Լրահոս
Օրվա լրահոսը

Լիակատար համերաշխությո՞ւն, թե՞ լիակատար անտարբերություն

Նոյեմբեր 17,2014 16:30

«Երկրում ամեն ինչն այնքան տաղտկալի ու գորշ է, որ այսպիսի կարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որը բացի թվերից՝ նաեւ գաղափարախոսություն պիտի պարունակի, անտարբերության միջավայրում քննարկվեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով 2015 թվականի բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներին: Քննարկումներն, ի դեպ, թե հանձնաժողովներում, թե խորհրդարանի լիագումար նիստում, նախորդ տարիների համեմատ, բավական պասիվ էին: Հանձնաժողովներում անգամ շատ ակտիվ, ընդդիմադիր պատգամավորներ հիմնականում չմասնակցեցին դրանց: Լիագումար նիստում արդեն հնչեցին առանձին սուր ելույթներ, այն էլ հիմնականում անձնավորված: Ի դեպ, թեպետ բոլոր ոչ իշխանական խմբակցությունները հայտարարեցին, որ «դեմ» են քվեարկելու, սակայն ելույթներում շեշտվում էր նաեւ այս կառավարության ստացած ծանր ժառանգության փաստը:

Ի՞նչն էր պասիվության պատճառը՝ ԱԺ-ում իրատեսական տրամադրություննե՞ր են, ինչը նաեւ պայմանավորված է կոնկրետ կառավարության ղեկավարի անձով՝ մեր հարցին Արարատ Մկրտչյանը հիշեցրեց, որ նույն միապաղաղ ու անտարբեր մթնոլորտում գարնանը քննարկվեց ու ընդունվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած ծրագիրը. «Բոլորն ասեցին՝ հիմա լավ կլինի, առաջընթաց կլինի, Հովիկ Աբրահամյանը բոլորիս կտանի դեպի պայծառ ապագա: Բայց ժամանակը ցույց տվեց՝ քաղաքական ուժերն ինչքան անտարբեր էին կառավարության ծրագրի նկատմամբ, նույնքան էլ անտարբեր են բյուջեի նկատմամբ»: Այլ խոսակցության թեմա է այդ փաստաթղթերի որակը, որն իր գնահատմամբ՝ բավական ցածր է, բայց մեր զրուցակիցը տպավորություն ունի, թե մեր իրականության մեջ անընդհատ ինչ-ինչ բաներ են ասպարեզ նետվում՝ հանրության ուշադրությունը լրջագույն խնդիրներից շեղելու համար. «Քաղաքական ուժերը սպառել են նման լրջագույն փաստաթղթերին լուրջ ուշադրություն դարձնելու պաշարը»:

Նախորդ կառավարությունից ստացած ժառանգության մասին խոսելն էլ, ըստ մեր զրուցակցի, «տղամարդավարի» չէ, քանզի Հովիկ Աբրահամյանը ստանձնել է պարտավորություն ու պիտի պատրաստ լինի պատասխանատվության, մինչդեռ նախորդ կառավարության ծրագիրն էլ չի փոխվել: Բյուջեի նկատմամբ անտարբերությունը մեր զրուցակիցը բացատրում է նաեւ կառավարության ոչ թիմային աշխատանքով, կառավարման համակարգում իրականացվող փոփոխություններով՝ նախարարությունների միաձուլում, ընդդիմադիր դաշտում խնամիական, բարիդրացիական հարաբերություններով, ինչը հանգեցնում է «եռյակի խաղերին»: «Մեր քաղաքական գործիչները տնտեսության եւ երկրի ապագայի խնդիրները թողած՝ այլ բաներով են զբաղված»,- եզրափակեց Արարատ Մկրտչյանը:

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930