Այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ ուսանողության եւ երիտասարդության տոնի առիթով ֆուտզալի հանդիպում կայացավ երիտասարդ պաշտոնյաների եւ ուսանողներ ֆուտբոլային թիմերի միջեւ, որն ավարտվեց առաջինների հաղթանակով՝ 6:5:
Պաշտոնյաների թիմը համալրել էին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Կարեն Ավագյանը, իսկ ուսանողներինը՝ բուհերի ուսանողական խորհուրդների նախագահները, անդամները:
Խաղից առաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողներին ասաց. «Մարզական ծրագրերն ու միջոցառումները ուսանողության եւ երիտասարդության տոներում յուրահատուկ տեղ ունեն: Մենք՝ երիտասարդ պաշտոնյաներս եւ ուսանողական կառույցների ղեկավարները, ընկերական խաղերով ուզում ենք խրախուսել առողջ ապրելակերպը, սպորտը, վերաբերմունք ձեւավորել սպորտի հանդեպ, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվում է: Մենք անձնական օրինակով ենք դա անում: Շատ դեպքերում առողջ ապրելակերպը մարդկանց առօրյայից դուրս է մնում»:
Aravot.am-ի հարցին, թե մարզական միջոցառումների ժամանակ նախապատվությունը գերազանցապես տրվում է ֆուտբոլին՝ այլ մարզաձեւերից էլ մրցումներ կազմակերպելու մտադրություն չունե՞ն, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Այլ մարզաձեւերից էլ միջոցառումներ կազմակերպում ենք՝ շախմատ, սեղանի թենիս, բայց դրանք ֆուտբոլի պես մասշտաբային չեն լինում: Բայց ճիշտ եք նկատում: Մենք ձեր առաջարկը հաշվի կառնենք եւ մյուս տարի ուսանողության եւ երիտասարդության տոնին կփորձենք նաեւ այլ մրցաձեւեր էլ ընդգրկել»: Aravot.am-ը Կարեն Ավագյանին առաջարկեց տարբեր մարզաձեւերից մրցումներ կազմակերպել նաեւ ԶԼՄ-ների ու ԱԺ-ի միջեւ, ինչին պատգամավորը համաձայնեց սիրով:
Կարդացեք նաև
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշելով, որ արդեն ավանդական են ՀԵՀ-ի կազմակերպած ուսանողական կառույցների ղեկավարների եւ պատգամավորների միջեւ ֆուտբոլային հանդիպումները, նույնպես առաջին հերթին կարեւորեց առողջ ապրելակերպը: «Շատ ենք կարեւորում նաեւ քաղաքական գործիչների շփումն ուսանողների հետ, որպեսզի մենք եւ մեր երկրի ղեկավարներն ավելի անմիջական հանդիպումների հնարավորություն ունենան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