Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում դրական մթնոլորտ է. կառավարությունը հաշվի է առել Փաշինյանի եւ մյուս ընդդիմադիրների կարծիքները

Նոյեմբեր 17,2014 12:52

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Բայց այս անգամ, ի տարբերություն Սահմանամերձ համայնքների հարկային արտոնություն տալու մասին օրինագծի, քննարկումն ընթանում է բավականին դրական մթնոլորտում: Պատճառն այն է, որ կառավարությունը հաշվի է առել ընդդիմադիր պատգամավորների առաջարկները եւ առանձին օրինագիծ է բերել, որը լուծում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձը փոխհատուցելու հարցը:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հիմնական զեկուցող, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանին (լուսանկարում) հարցրեց. «Ասացիք, որ կհաշվարկվի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի միջինացված ծախսը եւ կառավարությունը կորոշի փոխհատուցման չափը: Բայց հստակություն է պետք չափերի հարցում՝ 5 տոկոս, 10 տոկոս, որքա՞ն է լինելու փոխհատուցումը»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Էլեկտրաէներգիայի միջինացված ծախսը կազմել է 110 կվտ-ի շրջանակներում, գազի միջինացված ծախսը 30 խմ: Ոռոգման ջրի ծավալների գնահատումը եւս կա: Եթե 50 տոկոսի գնահատականներով գնանք՝ ջրի, էլեկտրաէներգիայի պարագայում, իսկ գույքահարկի եւ հողի հարկի համար 100 տոկոս հատուցում տանք, ապա խոսք կգնա շուրջ 1 մլրդ-ի մասին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծի վերջնական գնահատականը կախված է, թե ինչ չափաքանակներ կսահմանի կառավարությունը, կլինե՞ն դրանք շոշափելի: Նա մի առաջարկ արեց. «Հայաստանում իրականացվում է փորձնական ծրագիր՝ դպրոցական երեխաներին սննդով ապահովում: Այս տարի այդ ծրագրի իրականացման շրջանակը ավելի քան 4 անգամ նախատեսված է ընդլայնել: Առաջարկում եմ օրենքով ֆիքսել, որ սահմանապահ համայնքների երեխաները նույնպես օգտվեն այդ ծրագրից: Մոտ 30-40 համայնքների մասին է խոսքը»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, դա կարելի է անել առանց ծախսերն ավելացնելու, ընդամենը բյուջեում մի քանի ծրագրերի վերահաշվարկ անելու միջոցով:

Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկը կներկայացնի պատկան մարմիններին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ փոխհատուցումը տալու են քաղաքացո՞ւն, թե՞ ծառայությունը մատուցողին: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ հարկերը կվճարեն քաղաքացու փոխարեն բյուջե, իսկ գազի, ջրի վարձերը կվճարեն ծառայություն մատուցող ընկերություններին ըստ նրանց սպառածի: Նրանք, ովքեր բնական գազի սպառող չեն, միայն այդ քաղաքացիներին կտրվի փոխհատուցումը՝ այլընտրանքային ջեռուցում ապահովելու համար:

Խոսրով Հարությունյանն առաջարկեց ողջ փոխհատուցումը տալ քաղաքացուն, որ ինքն անձամբ տնօրինի: Վաչե Տերտերյանը չհամաձայնեց: Նրա մեկնաբանությամբ՝ «Եթե մենք տայինք ուղղակի քաղաքացուն փոխհատուցում, մենք վստահ չէինք, որ դրանք կուղղվեն այս ծառայությունների ծավալն ապահովելուն: Մենք լուծում ենք այդ ծառայությունների գծով կենսակերպի բարելավման հարցը նաեւ, ոչ միայն ֆինանսական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930