական» տոն է:

Իսկ հիմա վերցրեք ցանկացած պատմական իրադարձություն, որով մենք` հայերս, իրավամբ հպարտանում ենք՝ Ավարայրը (որտեղ մենք չենք հաղթել, բայց հերոսաբար դիմադրել ենք), Սարդարապատը, Շուշին: Հրաշալի տոներ են, փառք ու պատիվ մեր հերոսներին, հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկածներին: Բայց այդ տոներով մենք «չենք ամբողջանում» աշխարհի հետ, մենք ուրախանում ենք, որ հաղթել ենք, բայց մնացած աշխարհը մեզ հետ, մեր այդ հաղթանակով չի ուրախանում: Այդպես է, իհարկե, ոչ միայն Հայաստանում: Օրինակ՝ ամեն տարի հուլիսի 12-ին Բելֆաստում բողոքականները նշում են իրենց հաղթանակը կաթոլիկների նկատմամբ մի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1690 թվականին: Բողոքականներն ուրախանում են, կաթոլիկները՝ ոչ, այդ հողի վրա այդ օրը մինչեւ հիմա տեղի են ունենում բախումներ եւ անկարգություններ: Նման տոներ կան ցանկացած ժողովրդի մոտ, բայց դրանք նման չեն Բեռլինյան պատի անկմանը:
Գուցե 1700 տարի առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունո՞ւմն է այդպիսի տոն: Սակայն, ի տարբերություն Շուշիի եւ Սարդարապատի, այդ իրադարձության վերաբերյալ նույնիսկ հայերի մեջ չկա միասնություն, որովհետեւ պատմաբանների մի մասն ասում է, որ մենք այդ առումով առաջինը չենք, մյուս մասը պնդում է, թե մենք պետք է հեթանոս մնայինք, ոմանք էլ ոչ առանց որոշակի հիմքերի կարծիք են հայտնում, որ երբ եկեղեցին ստանձնում է պետության դերը (թեկուզ եւ «ստիպված»), դրանից ոչ մի լավ բան չի ստացվում: Համենայնդեպս, ես չեմ լսել, որ որեւէ օտարազգի բացականչի՝ «ախ, ինչ լավ բան եք դուք՝ հայերդ, արել, որ քրիստոնեությունը պետական տոն եք հռչակել, անչափ ուրախ ենք ձեզ համար»:

1991 թվականի սեպտեմբերի 21-ի մեր անկախության հանրաքվեն նույնպես միջազգային մասշտաբի իրադարձություն չէ: Այն կարող էր այդպիսին լինել, եթե դրանից հետո մենք բացառիկ հաջողությունների հասնեինք պետական շինարարության մեջ: Բայց դա, մեղմ ասած, այդպես չէ: Անկախության գաղափարը չի միավորում մեզ՝ այստեղ ապրող հայերիս՝ 91-ին «կողմ» քվեարկածներից շահերն այսօր «փոշմանել են»՝ իսկ եթե մենք նման հարցերում միաբան չենք, ապա այս գաղափարով չենք կարող «դուրս գալ միջազգային ասպարեզ»:

Այնպես որ՝ մենք այստեղ՝ Հայաստանի ներսում, ունենք մեր «բեռլինյան պատը», որն ավելի ամուր է, քան 1961 թվականին կոմունիստների սարքած հրեշը, որը տապալվեց 25 տարի առաջ: Դա իրականում մի պատ չէ, դրանք բազմաթիվ պատեր են, որոնք այս նույն 25 տարվա ընթացքում կառուցվել են մարդկանց միջեւ՝ սոցիալական, հոգեբանական, մշակութային: Իհարկե, նաեւ՝ պատը իշխանական վերնախավի եւ մնացած բնակչության միջեւ: Այդ ամենը կարող է տապալվել միայն միասնական ազգային նպատակի գիտակցությամբ:

