Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ի գովքն էր անում՝ շրջանցելով հակասահմանադրական դրույթները»

Նոյեմբեր 17,2014 16:00

Երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014-ի մայիսի 29-ին Մինսկում ստորագրված պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության միանալու մասին փաստաթղթում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
«Սահմանադրական դատարանը ոչ միայն սահմանադրական ճանաչեց այն, ինչն ակնհայտ հակասահմանադրական է, այլեւ Եվրասիական տնտեսական միության օգտին ակնհայտ քարոզչություն արեց»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոննիսյանը:

Սահմանադրական դատարանը երեկ, մեղմ ասած, ԵՏՄ հանձնաժողովի գովքն էր անում, նույնիսկ մոլորեցնում մարդկանց՝ ինչպես նշեց Դանիել Իոննիսյանը, դատարանն ասաց, որ ԵՏՄ-ն որոշումներն ընդունում է կոնսենսուսով, մինչդեռ ԵՏՄ հանձնաժողովում որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

Դանիել Իոննիսյանը ներկայացրեց ԵՏՄ պայմանագրի այն դրույթները, որոնք ակնհայտ հակասահմանադրական են. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ կառավարության մի շարք գործառուjթներ այս պայմանագրով անցնում են ԵՏՄ հանձնաժողովին: Օրինակ՝ հարկերի, տուրքերի վճարման չափը սահմանելու լիազորությունը տրված է բացառապես ԱԺ-ին, ներկայումս բոլոր տեսակի հարկերի չափը նշված մարմինն է որոշում, իսկ ԵՏՄ պայմանագրով դա որոշելու է ԵՏՄ հանձնաժողովը՝ Հայաստանի կամքին հակառակ: Այսինքն՝ իրենք կարող են մաքսային դրույքաչափեր ավելացնել, ՀՀ քաղաքացու կամ Հայաստանում գործող որեւէ բիզնեսմենի վճարվելիք հարկի չափը որոշելու է մի մարմին, որը ՀՀ քաղաքացու կողմից չի ընտրվել: Բացի այս, այդ մարմինը որեւիցե կերպ պարտավորված չէ Հայաստանի շահերը ներկայացնել, եւ նրա ձեւավորման վրա մենք ազդեցություն էլ չունենք: Մեկ այլ հակասություն էլ կա մեր Սահմանադրության հետ, ըստ որի՝ կառավարությանն է վերապահված ֆինանսավարկային քաղաքականությունը, սա եւս անցնում է ԵՏՄ հանձնաժողովին»:

Ըստ Իոննիսյանի՝ հակասահմանադրական է նաեւ այն դրույթը, որն ասում է՝ ԵՏՄ որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի տարածքում, իսկ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է. «Ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ հանձնաժողով Մոսկվայում նստած կարող է որոշումներ կայացնել, որոնք պարտադիր են ՀՀ տարածքում: Սովետական միության ժամանակ այդպես էր, բայց այն ժամանակ չունեինք Սահմանադրություն, որ մենք ինքնիշխան պետություն ենք: Այսինքն՝ Հայաստանի ինքնուրույնությունն է վտանգված ԵՏՄ պայմանագրով»:

Հ/կ ներկայացուցիչը ԵՏՄ պայմանագիրը համեմատելով հայտնի գազային պայմանագրի կամ հայ-թուրքականի հետ, որոնք եւս քննարկվել են ՍԴ-ում, ասաց, որ ԵՏՄ պայմանագիրն ամենաակնհայտ հակասահմանադրականն է համարում. «Անգամ ապացուցելու կարիք չկա»:

Երեկ ՍԴ ներկայացուցիչները, ինչպես ներկայացրեց Դանիել Իոննիսյանը, բազմաթիվ անգամ ասացին, որ Հայաստանը միշտ էլ իրավունք ունի դուրս գալու այդ պայմանագրից. «Բայց Հայաստանն իրավունք ունի դուրս գալու ոչ թե միանգամից, այլ մոտ մեկ տարի տեւող գործընթացներով: Իսկ կներեք, Սովետական միության Սահմանադրությամբ մենք իրավունք ունեինք միանգամից դուրս գալու կազմից: Ընդ որում, ԽՍՀՄ տարիներին, ասենք՝ ստալինյան ժամանակ, թող մեկը փորձեր դուրս գալ Սովետմիության կազմից, պարզ է, չէ՞, ինչ կլիներ: ԵՏՄ-ն սովետական կարգերի վերականգնում է»: ՍԴ-ն ԵՏՄ ամբողջ պայմանագրից ծաղկաքաղ էր արել եւ, ինչպես պարոն Իոննիսյանն ասաց՝ փորձում էր դրական կողմերը ներկայացնել, մինչդեռ անգամ գերմանական կապիտուլյացիոն պայմանագրում հնարավոր է դրական դրույթներ գտնել, իսկ ԵՏՄ 1000 էջանոց պայմանագրում որոշ դրական բաներ, իհարկե՝ կլինեն: «ՍԴ-ն շրջանցեց բոլոր վիճելի հարցերը եւ քննարկման բուն առարկա չդարձրեց հակասահմանադրական հարցերը»:
Երեկ Սահմանադրական դատարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել ԵՏՄ-ին դեմ հանրությունը. անցյալ տարի սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը, ԵՏՄ-ին անդամակցելու մասին, մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում լայնածավալ բողոքի ակցիաներ չեղան:

Մեծ բողոքի ալիք չեղավ, ըստ Դանիել Իոննիսյանի, որովհետեւ քարոզչություն էր տարվում, թե անդամակցելով այդ միությանը՝ իբր, ՀՀ քաղաքացիների համար արտոնություններ կլինեն, ասենք՝ մի շարք ապրանքներ կէժանանան, աշխատանքային միգրանտների մուտքն ու ելքը Ռուսաստան կհեշտացվի, առավելություններ կունենան. «Մարդիկ հավատում էին այդ քարոզչությանը: Խոսում էին 9000 ապրանքների շուրջ բանակցությունների մասին, որ իբր բարձր գներ չսահմանվեն: Այնինչ, մի քանի տարի հետո կտրուկ գնաճ է լինելու մի քանի հազար ապրանքների գծով»:

Մեր դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո շատ արծարծվում էր, որ այդ միությամբ է պայմանավորված Հայաստանի ռազմական անվտանգության հարցը, պարոն Իոննիսյանն ասաց. «Այո, ասում են՝ Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է. մի բան պիտի հստակ լինի՝ ԵՏՄ անդամ երեք երկրներն էլ՝ Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան, անընդհատ զինում են Ադրբեջանին: Զենք վաճառող առաջատար երկրներից որեւէ մեկը՝ ԱՄՆ, Սկանդինավյան կամ մեկ այլ պետություն, Ադրբեջանին չի զինում: Ադրբեջանին զենք են վաճառում Ռուսաստանը, Թուրքիան, Իսրայելը, Հարավաֆրիկյան որոշ պետություններ: Տեսեք՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորն են, բայց ստացվեց, որ ռուսական ռազմական բազան Ուկրաինայում ծառայեց ոչ թե ամբողջականությունը պահպանելուն, այլ Ղրիմի գրավմանը, այսինքն՝ ՌԴ-ն անվստահելի դաշնակից է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930