Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեագետ Սերգեյ Գալոյանը պարզաբանում է, թե ում մասին է իր «Գյումրի» գիրքը

Նոյեմբեր 15,2014 16:13
Sergey Galoyan

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու ավագանին միաձայն դեմ քվեարկեց գրող, հրապարակախոս Սերգեյ Գալոյանի «Գյումրի» գրքի տպագրման համար համապատասխան նյութերի հավաքագրման անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով դրամական օգնություն տրամադրելուն: Խոսքը 1 980 000 (մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար ) դրամի մասին է: Ավագանու անդամներից մի քանիսը պատճառաբանեցին, որ իրենք ծանոթ չեն գրքի բովանդակությանը:

Aravot.am-ը Սերգեյ Գալոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ բովանդակություն ունի գիրքը, մի՞թե այն գողերի մասին է, ինչպես ենթադրում են շատերը: «2014 թվականի սեպտեմբերի 14-ին ես հանդիպեցի Սամվել Բալասանյանի հետ: Խոսեցինք, ես ասացի, որ գիրք եմ պատրաստում Հայաստանի օրենքով գողերի մասին, այդ թվում նաև լեննականցիների: Ինքը խնդրեց, ասաց՝ գիտեք, Լենինականը ավելի շատ հայտնի է իր արվեստի, մշակույթի գործիչներով: Ասի՝ շատ լավ, ինքը առաջարկեց գիրք գրել էդ մասին, ես ասի՝ խնդրեմ, ես ավելի լավ ծանոթ եմ և’ Շիրազին, և’ Ավետիք Իսահակյանին, բոլորին… Մենք պայմանավորվեցինք, որ գիրքը գրում ենք էդ մասին: Մեր հանդիպումը եղել է սեպտեմբերի 14-ին, այսինքն` սրանից ուղիղ երկու ամիս առաջ: Ես համաձայնեցի, դրանից հետո ինքը ասաց՝ ներկայացրեք այսպես ասած ծախսերի գումարը և ծրագիրը: Ներկայացրեցի, 2-3 անգամ մեր տուն եկավ նրա խորհրդականներից մեկը, նստեցինք, խոսեցինք, բոլոր փաստաթղթերը, ինչ որ ուզեց, ես ներկայացրեցի: Ինքը ասաց՝ շատ լավ, ասաց ամսի 14-ին ձեր ասած ծրագրով գիրքը կհաստատենք Գյումրիի քաղաքապետարանում և գումարը կտրամադրենք: Ես էլ հավատացի, և ամբողջ ծախսերի մեծ մասն արեցի: Եվ հիմա եկել, հասել է մի ժամանակ, ես մարդկանց եմ ձայնագրել, մարդկանց հետ եմ խոսել, մարդկանցից նյութեր եմ վերցրել, գրքեր եմ գնել, որոնք բավականին թանկ են, հյուրեր եմ ընդունել, հյուր եմ գնացել… Ինձ խոստացավ այդ տղան՝ Սամվել Բալասանյանի խորհրդականը, որ արդարադատության նախարարության նախկին աշխատող էր եղել, ասաց՝ ամսի 14-ին ձեր ծրագիրն անպայման կհաստատվի ավագանու նիստում: Առաջինը ձեզանից եմ լսում, որ այսօր մերժվել է այդ ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ գիրքը վաճառվելո՞ւ էր, թե՞ նվիրատվություն էր արվելու, ավագանու անդամներից մեկի հարցադրումը փոխանցեցինք հեղինակին: «Դա արդեն Սամվել Բալասանյանը կորոշեր, նվեր կտար, կվաճառեր, իր տրամադրության տակ պետք է լիներ», -ասաց Սերգեյ Գալոյանը: Նա նաև ասաց, որ մեզ հարցազրույց տալուց անմիջապես հետո հեռախոսազրույց է եղել իր և Սամվել Բալասանյանի միջև, որը փոխանցել է, թե ամենաուշը՝ մինչև նոյեմբերի 17-ը, կփոխհատուցեն այն բոլոր ծախսերը, որը կատարել է հեղինակը 2 ամսից ավելի ընկած ժամանակահատվածում:

«Ես ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ հարցը չի դրվի Գյումրու ավագանու նիստին, որովհետև մեր պայմանավորվածությունը եղել է միմիայն Սամվել Բալասանյանի հետ: Ես հույս ունեմ, որ Սամվել Բալասանյանը կլինի իր խոսքի տերը, և նոյեմբերի 17-ին մեր բոլոր հարցերը կլուծվեն: Ավելացնեմ նաև, որ ինչպես նկատեցի կայքերում տեղ գտած տեղեկատվությունից, ավագանու նիստի ժամանակ չի ներկայացվել գրքի բովանդակությունը, թեև և’ բանավոր, և’ գրավոր ներկայացված է, թե ինչ պետք է լիներ գրքում և ովքեր պետք է լինեին: Իմ բացառիկ հարցազրույցները լուսահոգի Մհեր Մկրտչյանի, ինչպես նաև նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի, Լևոն Գալստյանի և հայտնի մյուս գյումրեցիների հետ լինելու էր այս գրքի բովանդակությունը: Չեմ ուզում միտումնավորություն տեսնել այդ հարցում, պարզապես անփույթ աշխատանքի հետևանք է:

Ջերմագին ողջույններ եմ հաղորդում Գյումրու ավագանու բոլոր անդամներին, բայց ես իրենց հետ որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում ունենալ: Եթե այդ մարդիկ կարդացած լինեին իմ հեղինակած «Պարույր Սևակ. զուտ սովետական սպանություն», մեր նկարիչների և գրողների մասին պատմող «Թակարդներ» գիրքը, ինչպես նաև արվեստի մարդկանց նվիրված իմ մյուս գրքերը, որոնց թվում մի հետաքրքիր էսսե կա գյումրեցիների մեծագույն մարդկանցից մեկի ՝ Գեորգի Գյուրջիևի մասին, ապա հավանական է, որ դեմ դուրս չէին գա այս նոր գրքին: Կրկին անգամ հույս ունեմ, որ Սամվել Բալասանյան մարդու հետ մեր բոլոր խճեցված հարաբերությունները կպարզվեն մինչև այս տարվա նոյեմբերի 17-ը, ինչպես նա խոստացել է մեր հեռախոսազրույցի ընթացքում», -ասաց Սերգեյ Գալոյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930