…Թվում է, թե ուկրաինացիները վերջերս սկսել են ձեւակերպել այդ նպատակները եւ հընթացս պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին: Եթե ինքնագիտակցության արթնացման հետեւանքը դա է, ուրեմն առայժմ սխալ են ձեւակերպում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    Այնպես որ՝ մենք այստեղ՝ Հայաստանի ներսում, ունենք մեր «բեռլինյան պատը», որն ավելի ամուր է, քան 1961 թվականին կոմունիստների սարքած հրեշը, որը տապալվեց 25 տարի առաջ: Դա իրականում մի պատ չէ, դրանք բազմաթիվ պատեր են, որոնք այս նույն 25 տարվա ընթացքում կառուցվել են մարդկանց միջեւ՝ սոցիալական, հոգեբանական, մշակութային: Իհարկե, նաեւ՝ պատը իշխանական վերնախավի եւ մնացած բնակչության միջեւ: Այդ ամենը կարող է տապալվել միայն միասնական ազգային նպատակի գիտակցությամբ:
    Միանգամայն ճիշտ դիտարկում:
    Բայց մի հարց, հարգելի պարոն Աբրահամյան, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում, երբ «Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունն» անվանում եք այսպես կոչված: Ինչպե՞ս է. Ձեզ համար ԼՂՀ-ն այսպես կոչված չէ, իսկ ԳԴՀ-ն` այսպես կոչված: Բացատրեք, խնդրում եմ, հասկանանք: Շնորհակալություն:

  2. Արթուր Ղազարեան says:

    Մեր օրերում Ձեր նշած հակադրութեան վառ օրինակ է աշխարհի ամենաանքակտելի զոյգի՝ Իսրայէլ-Պաղեստինի օրինակը: Իյար ամսուայ 5-րդ օրը (Անկախութեան օրը) մեծ տօն է Իսրայէլի համար (Յոմ Հա-Ացմաուտ) , մինչդեռ այդ օրը Պաղեստինի համար սգոյ օր է եւ կոչւում է «Աղետի օր» (Ան-Նաքբա):

    Ժամանակին, երբ տակաւին ՖԲ ունէի, յայտնի մի ֆեյսբուքահայ մի նկար էր տեղադրել (Արցախից արդբեջանցիների գաղթը պատկերող) ու հիացմունքով նշել էր, թէ «Մաքրում ենք Հայաստանը»:

    Խաղաղ, անզէն բնակչութիւն, որ հարկադիր լքում է իր հայրենիքը: Այո՛, հայրենիքը: Դա նրանց ծննդավայրն է: Ու մենք, որպէս ցեղասպանութիւն տեսանք ազգ, այս ամէնը պիտի գոնէ առանց հիացմունքի ընդունենք: Բոլորս ընդունում ենք, որ Արցախը պիտի անկախանար եւ դառնար հայկական միաւոր, այստեղ այլ կարծիք լինել չի կարող, սակայն հարկադիր գաղթը (որ, ի դէպ, երկու կողմից է եղել) չպէտք է ուրախանալու առիթ տայ:

    Եւ անշուշտ, կարեւոր հարց է ծագում: Մենք հայերս՝ պատրա՞ստ ենք նրանց յետ ընդունել: Կարո՞ղ ենք Արցախում կողք-կողքի ապրել (թեկուզեւ փոքրաթիւ) ադրբեջանցիների հետ: Հարցեր են, որոնք շատ ծաւալուն քննարկման կարիք ունեն եւ այդ քննարկումներն այսօր Հայաստանում բացակայում են:

    Իմ տպաւորութեամբ՝ ոչ: Մենք (էլ չեմ ասում՝ նրանք) պատրաստ չենք միասին ապրելու: Ուստի առայժմ Արցախի անկախութիւնը տօնելիս, ադրբեջանցիների մի ստուար զանգուածի համար դա սգոյ օր է լինելու (նոյնը նաեւ հայ տարագիրների համար):

    • Վահան says:

      Ինչ Արցախ, ինչ Արցախի անկախություն, ինչ տոն…ի դեպ, եթե Արցախը Հայաստան չէ, այլ անկախ եւ ուրիշ միավոր, ապա Հայաստանից էլ են ադրբեջանցիներ հեռացել: Այո, մաքրվել է Հայաստանը: Ու հիմա ինչ, հետ կանչե՞նք նրանց:

  3. Վահան says:

    պարոն Աբրահամյան, չեք պատասխանում, որովհետեւ արդեն գրել եք այսօրվա՞ հոդվածը:
    https://www.aravot.am/2014/11/18/516
    Վերջին խոսքը ձերը լինի սկզբո՞ւնքն է…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930