Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստը կարող է ընթանալ առանց պաշտպանի

Նոյեմբեր 17,2014 15:00

Բաց նամակ ներկա եւ ապագա քաղբանտարկյալներին

Բարեւ, Հայկ:
Անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք 2014թ. հունիսի 12-ի քո արարքի մասին՝ դրական, թե բացասական, դու այն իրականացրել եւ հրապարակավ պարզաբանել ես:

Քո՝ բարիկադում հայտնվելու պահին քեզանից մի քանի քայլ հեռավորության վրա էինք, եւ երբ բարձրաձայնեցիր՝ այստեղ ոստիկաններ չկա՛ն, մի պահ տպավորություն ստացա, որ գործողություններդ ռեժիմի կողմից ծրագրված եւ իրականացվող սադրանք են, շոու… Ուստի այս տողերը փոխանցելով քեզ, հավատում եմ, որ մեր այս զրույցը ոչ թե կընկճի, այլ առավել տոկուն եւ անկոտրում կդարձնի քեզ:

Պարզ է, որ քո դատավարությունը չեն ձգձգելու՝ ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցող նման ներկայացումների, քոնն ավարտվելու է արագ եւ այն ընդմիջվելու է մեղադրողի կողմից 8-12 տարի ազատազրկման պահանջով, եւ պաշտպանդ վերջին խոսքով խնդրելու է.

-Հաշվի առնելով… այլ եւ այլ հանգամանքները՝ քո նկատմամբ մեղմ պատիժ կիրառել, որով էլ դատապաշտպանդ էլ միանալու է մեղադրողի հետ եւ մեղմ պատիժ մուրալով հաստատելու է, որ դու քրեորեն պատժելի գործողություն ես կատարել, եւ դատարանն էլ անսալով այդ խնդրանքին՝ հանդիսավորապես քեզ դատապարտելու է 5-ից 8 տարվա ազատազրկման: Սա է հուշում մեզ մեր փորձն ու տրամաբանելու կարողությունը:

Եվ ոչ դատարան եկած հանդիսատեսի ու դատապաշտպանի խրախուսական խոսքերը, գովքը, ոչ հանրահավաքներն ու երթերը, ոչ միջազգային որեւէ ատյան քեզ չի օգնելու:
Քո պաշտպանն ու օգնականը ԴՈՒ ես, քո մեկնաբանությունն ու քո կեցվածքն է, ստորեւ շարադրված քո պարզաբանումն է, որում ամեն ինչ ասված է.

«Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։ Ես մի ներքին համոզմունք ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետեւյալ պարզաբանումները կատարել։

Նշեմ, որ մի վայրկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։

Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլեւ պատվի եւ անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։

Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ՞ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արարքներից մեկի իրագործման պահին, երբ հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, եւ իմ այդ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ։

Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր»:

Ահավասիկ, այսքանով դու լինել, թե չլինել հավերժական հարցադրման քո պատասխանը տվել ես՝ լինել:

Այս է քաղաքական եւ հեղափոխական կերպարի նույնականացման գնահատականը, որից այն կողմ, որպես հաստատում, ընդամենը մի բան է պետք՝ ասվածին համահունչ կեցվածք:
Դու այն վերահաստատեցիր դատական առաջին նիստում, հայտարարելով. «Ես համարում եմ սա ինքնակոչ դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարության պահանջին, նրա խամաճիկն է: Այս դատարանը ռեժիմի դատարան է… եւ արդարադատության բռնաբարում, դրա համար չեմ հարգում այս մարմինը՝ ոտքի չեմ կանգնում»:

Կամենանք, թե ոչ, դու առաջին հեղափոխականը չես եւ վերջինն էլ չես: Վերջին տարիների ընթացքում տարբեր «քաղբանտարկյալներին», վերջիններիս պաշտպան ժամապահների հերթափոխներին հուշել ենք, որ՝ եթե անգամ առկա են քրեորեն պատժելի ապացույցներ, քաղաքական բանտարկյալներ են նրանք, ովքեր հրաժարվում են դատապաշտպանից: Քանզի դատարաններում մեղադրյալի պաշտպանները մեղադրողից ու դատարանից խնդրելով ավելի մեղմ պատիժ կիրառել ամբաստանյալի նկատմամբ, փաստացի (de facto) համաձայնում են հանցագործ լինելու մեղադրանքին: Աշխարհում (եւ Հայաստանում) ոչ մի քաղաքական ուժ (կուսակցություն, արդարադատություն, այլ) մարդուն չի դատում ու չի դատելու նրա համար, որ իրենց քաղաքական-գաղափարական հակառակորդն է, թշնամին: Դատում եւ դատելու են քրեական հոդվածներով, ինչպես, օրինակ, Ստեփան Զատիկյանին (որը հրաժարվել է դատապաշտպան ունենալուց) դատեցին որպես Մոսկվայի մետրոյում պայթեցման մասնակից: Եվ այդպես դատում են A-ին՝ թմրանյութի, B-ին՝ անօրինական զենք կրելու, C-ին՝ բռնաբարության եւ միջազգայնորեն այլ պատժելի արարքների համար:
Քաղաքական բանտարկյալները դատարանում իրենք են իրենց պաշտպանում՝ ի տարբերություն նրանց, ովքեր դատապաշտպաններ են վարձում՝ իրենց պատժելի արարքներն արդարացնելու համար: Հենց այս տիրույթում դու եզակիներից մեկն էիր, որը դատական առաջին նիստում հրաժարվելով ռեժիմի հրամցրած դատապաշտպանից, ի տարբերություն պարտիզանական խմբերով հանրությանն ապակողմնորոշող պարագլուխների, ասպարեզ վերադարձրեցիր հեղափոխականի ու քաղբանտարկյալի կերպարի նույնականացման բանաձեւը:

Քեզ ձերբակալելու պահից ի վեր ոչ բանտախցում, ոչ էլ հարցաքննությունների ժամանակ քո կողքին չլինելով՝ գիտենք, թե ինչ ճնշումների, նվաստացումների, խոշտանգումների ես ենթարկվել, եւ այդքանից հետո միայն կայուն հոգեկերտվածքի, քաղաքականապես հասուն անձը կարող էր հայտարարել, որ դատաքննության նիստը կարող է ընթանալ առանց պաշտպանի: Այս է քաղբանտարկյալի այցեքարտը:

Հիմա մենք ենք եւ դու, եւ վերջին խոսքը քոնն է: Դու ես միակ պատասխանողը հարցի, թե այն պահին, երբ որոշ մարդիկ մտածեցին, որ գործողություններդ ռեժիմի կողմից ծրագրված եւ իրականացվող սադրանք են, շոու, նրա՞նք էին ճիշտ, թե՞ դու…

ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ
ԱԶԱՏ ՀԱՅՔ բհկ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայկ Կյուրեղյանը՝ արժանապատվության գեղեցիկ օրինակ է։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930