Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու»

Նոյեմբեր 15,2014 16:50

Գագիկ Մելիքյանը կարծում է՝ Ռուսաստանը, զենք վաճառելով ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին, նպաստում է, որպեսզի պատերազմի վտանգը թուլանա

«Դա հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացվող քաղաքականությանը»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի խոցմանը, հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Նա նշեց, որ դա հարված էր նաեւ եռանախագահող երկրների նախագահների հետ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումներին, քանի որ Հայաստանը այդ հանդիպումների արդյունքում մեծ առաջընթաց էր արձանագրել, որը Ադրբեջանին ձեռնտու չէր: Նա համարում է, որ տարածաշրջանում լարվածության ուժեղացմամբ Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սեւեռել եւ հարցը միշտ տաք վիճակում պահել. «Ես համոզված եմ, որ պատերազմ չի լինելու, ես համոզված եմ, որ հայկական բանակը եւս մեկ անգամ ապացուցեց իր հզորությունը եւ փաստը, որ ադրբեջանական բանակը ոչինչ չի կարող անել մեր զինված ուժերի դեմ: Մենք հզոր ենք: Ես համոզված եմ, որ շատ շուտով գալու է հատուցման պահը, որը համարում եմ՝ կլինի ճիշտ ժամանակին եւ համարժեք կամ համարժեքից մի փոքր ավելին»:

Անդրադառնալով այն տեսակետին, որ ուղղաթիռը խոցվել է ռուսական զենքով՝ Գագիկ Մելիքյանը նկատեց, որ Ռուսաստանը զենք է վաճառում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին, այդպիսով` ստեղծելով հավասարակշռված իրավիճակ, որպեսզի պատերազմի վտանգը թուլանա. «Համոզված եմ՝ սա կզսպի տարբեր երկրներին, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, տարածաշրջանում զենքի վաճառքն իրականացնել: Ես կարծում եմ՝ Ռուսաստանը նույնպես այս իրավիճակից դասեր կքաղի»:

Հարցին, թե պարոն Մելիքյանը մտավախություն չկա՞, որ հայկական կողմի պատասխանը կհանգեցնի պատերազմի, նա պատասխանեց, որ ոչ, քանի որ Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, թե պատերազմը ինչ հետեւանքներ կունենա. «Պատերազմը տեղի կունենա միայն իր տարածքում, հայկական զինված ուժերը պատրաստ են նման քայլերի: Կարծում եմ, որ հենց այդ մտավախությունն է, որ Ադրբեջանը երբեք չի գնա պատերազմական գործողությունների, իսկ տարբեր սադրանքների ինքը միշտ էլ գնացել է, եւ կարծում եմ՝ կգնա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930