«Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն այսօր հայտարարեց, որ միանում է եռյակին:
«Հենարան» ակումբում պատմեց, որ սկզբում մտածում էր, թե եռյակն արտախորհրդարանական ուժերի չի ընդունի, բայց դիմեց ու եռյակն «իր մեկնած ձեռքն ընդունեց»: Չնայած միանալու նրա հայտարարությանը, ասաց որ եռյակի մաս կազմող քաղաքական ուժերից ոչ մեկի առաջնորդի հետ դեռ չի հանդիպել, չունի պայմանավորվածություններ, ապա եռյակի մասին ասաց. «Լուրջ պայքար է»:
«Քաղաքական դաշտը ժողովրդի համար է, ես միայն մեր կուսակցության անդամների համար չեմ: Պետք է ընդունենք մյուսների գաղափարները, որ չպառակտվի ընդդիմությունը, պետք է հասկանանք իրար: Եռյակի մեջ էլ հակասություններ կան, Րաֆֆին դեմ է մաքսային միությանը, մյուսները կողմ են, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու, որովհետեւ մենք նույն բանն ենք ուզում՝ արդար պետության մեջ ապրենք, արդար կյանք, արդար ընտրություններ, բարգավաճում, բարելավում: Մեր իշխանությունները տանուլ են տալիս, որովհետեւ մեզ չեն կանչում, չեն խորհրդակցում մեզ հետ: Դրա արդյունքում էլ ԵՄ-ը չստացվեց, ՄՄ-ն հարցականի տակ է»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե ժամանակին պնդում էիք, որ «Ժառանգությունը» դրսի նախագիծ է, ԲՀԿ-ն էլ փողով ձայներ հավաքող, ի՞նչ է հիմա փոխվել, Տիգրան Կարապետյանը միայն «Ժառանգության» մասով իր ասածը մտաբերեց, իսկ ԲՀԿ-ի դեմ իր մեղադրանքները՝ ոչ. «Ես եմ ասել, այո՛, ինչ արած, այդպես ենք ապրում, դրսի թե ներսի նախագիծ ենք, այդպես ենք ապրում: Իշխանափոխության պահանջին պետք է բոլորս միանանք, յուրաքանչյուր քաղաքական միավոր կարող է իր յուրահատկություններն ունենալ, բայց ընդհանուր գծին դա չի խանգարում, պահանջում ենք արդար իշխանություն:
Կարդացեք նաև
Պահն է եկել միանալու, միաձուլվելու: Եռյակը վստահության խնդիր ունի ժողովրդի կողմից, ոչ բոլորն են ընդունում, շատերն ասում են՝ իշխանական նախագիծ է, բայց այն ձեռքը, որ մեկնեցինք ու ընդունեցին, վստահ եմ՝ եթե իշխանական նախագիծ լիներ, մեր ձեռքը չէին ընդունի: Միանում են եռյակին, որ հավատը ավելացնենք, ժողովուրդը իմ կողքին էլ ժամանակին չկանգնեց, խլեցին հեռուստաընկերությունս: Իմ տեղեկություններով, Ծառուկյանի բոլոր ընկերությունները մինուսով են աշխատում, դժվարություններ են ստեղծում, պիտի կանգնենք իրենց կողքին, որ նրան ձեռքից բան չտանեն: Մենակ լինես, կխեղդեն, ժողովուրդը պետք է տեր կանգնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