Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Նորագույն հայկական մամուլի պատմության ամբողջ ընթացքի վկան է «Առավոտը»

Նոյեմբեր 17,2014 14:00

Արմեն Զաքարյանը հիշում է «Առավոտում» աշխատած տարիները

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը համարում է, որ «Առավոտ» օրաթերթն իր համար ժամանակին երկրորդ տուն է եղել, այստեղ աշխատել է մեծ սիրով ու նվիրումով, արել է ամեն ինչ՝ թերթի կայացմանն օգնելու համար, լրատվամիջոցն էլ իրեն տվել է ճանաչում եւ մասնագիտական կյանքում կայանալու հնարավորություն:

Այս շաբաթվա «Առավոտցիներ» շարքում օրաթերթի հետ կապված իր հիշողություններն է պատմում նա:

Բանասերի կրթությամբ Արմեն Զաքարյանը նորագույն շրջանի մամուլի առաջին սերնդի լրագրողներից է: «Ոչ սովետական ժուռնալիստիկայի առաջին սերնդի ներկայացուցիչներից եմ: Այդ ժամանակ հայտնվեցին կուսակցական թերթեր, չնայած կդժվարանամ դրանց կուսակցական ասել՝ «Երկիրը» եւ «Ազգը», եւ նաեւ «Ա1+»-ը բացվեց: Ժուռնալիստների մի ամբողջ սերունդ անցավ, որոնք, հիմա տեսնում եմ, կարեւոր դերակատարություն ունեն տարբեր ոլորտներում: Նկատի ունեմ եւ՛ Գնել Նալբանդյանին, ե՛ւ Հայկազ Ղահրիյանին, Աննա Իսրայելյանին, Աննա Կարապետյանին, Հակոբ Ասատրյանին, Արա Գալոյանին, Արմեն Բաղդասարյանին, Ռուզան Խաչատրյանին եւ եթե որեւէ մեկին մոռացա, թող ներեն ինձ: Սերունդը բավական գրագետ էր, մտավ եւ ասավ՝ «բարեւ, ես եմ»՝ իր նոր խոսքով: Նոր որակով ժուռնալիստիկա առաջ եկավ»,- 90-ականների մամուլի մասին է խոսում պարոն Զաքարյանը: Լրագրողական աշխատանքը սկսել է «Երկիր» օրաթերթից, եղել է թերթի հիմնադիր կազմում, դրա փակվելուց հետո թղթակցելու առաջարկ է ստացել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանից, ասում է՝ միմյանց հետ նորմալ գործնական հարաբերությունների մեջ էին, ինքն աշխատանք չուներ, սիրով համաձայնել է:

Այդ ժամանակներից հիշում է մի հրապարակում. «Երկու հարցազրույց արեցի, որ մարդիկ մտածում էին մտացածին է, հորինված. Ռուսաստանում ընտրություններ էին, եւ այնպես ստացվեց, որ ես հեռախոսով հարցազրույց արեցի թեկնածուներ ե՛ւ Ժիրինովսկու, ե՛ւ Զյուգանովի հետ: Ընդ որում, Զյուգանովը համարվում էր հաղթող թեկնածու: Դա բացառիկ բան էր, որ այդ մարդիկ ժամանակ տրամադրեին, ոչ իրենց էլեկտորատին առնչվող թերթին հարցազրույց տային: Իսկ այն ժամանակ նույնիսկ հեռախոսով Ռուսաստան զանգելու փող չկար…»:

Պարոն Զաքարյանը պատմում է, որ «Առավոտում» թղթակցելուց կարճ ժամանակ հետո «Երկիրի» անձնակազմը ստեղծեց «Երեւան» տեղեկատվական կենտրոնը, եւ նա աշխատանքի անցավ այդտեղ, սակայն ճանապարհը նրան նորից բերեց «Առավոտ»:
«Ես շատ ուրախ եմ, որ 1997 թվականին Արամ Աբրահամյանը որոշեց 16 էջանոց «Առավոտ» ստեղծել: Դա նոր լրագրային մշակույթ էր. թեթեւ ժանրի մեջ, ոչ ծավալուն հոդվածներով 16 էջի «բեռան տակ» մտնել: Դա ստեղծարար մոտեցում էր Արամի կողմից, հրաշալի, բավական երկար ժամանակ կենսունակ մնացած, իրեն արդարացրած եւ հայաստանյան մեդիադաշտում իր խոսքը ասած, ազդեցություններ ունեցած, ստեղծարար մոտեցում էր: Իհարկե, ժամանակի ընթացքում մարդիկ մոռանում են, որ այն ժամանակ «Առավոտն» էր միայն այդպիսին, ուրիշը չկար, բոլորը հետո վերցրեցին այդ սկզբունքները եւ կիրառեցին»,- ասում է Արմեն Զաքարյանը եւ ավելացնում, որ նորացված օրաթերթում աշխատելու հրավեր նա կրկին խմբագրի կողմից ստացավ:

