Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ պայմանագրի շուրջ ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները

Նոյեմբեր 17,2014 11:40

Նոյեմբերի 14-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հավանության արժանացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը: Ինչպես ցանկացած այլ, այնպես էլ այս միջազգային պայմանագրի հաջորդ հանգրվանը ՀՀ Ազգային Ժողովն է:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» գրավոր կերպով փորձեց պարզել ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ խմբակցությունների կարծիքը:

ՀՀԿ և ՀՅԴ

Սկսենք առավել հստակ դիրքորոշում ունեցողներից: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կուսակցությունների դիրքորոշումները ԵՏՄ անդամակցության վերաբերյալ բավական միարժեք և դրական են: Սակայն անզվության համար պետք է նշել, որ Դաշնակցությունը դրական գնահատականներ տալիս որոշ վերապահումներ է անում:

«Ժառանգություն»

«Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի հեճուկս օրենքի պահանջի, չպատասխանեց մեր հարցմանը: Սակայն, այդ կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ Հայաստանը պետք է ստորագրի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ վերջինս արգելում է անդամ-պետություններին երրորդ կողմերի հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը:

Նույն բանը վերահաստատվեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից ստացված գրությունում, ինչպես նաև այդ կուսակցության մի շարք հայտարարություններում:

Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը օրերս հայտարարել է, որ «Ժառանգությունը» դեմ է ԵՏՄ պայմանագրի վավերացմանը, քանի որ այն հակասահմանադրական է:

ՕԵԿ

Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումը ամրագրված է նաև Օրինաց Երկրի նախընտրական ծրագրում, ինչը, ըստ նույն տրամաբանության, բացառում է ԵՏՄ անդամակցությունը: Սակայն նույնանուն խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս խախտել է օրենքը և չի պատասխանել մեր հարցումներին, ուստի դժվար է որևէ հստակ տեղեկություն տալ այդ կուսակցության դիրքորոշման մասին:

ԲՀԿ և ՀԱԿ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեզ հայտնեց, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել: Սակայն նույնանուն կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում դրական գնահատականներ է հնչեցնում ԵՏՄ-ի մասին և անգամ անում (դրա սահմանադրականության շուրջ) հայտարարություններ, որոնք արդարացնում են Հայաստանի անդամակցումը այդ կառույցին:

Սակայն կուլմինացիոն պատասխան ստացանք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից, ով նոյեմբերի 12-ին ստորագրված պատասխանում հայտնում է, որ «խմբակցությունն այդ հարցը կքննարկի պայմանագրի ստորագրումից հետո»: Այսինքն, Ազգային Ժողովի Եվրոպական Ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Զոհրաբյանը, ըստ ամենայնի, տեղյակ չէ, որ պայմանագիրը դեռևս հոկտեմբերի 10-ին է ստորագրվել:

Միաժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ում հարցի հետ կապված տարբեր տեսակետներ կան և  խմբակցությունում դիրքորոշման հստակեցման համար կազմակերպվելու է քվեարկություն:

 

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930