Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Համոզված եմ, որ Սեյրան Օհանյանն անպայման կհետաքննի դեպքի պատճառները»

Նոյեմբեր 17,2014 12:17

«Միջազգային հանրությունը ոչ համարժեք գնահատական տվեց, քանի որ տեղի ունեցածը շատ ավելի ցնցող էր ու ակնհայտ զինադադարի խախտում էր»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված լարվածությանը և հայկական ուղղաթիռի պայթեցման հետ կապված դեպքին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նա նկատեց, որ դեռևս չճշտված հարցեր կան և ամեն բան պարզ կդառնա միայն սկսված հետաքննության ավարտից հետո: ՀՀԿ-ական պատգամավորը նաև բացասական գնահատեց ոճրագործ Ռամիլ Սաֆարովի՝ նախօրեին արված հայտարարությունը:

Հարցին՝ շրջանառվող լուրերի համաձայն ռազմական վարժանքները եղել են ոչ օրինաչափ և նաև դա կարող էր պատճառ հանդիսանալ` Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռի գնդակոծմանը, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Իմ ստացած ինֆորմացիայից ելնելով՝ ասեմ, որ չկա նման ինֆորմացիա, որ զինվորական սխալներ են եղել, կարծում եմ հետաքննությունից հետո ամեն բան պարզ կդառնա; Իմ տեղեկատվության համաձայն ուղղաթիռը ընթացել է չեզոք գոտով»:

Այն դիտարկումներին, թե Ադրբեջանի հերթական ոտնձգությունը կարող է ազդարարել նախապատերազմական փուլ` պատգամավորը լուրջ չի վերաբերվում. «Ես սա պայմանավորում եմ ընդհանուր մեթոդիկայով, ինքը, այսինքն` Ալիևը իր ժողովրդի հետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրները լուծել հայրենասիրական ինչ-որ դոզայով, կամ իր շուրջը այդ պատրվակով մարդիկ հավաքելով»:

Միջազգային հանրության արձագանքը նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը ևս համարժեք չի համարում ու նշում. «ԵԱՀԿ-ն մի անատամ հայտարարություն արեց, նույնքան, որքան ՀԱՊԿ-ինը, ԱՄՆ պետդեպարտամենտինը, քանի որ մարդիկ խնդիր չունեն իրենց առջև դրված խաղաղություն ապահովելու, այլ ռազմավարական շահեր ունեն»:

Ըստ պարոն Շիրխանյանի՝ ՀՀ իշխանությունները պիտի կտրուկ քայլեր պետք է անեն, որ ԵԱՀԿ-ն պահանջի Ադրբեջանից մեկ ամսում ներկայացնել ոչնչացման քվոտան գերազանցող սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ԵԱՀԿ-ն անհուսալի գործընկեր պիտի ճանաչի Ադրբեջանին միջազգային պարտավորությունների կատարման առումով:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է զորավարժությունները ինչպես որ հարկն է պլանավորված չէին և պետք էր Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հայտարարություններից ելնելով՝ այդ գոտի չուղարկել ուղղաթիռ, ուստի մարդիկ պետք է պատասխանատու լինեն, պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ Սեյրան Օհանյանն անպայման կհետաքննի դեպքի պատճառները և մեղավորները պատիժներ կստանան: Բայց զորավարժություններն ամիսներ շարունակ պատրաստվում էին, և չեմ կարծում, թե նման խնդիր կա: Իսկ եթե ուղղաթիռները զինված լինեին, հրթիռ արձակողին երկրորդ ուղղաթիռն անմիջապես ոչնչացրած կլիներ»:

Շարունակելով պարոն Շիրխանյանը նշեց, թե Ադրբեջանը անհուսալի, դավադիր հարևան է ու շեշտեց. «Հիմք է հանդիսանում զինադադարի պայմանագիրը, ինչը խախտել է Ադրբեջանը, և դա չի նշանակում, որ հայերը պետք է սահմանափակվեին, իսկ ինչո՞ւ պիտի նա խախտած լիներ պայմանագիրը և այդ զոնայում ծանր հեռահար զենք ունենար»:

Վահան Շիրխանյանը մտահոգություն ունի, որ «այսօր կամ վաղը Ադրբեջանն ամբողջովին կընկնի իսլամիստ ծայրահեղականների ազդեցության տակ»:

Սերժ Սարգսյանի հայտարարությանը և ուղղաթիռով վայրէջք կատարելուն անդրադառնալով՝ պարոն Շիրխանյանն ասաց. «Սերժ Սարգսյանը համարում է, որ Արցախը մեր երկիրն է և ուղղաթիռով գնացել է այնտեղ, և ճիշտ է արել: Դա գլխավոր հրամանատարի ելույթ էր, ինչը նորմալ եմ գնահատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930