Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեժ աշուն, ջան աշուն-3

Նոյեմբեր 17,2014 11:47

Մինչ աշունն անցնում է, տասներկու կետանոց հեղափոխությունն ավելի ու ավելի է ընթացքի մեջ մտնում: Եթե ընդդիմության տասներկու կետանոց պահանջը չլիներ, նույնիսկ ԲՀԿ-ի անառարկելի լիդերի միջոցով անհնարին կլիներ հեղափոխական տրամադրություններ առաջացնել: Համաձայնվեք, որ հեղափոխություն իրականացնելու համար սահմանադրության փոփոխությունների և սահմանադրության անփոփոխության թեման բավարար չէր լինելու: Ի վերջո, իշխանություններն ու անձամբ Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր կարող են ձեռ քաշել սահմանադրական փոփոխությունների մտքից ու էդպիսով վիժեցնել հեղափոխական տրամադրությունները:

Իսկ հեղափոխական տրամադրություններն ու կրիտիկական մասսան ընդդիմության համար անհրաժեշտություն են՝ եթե ոչ էս պահին, ապա առաջիկայում ու ընդհանրապես: Հեղափոխական տրամադրությունների բացակայության պայմաններում նույնիսկ ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանն ի վիճակի չեն լինի Ազատության հրապարակը լցնել: Իսկ դա շատ կարևոր է հրաշալի եռյակի համար, որովհետև եթե առաջիկայում նրանց չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, ապա առնվազն ընդդիմադիր դաշտը պիտի կարողանան իրենց բռի մեջ հավաքած պահել և որևէ այլ հրաշալիների չզիջել: Սա, իհարկե, գերխնդիրը չէ, բայց, այնուամենայնիվ, կարևորագույն խնդիր է, որովհետև, այս ամենով հանդերձ, ժողովուրդը քաղաքական դաշտում հավատքի այլ օբյեկտ չունի՝ ընդդիմությունից բացի, և, ուզի թե չուզի, վերստին ընդդիմության հետ է իր նվազագույն հույսերը կապելու:

Մի խոսքով, ընդդիմադիր դաշտն այս պահի դրությամբ բլոկադայի է ենթարկված ոչ իշխանական եռյակի կողմից, և առաջիկայում որևէ այլ ընդդիմադիր դժվար թե հաջողացնի շփվել ժողովրդի հետ: Նիկոլն ու Զարուհին միացել են, ճիշտ է, բայց առայժմ պիտի խորհրդարանի ամբիոնով սահմանափակվեն ու բավարարվեն:

Զարուհու՝ Նիկոլի կողքին հայտնվելն էլ կարելի է քաղաքական աբսուրդ համարել: Ինքը՝ Զարուհին Նիկոլի կողքին է, իսկ իր կուսակցությունն ու իր Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակում՝ Ծառուկյանի ու Տեր – Պետրոսյանի կողքին: Այսպիսի անհեթեթություն միմիայն Հայաստանի ներքաղաքական պայմաններում կարող է պատահել ու տեղի ունենալ:

Շատերն են ենթադրում, որ եռյակի լիդերների համագործակցությունը երկար կյանք չի ունենա: Այս երեքի միացումը արհեստական ճանապարհով է տեղի ունեցել, բայց տրոհումը միանգամայն բնական տեղի կունենա, որովհետև, ամեն ինչից բացի, նաև այս երեքի մրցակցությունն է ենթադրվում ու ուրվագծվում:

Ծառուկյանին ու Տեր – Պետրոսյանին դժվար է մրցակիցներ անվանել, որովհետև այս երկուսը բավական հաջող փոխլրացնում են իրար և, կարելի է ասել, երկուսն էլ գոհ ու բավարարված են իրարից, ինչը դժվար է ասել Րաֆֆի Հովհաննիսյանի առումով, և ընդհանրապես՝ դժվար է ըմբռնել ու հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ վերստին հարթակում հայտնվելու պատճառն ու նպատակը: Առավել անհասկանալի է տվյալ հարթակում Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը՝ որպես ղեկավար կողմ:

Ընդհանրապես շատ բան է անհասկանալի՝ թե′ ընդդիմության, և թե′ իշխանության պահվածքում: Բայց, այնուամենայնիվ, ամենաանհասկանալին հետևյալն է. այս աշունը թե՞ժ էր, թե՝ ոչ:

Ոմանց համար չափազանց թեժ էր, իսկ ոմանց համար՝ չափազանց պաղ ու հանդարտ:

Բայց որ ձմեռը չափազանց թեժ է լինելու, կասկածից վեր է: Մանավանդ՝ հասարակ մահկանացուների համար: Այսինքն, բուն ժողովրդի համար: Եվ թեժությունը հիմնականում սոցիալական բնույթ է կրելու:

Բայց, հուսով ենք, այս անգամ էլ դիմացողներ կլինեն:

 Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930