2014 թվականի մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնց շնորհիվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը:
2010 թվականին Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մշակվեց օրենսդրական փոփոխություն ու հնարավորություն տրվեց ոչ պետական բուհերի շրջանավարտներին 2013 թվականը ներառյալ պետական նմուշի դիպլոմ ստանալ: Շուրջ 4.000 դիմորդներ մասնակցեցին քննություններին, որոնց 75 տոկոսը կարողացան հանձնել դրանք, իսկ 25 տոկոսը կամ չմասնակցեց, կամ «անբավարար» ստացավ քննական առարկաներից որևէ մեկից: Տվյալ գործընթացն արդեն երկարացվել է մինչև 2017 թվականը:
Ինչքանով է կարևոր պետական նմուշի դիպլոմ ունենալը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բացատրեց ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը՝ ներկայացնելով նաև այս տարվա օրենսդրական փոփոխություններն ու քննության անցկացման ընթացքը. «Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար պարտադիր պայման է, որպեսզի աշխատանքի ընդունվեն պետական, կամ մասնագիտության գծով հավատարմագրված դիպլոմով անձինք:
Պետական նմուշի դիպլոմ չունեցող շրջանավարտներն ունենում են խնդիր կա՛մ աշխատանքի անցնելիս, կա՛մ երբ հետագայում ցանկություն են ունենում կրթությունը շարունակել ու մագիստրոսի աստիճան ստանալ, քանի որ օրենքը չի թույլատրում նման աշխատանք ու ուսում ստանալ՝ առանց պետական նմուշի դիպլոմի: Այս իսկ պատճառով մենք որոշել ենք կրկնել գործընթացը, որը կտևի մինչև 2017 թվականը ներառյալ»,- ասաց վարչության պետը:
Կարդացեք նաև
Ամենակարևոր փաստաթուղթը ոչ պետական բուհի ավարտական դիպլոմի բնօրինակի առկայությունն է՝ ներդիրի (միջուկի) հետ միասին: Այն պետք է ներկայացվի Կրթության և գիտության նախարարություն՝ անձը հաստատող փաստաթղթի ու լուսանկարների հետ: Փաստաթղթերը պետք է հանձնվեն տվյալ տարվա մարտ ամսից մինչև ապրիլի 15-ը, որից հետո էլ կկայանան ատեստավորման քննությունները:
Եթե անցած տարիներին քննություն հանձնած շրջանավարտը չի կարողացել հաղթահարել քննական շեմն ու ձեռք չի բերել պետական նմուշի դիպլոմ, այս տարի նույնպես կարող է մասնակցել քննություններին՝ հանձնելով միայն այն առարկաները, որոնցից նախորդ քննաշրջանում «անբավարար» է ստացել:
Aravot.am-ի հարցին պատասխանելով, Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով այս տարի շուրջ երկու հազար շրջանավարտ ունենք, որոնք դիմել են ատեստավորման քննությանը մասնակցելու համար. «Մեկ տարվա ընթացքում մեզ գրավոր, նաև՝ սոցցանցերի և հեռախոսազանգերի միջոցով դիմում են, ցանկանում են հանձնել քննությունները: Այս մեկ տարվա ընթացքում մենք շրջանավարտներին պատասխանել ենք, որ գործընթացը նախապատրաստական փուլում է: Բայց այսօր արդեն այն մեկնարկում է»:
Կրթության և գիտության նախարարությունը մարտ ամսին կներկայացնի պետական ու ոչ պետական ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ անցկացվելու են ատեստավորման քննությունները, նաև կտրամադրեն փաստաթղթերի ամբողջական ցուցակն ու տեղեկություն քննական ողջ ընթացքի մասին:
Սյունե ՍԵՎԱԴԱ