Փաստում է մասնագետը
Վերջերս Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ Գյումրիում այնքան սահմանափակ է էլիտար հյուրանոցների թվաքանակը, որ մշակութային լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ մոլորվում են, թե հյուրերին ինչպես տեղավորեն: Նա որպես օրինակ մեջբերեց Չինաստանի Սիան քաղաքից Գյումրի գալու ու համերգ տալու ցանկությունը, որը, սակայն, հենց Գյումրու քաղաքային իշխանություններն են մերժել: Եվ պատճառը եղել է մեկը. չինացիները 200 հոգի էին, իսկ Գյումրիում այդ քանակի նորմալ հյուրասենյակներ չկային:
«Առավոտ»-ը այս հարցի շուրջ զրուցեց Գյումրիի «Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչն է խանգարում Հայաստանի կամ էլ Սփյուռքի փողատերերին Գյումրիում հյուրանոցներ հիմնել ու բիզնես անել: Մեր զրուցակիցը խոսակցության առաջին իսկ պահից փաստեց. «Ես կասեմ, որ հյուրանոցային բիզնեսը Գյումրիում լճացած վիճակում է, քանի որ Գյումրին էսօր մեծ տուրիստական հետաքրքրություն չի ներկայացնում, եւ այս ուղղությամբ շատ մեծ գործ ունենք անելու: Նախ՝ քաղաքը պետք է հրապուրիչ դառնա, քաղաքի մասին երեւի թե լեգենդներ պետք է մշակվեն: Քաղաքը չունի նաեւ ենթակառուցվածքներ՝ սպասարկելու մեծ խմբերի, տուրիստական բիզնեսը զարգացնելու համար: Դուք գիտեք մեր փողոցների վիճակը, ճիշտ է՝ անընդհատ վերանորոգում են, բայց մայթերը փոշոտ են, քայլելու համար հարմար չեն…
Ունենք լուսավորություն, բայց Երեւանից հետո տուրիստին լուսավորությունը թույլ է թվում, բացի այդ ամենից՝ կա տուրիստներին քաղաքում պահելու, ժամանցը կազմակերպելու խնդիր, հատկապես երեկոյան ժամերին: Ճիշտ է՝ Գյումրին ունի շատ պատմամշակութային կոթողներ, կան վայրեր, որոնք կարող են հետաքրքիր լինել, բայց երեկոյան ժամերին տուրիստների զբաղվածությունը ապահովելու խնդիր կա, զվարճանքի վայրերի պակաս կա»,- խնդիրները հերթով թվարկեց Գայանե Ավագյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ եթե տուրիստներ չեն այցելում, այդ դեպքում ինչպե՞ս են գոյատեւում հյուրանոցները:
Կարդացեք նաև
«Չնայած տուրիզմ ասածը չի կարելի բացառել Գյումրիից, կա, ուղղակի մեկ կամ երկօրյա շրջայցեր են դրանք, որոնք բավարար չեն տուրիզմը զարգացնելու համար, հիմնականում մեզ հետ աշխատում են երեւանյան տուրիստական ընկերությունները, որոնք անցնում են Գյումրիով եւ փորձում են իրենց տուրիստներին մեկ օր պահել Գյումրիում: Բայց հյուրանոցները, կոնկրետ մեր հյուրանոցը գործարար մարդկանց հաշվին է գոյատեւում: Նրանց հաշվին, որոնք գործով այցելում են Գյումրի եւ նախընտրում են մեր հյուրանոցը»,- ասում է Գայանե Ավագյանը: Մեր զրուցակիցը լիովին համաձայն է Սամվել Բալասանյանի հայտարարության հետ՝ Գյումրիում էլիտար հյուրանոցների պակասի հետ կապված: «Ես, իհարկե, համաձայն եմ քաղաքապետի հետ, ընդհանրապես Գյումրիում նույն կարգի հյուրանոցներ գտնելը բավականին դժվար է, մեզ մոտ խառնիճաղանջ է, շատ բազմերանգ է էս դաշտը, եւ շատ տարբեր են ծառայությունները: Համաձայն եմ քաղաքապետի ասածի հետ, որովհետեւ հյուրանոցները փոքր են, սենյակների քանակը՝ սահմանափակ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին էլ՝ ի՞նչն է պատճառը, որ Գյումրիում 4-աստղանի հյուրանոցից վեր բարձր կարգ ունեցող հյուրանոցներ չկան, ընդ որում՝ 4-աստղանին էլ ամբողջ քաղաքում ընդամենը մեկ հատ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ձեր խոսքը մեր հյուրանոցի մասին է, մերն է 4-աստղանի հյուրանոցի չափանիշներին համապատասխանում: Աստղերը որոշվում են էկոնոմիկայի նախարարության կողմից, իրենք ունեն հատուկ բաժին՝ տուրիզմի զարգացման բաժին, կան որոշակի չափորոշիչներ, ըստ որի՝ որոշվում է, թե ինչ աստղի է համապատասխանում հյուրանոցը: Իմ կարծիքով՝ Գյումրիում երեւի թե պահանջարկ չկա 5-աստղանի հյուրանոցի, 5 աստղի համապատասխանելու համար հաշվի են առնում սենյակների քանակը, լողավազանի առկայությունը եւ այլ բազմաթիվ պահանջներ, որոնք պետք է լրացնել 5 աստղին համապատասխանելու համար»:
Նշենք, որ ըստ մեր զրուցակցի՝ Գյումրիում բարձրակարգ հյուրանոցների գներն էլ թանկ չեն, կոնկրետ իրենց հյուրանոցում (խոսքը «Նանե» հյուրանոցի մասին է, որը գտնվում է Գյումրու կենտրոնում եւ պատկանում է լիբանանահայ Խաչատուրյաններին: Ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ այստեղ գործում է նաեւ մեծ ճանաչում ունեցող «Գոհար» երգչախումբը, որը նույնպես հիմնադրվել է Խաչատուրյան եղբայրների՝ Հարութ, Շահե եւ Նառ Խաչատուրյանների կողմից), ամենաբարձր գինը մեկ օրվա համար 50 հազար դրամն է, իսկ գները սկսվում են 32 հազար դրամից: Իսկ ի՞նչ կասի մեր զրուցակիցը, այսպես ասած, հոսթելների՝ հյուրատների զարգացման մասին, գյումրեցիներից շատերը այն կարծիքին են, որ հենց այս բիզնեսը կարդարացնի իրեն Գյումրու կարգի քաղաքում: Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ թեեւ դրանք ավելի մատչելի են գնային առումով, էժան են ծառայությունները, բայց համեմատելի չեն: Խոսքը, ըստ նրա, տարբեր հասկացությունների ու տարբեր ծառայությունների մասին է, ոչ հոսթելները, ոչ էլ աշխարհում շատ ընդունված «բեդ եւ բրեքֆըստ»-ները (թարգմանաբար նշանակում է գիշերակաց եւ նախաճաշ) չեն կարող փոխարինել բարձրակարգ հյուրանոցային ծառայություններին: Ըստ մեր զրուցակցի՝ այդ ծառայությունը Գյումրիում զարգացնելու համար եւս պետք է հետաքրքրություն առաջացնել քաղաքի նկատմամբ:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2014
Ես օրինակ այս նկարի հիւրանոց երբեք չեմ այցելի, որովհետեւ դրա անունը հայերէն գրուած չէ: Սա սկզբունքային հարց է: Մի կողք թողնենք, որ սա ՕՐԷՆՔԻ պահանջ է: Եթէ այս տարրական ճշմարտութիւնը հասու չէ հիւրանոցի ղեկավարութեանը, ի՞նչ պիտի լինի սրա մատուցած ծառայութիւնը:
Էդ փալասներով (palace) մարդ չես զարմացնի: