Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնները նաեւ կինոյի դերասաններ են

Նոյեմբեր 17,2014 13:00

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ստվերները դրախտում» նոր ֆիլմի շնորհանդեսը, որի պրոդյուսերը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Գոռ Վարդանյանն է:
Գոռ Վարդանյանի ֆիլմերում բացասական կերպարների պակաս չկա: Այդպիսի կերպարներ, ինչպես նոր, այնպես էլ` նախորդ ֆիլմերում բավականին հաջող ու համոզիչ մարմնավորել են երկու երիտասարդներ, որոնք, սակայն, դերասանական կրթություն չունեն: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: «Առավոտը» ֆիլմի շնորհանդեսից առաջ զրուցեց նրանց հետ:

Սոս Կարապետյան: Docando կարատեի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն. «Ներկայումս Docando կարատեի ֆեդերացիայի աշխատակազմի ղեկավարն եմ: Միեւնույն ժամանակ Հայաստանում մարզում եմ շուրջ 500 երեխայի: Այսինքն՝ այդքան ընտանիք իրենց երեխաներին վստահել են ինձ: Նկարահանվել եմ Գոռ Վարդանյանի չորս ֆիլմերում: Կերտել եմ միայն բացասական կերպարներ: Լինելով մարզիկ` դրսում եւ այստեղ վատ մարդկանց շատ եմ հանդիպել: Դա ինձ օգնում է բացասական կերպարներ մարմնավորել: Ուզում եմ, որ այդպիսիները տեսնեն, ճանաչեն իրենց եւ ամաչեն: Կոնկրետ «Վրիժառու» ֆիլմում իմ հերոսն անգրագետ է, բռի ու բռիությամբ ղեկավարում է: Նա ու նրա նմանների շրջապատը չեն ճանաչում Հովհաննես Թումանյանին ու ձեռք առնելու ոճով ասում են, թե Թումանյանը գինեկոլոգ է, ճարտարապետ: Ցավոք սրտի, այդպիսի մարդիկ իրականում պաշտոններ են զբաղեցնում ու ղեկավարում են: Ես` մենք, ցանկացել ենք ասել, որ բավական է, բռիության վերջն արդեն եկել է:

Նոր ֆիլմում մարմնավորել եմ օրենքով հայ գող Վլադի կերպարը, որը երկար տարիներ ապրում է Ամերիկայում եւ փորձում է իրեն լավ զգալ, իհարկե՝ վատ ճանապարհներով»:
Հովիկ Թադեւոսյան: Docando կարատեի աշխարհի եռակի, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների չեմպիոն. «1998 թվականից Գոռ Վարդանյանի աշակերտն եմ: Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 2007 թվականին տեղափոխվել եմ ԱՄՆ եւ այստեղ մարզում եմ հիմնականում հայկական համայնքի երեխաներին: Գոռ Վարդանյանի ֆիլմերում կերտում եմ բացասական մարդկանց կերպարներ: Շատ ծանր է: Պատկերացրեք, որ գիշերները չեմ քնել: Դժվար է համակերպվել, որ իրականում կան այդպիսի մարդիկ: Մի տեսակ հակասություն էր ստեղծվել. երեխաներին մարզելիս նրանց փորձում ես կյանքի ճիշտ ճանապարհը ցույց տալ, իսկ ֆիլմում անում ես լրիվ հակառակը: Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր: Այն, որ Ամերիկայում հայ պապիկների ու տատիկների մեծ մասը «Վրիժառու» ֆիլմում կերտած իմ կերպարի պատճառով ինձ չէր սիրում, չէին ցանկանում, որ իրենց թոռները շփվեն հետս: Դրա համար ընկերներս, ինձ ճանաչող մարդիկ կազմակերպում ու նրանց բերում էին իմ մարզումներին, որպեսզի տեսնեն, որ ես իրականում այդպիսին չեմ: Բայց «Վրիժառուն» մեսիջ է, որ վատ մարդը կարող է հարստություն ունենալ, բայց նրա կյանքը շատ կարճ է:

«Ստվերները դրախտում» ֆիլմում նույնպես վատ մարդու եմ մարմնավորում: Կերպարը թմրաբիզնեսի մեջ է` իր բոլոր դրսեւորումներով: Մանրամասներ չեմ ուզում պատմել` ինքներդ կտեսնեք»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930