Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրա՛վո, Երեւանի կոնսերվատորիա, բրա՛վո, Ասատրյան»

Նոյեմբեր 17,2014 13:30

Լիբանանահայ խմբավար, դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի անունն առաջին անգամ լայն հնչեղություն ունեցավ 2010թ. աշխարհահռչակ իտալացի երգիչ Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի ժամանակ, երբ Դոմինգոյին «նվագակցեց» նաեւ «Փարոս» կամերային երգչախումբը:

Րաֆֆի Միքայելյանը Լիբանանում սովորել է ճանաչված երաժիշտ Զաքար Քեշիշյանի դասարանում, ապա 2003թ. ուսումը շարունակել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, իբրեւ սիմֆոնիկ դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյանի դասարանում եւ որպես խմբավար՝ Իվան Վարդանյանի ղեկավարությամբ: Ժամանակին «Առավոտի» հետ զրույցներում խոսելով իր ուսանողների մասին, այսօր արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի նորանշանակ դեկան, դոցենտ Ռուբեն Ասատրյանը մշտապես առանձնացրել է Րաֆֆի Միքայելյանին, նշելով, որ շատ տարիներ չի պահանջվի, որ Րաֆֆիի անունը հնչի անգամ Հայաստանի սահմաններից դուրս, նույնիսկ վստահեցրել, որ սփյուռքահայ երիտասարդը մշտապես բնակություն կհաստատի Հայաստանում: Իսկապես այդ ժամանակը շուտ եկավ: 2011թ. Բրատիսլավայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթում «Փարոսն» արժանացավ երկու բրոնզե մեդալի, իսկ խմբավարը՝ Րաֆֆին՝ հատուկ մրցանակի, այն էլ հայկական երաժշտությունը (Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Եկմալյան եւ այլն) լավագույնս ներկայացնելու համար: Իսկ 2014-ին Րաֆֆիի ղեկավարությամբ «Հավատամք» երգչախումբը Բելառուսում կայացած հոգեւոր երաժշտության միջազգային մրցույթում առաջինն էր, իսկ ղեկավարն էլ՝ «Լավագույն խմբավարը»: Վերջերս էլ, ավելի ստույգ՝ ամռանը, Ռիգայում կայացած «Համաշխարհային օլիմպիական մրցույթին» «Փարոսն» արժանացավ մեծ մրցանակի եւ 2 արծաթե մեդալի, բնականաբար՝ Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ:

Օրերս էլ արվեստագետների շրջանում զրույցներ էին տարածված, թե Րաֆֆի Միքայելյանը բեմ է բարձրացել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: «Առավոտի» հետ զրույցում դիրիժորը հերքելով մեզ հասած լուրը, ասաց, որ ինքը իսկապես Սանկտ Պետերբուրգում էր, բայց այլ «առաքելությամբ»:

«Կորեայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Իսպանիայից հրավիրված դիրիժորների թվում ես էլ մասնակցեցի Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Քոլլին Մեթթերսի անցկացրած վարպետության դասընթացներին: Մեթթերսը անվանի դիրիժոր ու մանկավարժ Իլյա Մուսինի մոտ քանիցս անցել է վարպետության դասեր: Նշեմ նաեւ, որ Մուսինի մոտ են ուսանել ճանաչված դիրիժորներ Վալերի Գերգիեւը եւ Յուրի Տեմիրկանովը: Ամենակարեւորը՝ Մուսինի մոտ ժամանակին կատարելագործվել է նաեւ իմ դասախոսը՝ Ռուբեն Ասատրյանը,- հայտնեց երաժիշտը, հետո էլ ժպիտով հավելեց,- ես այնտեղ հասկացա, թե Երեւանի կոնսերվատորիայում սովորելով Ասատրյանի դասարանում, ի՜նչ «բագաժ» եմ ձեռք բերել, ինչի ապացույցն է նաեւ Մեթթերսի ինձ ուղղված խոսքերը՝ երիտասարդ, դու իսկապես հասուն երաժիշտ ես, ինչպես նաեւ Շվեյցարիայից, Գերմանիայից ժամանած կոլեգաներիս ժլատ, բայց խոսուն խոսքերը՝ բրա՛վո, Երեւանի կոնսերվատորիա, բրա՛վո, Ասատրյան»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930