Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանն արդարացնում է Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի ընթերցումը

Նոյեմբեր 17,2014 17:00

Ինչո՞ւ չենք նեղանում եւ աղմկում ռուսական
զենքով խփված ուղղաթիռի դեպքից

Հոկտեմբերի 10-ին Հայաստանն, այնուհանդերձ, ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթուղթը, թեպետ որոշ շրջանակներ՝ մի մասը չարախնդորեն, մյուս մասը՝ Հայաստանի ապագայով մտահոգված, հույսեր էին փայփայում, որ այս անգամ էլ Բելառուսը կամ Ղազախստանը կխոչընդոտեն ստորագրմանը: Բայց մեր երկիրն արդեն իսկ կատարված փաստի ու մշուշոտ հեռանկարի առջեւ է: Անցած մեկ ամսվա ընթացքում կառավարության որեւէ անդամ այդպես էլ չկարողացավ հստակ պատասխաններ տալ հարցին՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին: Նույն անորոշությունների պատճառով «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը համոզված չէ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է օգտակար լինել: «Այն կազմակերպությունը, որ դեռ կայացած չէ, որտեղ խաղի կանոնները հստակեցված չեն, էլ չեմ ասում, որ ՌԴ-ն այսօր տարբեր պատճառներով տարբեր խնդիրներ ունի ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, պարզ չէ, թե ինչ կարող է տալ մեզ»: Նա հերքում է իշխանական ճամբարից հնչող հավաստիացումները՝ անվտանգության մասով, քանզի ԵՏՄ-ն համարում է զուտ տնտեսական միություն: Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, մեր զրուցակցին առավելապես մտահոգել է ոչ թե այն, որ Ղազախստանը եւ Բելառուսը վերապահումներ ունեին Հայաստանի անդամակցության մասով, այլ հայ հասարակության ցավոտ հակազդեցությունը դրանց. «Կներեք, բայց մենք պետք է սովորենք նորմալ ընդունել՝ երբ ինչ-որ կառույցի ցանկանում ենք անդամակցել, պետք է քննարկումներ լինեն: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական արդյունք կտա, օրինակ, Ղազախստանին: Մենք պետք է սովորենք, որ միայն մենք չպետք է հաշվարկենք մեր շահը, դիմացինն էլ պետք է հաշվարկի: Բայց դրանից նեղանալը նշանակում է, որ մենք պետականամետ չենք, անգամ չենք էլ հասկանում, թե ի՞նչ է նշանակում պետականություն»:

Հասարակական, նաեւ իշխանական շրջանակներում առկա հաջորդ թերությունը մեր զրուցակիցը համարում է այն, որ մուսուլմանական, արաբական աշխարհ ասելով՝ ենթագիտակցորեն թշնամական համայնքներ ենք պատկերացնում, եւ հիշեցնում է, որ նույն արաբական աշխարհում կա Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Մարոկկո, Ալժիր, որոնք ակնհայտ ընդգծված պրոհայկական դիրքորոշում ունեն շատ հարցերում, նաեւ՝ ԼՂՀ հարցում: Նա հիշեցնում է նաեւ, որ Քուվեյթն այսօր աջակցում է ՀՀ կառավարությանը, Արաբական Էմիրությունների հետ շատ ակտիվ առեւտուր է ընթանում, որը շատ կարեւոր է Հայաստանի համար: Նույնը վերաբերում է մուսուլմանական ու թուրքալեզու աշխարհներին, որոնց մեջ միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն: Ստեփան Գրիգորյանը ճիշտ չի համարում բոլոր թուրքալեզու ազգերին պրոադրբեջանական կամ պրոթուրքական համարելը, քանզի նույն Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի հետ Հայաստանը լավ հարաբերություններ ունի: Դիտարկմանը, որ տվյալ դեպքում Ղազախստանի նախագահի կողմից Ալիեւի նամակի ընթերցումը ակնհայտ քաղաքական էր եւ լավ մտածված, ինչին էլ հետեւեց մեր հասարակության բուռն արձագանքը, Ստեփան Գրիգորյանը հակադարձեց. «Ղազախստանը բարձրացրեց Ղարաբաղի հետ կապված հարց: Շատ նորմալ եմ համարում: Ես պնդում եմ, որ ԼՂ հարցում Ղազախստանի դիրքորոշումը գրեթե չի տարբերվում Հայաստանի դիրքորոշումից: Իրենք էլ են ասում, որ ԼՂ հարցի լուծման գլխավոր ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ որ կոնֆլիկտի գոտում պետք է աշխատենք վստահության հարցերը լուծել»: Այս համատեքստում Ստեփան Գրիգորյանը նորմալ է համարում, որ Ղազախստանին պետք է հետաքրքրի՝ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու է Ղարաբաղո՞վ, թե՞ առանց. «Եթե գալիս է Ղարաբաղով՝ իրենք դեմ են, որովհետեւ ԵՏՄ-ն կազմակերպություն է, որտեղ միայն ՄԱԿ-ում գրանցված անկախ պետություններն են: Եթե նաեւ չճանաչված պետություններ են լինելու՝ իրենք ուզում են քննարկել: Դա ես չեմ համարում վատ կամ ցավոտ բան: Հայաստանը պատասխանեց, որ ՄԱԿ-ում իր ճանաչված սահմաններով է անդամակցելու, Ղազախստանն, ի վերջո, քվեարկեց, որ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին: Ղազախստանը լուրջ, դինամիկ զարգացող երկիր է եւ իրեն պետք չէր լինել մի միության մեջ, որտեղ չլուծված խնդիր կա»: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ իրադարձություններին, քննարկումներին, ցավոտ հարցերի մասին խոսակցություններին մեր էմոցիոնալ արձագանքն ի վերջո կհանգեցնի Հայաստանի մեկուսացման: «Մենք մեր չաշխատածը գցում ենք ուրիշների վրա»,- ասաց նա՝ բերելով թերեւս ամենադասական օրինակը՝ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին, երբ բոլորը գիտեին դրա մասին, բացի ՀՀ իշխանություններից:

Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, որ Ղազախստանն ԱՊՀ միակ երկիրն է, որը Հայաստանում բավական ակտիվ է աշխատում՝ ոչ միայն իշխանության, այլեւ հասարակական կազմակերպությունների հետ, գնում են դասական եվրոպական ճանապարհով:

«Ղազախստանն առաջ է տանում իր առավելությունները, իր դրական կողմերը, շատ են սիրում ներկայացնել Նազարբաեւի լուրջ քայլերը: Այդպես պետք է լինի: Նաեւ Հայաստանը պիտի աշխարհում աշխատի՝ ներկայացնելով իր պետության ու կառավարության դրական կողմերը: Ղազախստանը դա անում է, ու զարմանալի է, թե ինչո՞ւ դա մեզ դուր չի գալիս՝ այն դեպքում, երբ նույն ԱՄՆ-ի, ԵՄ տարբեր երկրների կողմից նույն քայլերը նորմալ ենք համարում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ Հայաստանի համար կարեւորելով Ղազախստանի փորձը միջուկային զենքի, սպառազինությունների կրճատման հարցերում, Նազարբաեւի նախաձեռնությամբ ստեղծված միջկրոնական եւ միջազգային հաշտեցման ինստիտուտների հարցերում: Երկու հարցերն էլ, ի դեպ, համաշխարհային մակարդակի հնչեղություն են ստացել: Մեր զրուցակիցը հանգել է այն համոզման, որ միջազգային բոլոր դերակատարներին չէ, որ դուր է գալիս եվրոպական տարբեր երկրների, Ղազախստանի ակտիվ աշխատանքը Հայաստանում. «Ձեռնտու է, որ Հայաստանը մեկուսացվի, որպեսզի հնարավոր լինի մանիպուլյացնել: Այս իմաստով, կարծում եմ, շատ հիստերիաներ ոչ թե տեղական, այլ «դրսի» ծագում ունեն: Ուստի մեր հասարակությանը հորդորում եմ՝ զգույշ եղեք»: Այն, որ Ղազախստանը շատ ակտիվ աշխատում է նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Ստեփան Գրիգորյանը հոգ չի համարում՝ հավելելով, որ ամենաակտիվն այսօր Ադրբեջանի հետ ՌԴ-ն է աշխատում. «Ուղղաթիռը որ ռուսական զենքով խփվեց, ինչո՞ւ չենք նեղանում, ինչո՞ւ աղմուկ չենք բարձրացնում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930