Արմեն Զաքարյանը համարում է, որ «Առավոտի» ծնունդը նաեւ ժամանակի հրամայականով էր պայմանավորված, բազմաթիվ լրատվամիջոցներ կային, բայց նրանց մատուցած տեղեկատվության բովանդակությունը կանխատեսելի էր. «Առավոտը» գուցե ժամանակի ծնունդ էր, նման թերթի կարիք կար, հասարակության զարգացման այդ փուլում այդպիսի թերթի անհրաժեշտությունը կար, եւ Արամ Աբրահամյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում՝ հասարակության զարգացումների արտացոլանքը բերելով նյութական աշխարհ՝ թերթ»:

«Նոր» «Առավոտում» Աննա Իսրայելյանի հետ քաղաքական էջերի պատասխանատուն էր: Պարոն Զաքարյանի վերադարձը «Առավոտ» համընկավ Հայաստանի եվրաինտեգրման կոնկրետ հատվածի` Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացի հետ, եւ այս թեման լրատվամիջոցում լուսաբանվեց նրա գրչով: Ասում է, որ այս ընթացքում Եվրախորհրդի հետ համագործակցությունը շատ հեշտ ստացվեց, եւ նա տարին չորս անգամ, որպես լրագրող, մասնակցում էր կառույցի տարեկան չորս նիստերին, որոնցից ոչ բոլորի ժամանակ էին Հայաստանին վերաբերող հարցեր քննարկվում:

Արմեն Զաքարյանի հրապարակումներին հետեւում էին շատերը: «Պատահում էր, որ մարդիկ իմ հոդվածը վերապատմում էին ինձ, չիմանալով, որ հեղինակը ես եմ, գուցե ուշադրություն չէին դարձրել, թե ով է գրել: Ինձ շատ հետաքրքիր էր նաեւ իրենց ընկալումը, հաճախ ասում էին՝ «դու չգիտես…» ու ներկայացնում էին իմ ասածը»,- ժպտում է պարոն Զաքարյանը: Հիշում է մի հրապարակում. «Գնացել էի Վանաձոր, որտեղ պիտի լուսաբանեի խորհրդարանական ընտրությունները, եղել եմ ընտրատեղամասում, որտեղ քվեարկում էին Վիկտոր Դալլաքյանը եւ Արտաշես Թումանյանը: Այստեղ ընտրողների հետ խոսելիս Վիկտոր Դալլաքյանն ասում է. «Հարգելի ընտրողներ, ինչպես գիտեք, Արտաշես Թումանյանը «Դաշնակցության» ցուցակում կա, ինքը հարում է «Դաշնակցությանը», այսինքն՝ ինքը «դաշնակահար» է: Ես էլ մտածեցի, որ հետաքրքիր կլինի, առաջին էջում դա գրեցի՝ ու ավելացրեցի՝ «նյութը կկարդաք երրորդ էջում»: Հաջորդ օրը զանգում է Վիկտոր Դալլաքյանը, ինձ ասում է՝ «Արմեն ջան, հերքում տպիր»: Ասում եմ՝ ախր ինչո՞ւ: Ասում է՝ ես այդպես չեմ ասել: Նայում եմ թերթի մեջ, տեսնում եմ՝ «դաշնակահար»-ի շ-ն ընկել է, դարձել է՝ «դանակահար», ու դա շաբաթ օրն է տպվել, կիրակի եւ երկուշաբթի օրն էլ թերթ չէր լինելու: Ես, բնականաբար, երեքշաբթի՝ ընտրություններից հետո, հերքում եմ գրում՝ «Ամենակարեւոր տառը «շ»-ն է», քանի որ տառն ընկել էր, իմաստային կորուստ էինք ունեցել: Դրանից որոշ ժամանակ հետո ինձ հանդիպում է Կարեն Դեմիրճյանը: Ասում է՝ «Տղա ջան, ասում ես՝ ամենակարեւոր տառը «շ՞»-ն է»: Ասում եմ՝ այո: Ինքն էլ պատմում է՝ կոմունիստների ժամանակ, թերթում գրել են՝ Մոսկվայից ժամանել էին սա, սա, սա եւ ուրիշներ, «ուրիշներ»-ը տողադարձ էին արել եւ երկու տողում էլ «շ»-ն գրել էին, դարձել էր՝ «ուրիշ շներ»: Կարեն Դեմիրճյանն ասաց. «Այնպես որ, «շ»-ն միշտ չէ, որ կարեւոր տառն է»:

Պարոն Զաքարյանը կարեւորում է՝ «Առավոտում» կար լրագրողական ազատություն. «Դու ազատ էիր քո խոսքի համար պատասխանատու լինելու: Պատասխանատու լինելու ազատություն կար»: Նաեւ ավելացնում է. «Պետք է առաջինը լինեինք. եթե ինչ-որ բան էր կատարվում կամ խմորվում, մենք պետք է առաջինը իմանայինք եւ հրապարակեինք «Առավոտում»:

«Առավոտում» աշխատելու իր վերջին տարիներին զուգահեռ՝ Արմեն Զաքարյանը մի որոշ ժամանակ լրագրությամբ է զբաղվել «Ազատություն» ռադիոկայանում, հետո համատեղելը չհասցնելու պատճառով շարունակել է աշխատանքը միայն «Ազատություն» ռ/կ-ում: Այնուհետեւ Եվրոպայի խորհրդում նրան առաջարկում են Հայաստանում ստեղծել քաղաքական դասընթացների դպրոց: Սկզբնական շրջանում մերժում է, սակայն ի վերջո հիմնադրում հայկական իրականությունում եզակի դպրոցներից մեկը՝ ՔԴԵԴ-ը: Ասում է՝ «խանդոտ» աշխատանք է, անընդհատ ուշադրություն եւ ժամանակ է պահանջում, բայց ձգտում են չթերանալ: «Դրանից կտուժի Հայաստանի իմիջը,- ասում է նա,-աշխատում ենք անել ամենը, ինչ թույլ է տալիս հայաստանյան իրականությունը»:

Հիմա արդեն հայկական մամուլը պարոն Զաքարյանը տարիների խորքից է գնահատում, անցածին նայելով՝ նկատում է՝ միակ օրաթերթը, որ այն ժամանակ կար եւ այսօր մնացել է, «Առավոտն» է: «Առավոտը» շատ հեռու չէր այն ժամանակվա մամուլից, կարելի է ասել, որ կամուրջ դարձավ: Այն ժամանակվա մամուլի հետ սկսեց, կենսունակ մնաց եւ այսօր էլ լավագույն ավանդույթները շարունակում է: Նորագույն հայկական մամուլի պատմության ամբողջ ընթացքի վկան է «Առավոտը»,- ասում է նա:

Կարծում է՝ «Առավոտով» անցածների եւ «Առավոտի» պոտենցիալը շատ ավելին է, քան զուտ թերթ տպագրելը: «Եթե պետության մեջ խնդիր դրվի այդ ռեսուրսն ավելի լավ օգտագործել, ավելի տեղին՝ պետական կառավարման մեջ, հասարակական զարգացումների մեջ, «Առավոտը» ընդունակ կլինի այդտեղ էլ իր նպաստը ունենալ,- ասում է նա, ավելացնում,- կարծում եմ՝ «Առավոտը» կարող է հոլդինգի վերածվել, շատ ավելի մեծ բաներ անել մեր իրականությունում, քան անում է, ռեսուրսը կա, ինտելեկտը կա «Առավոտում»: Եթե խմբագրակազմի համար պատասխանատու անձինք նպատակահարմար համարեն նախաձեռնություններով հանդես գալ, կկարողանան ինչ-որ բան անել»:

20-ամյա «Առավոտին» ուղղված ցանկության մասին էլ Արմեն Զաքարյանը մի պահ մտածում է, հետո ասում. «Մի արաբ փիլիսոփա կա, որ ասում է՝ ոչ թե մարդու կյանքն է պետք երկարացնել, այլ ջահելությունը՝ կյանքի ընթացքում, ես ուզում եմ «Առավոտին» մաղթել երիտասարդական ավյուն, երկարակյաց ջահելություն, երիտասարդ կադրերի ավյունով աշխատանք առաջիկա հարյուրամյակում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930