Ինչ հետևանքներ կունենա սպառողի վրա ԵՏՄ-ին անդամակցելը
Այսօր «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագրի մանրամասները, որոնք ըստ պարոն Իոաննիսյանի՝ երկար ժամանակ մեր քաղաքացիներից գաղտնի էր պահվում: Ըստ նրա գաղտնի էր պահվում նաեւ Մաքսային միության ճանապարհային քարտեզի մի մասը եւ 900 ապրանքների ցանկը:
Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությանը միանալու հետեւանքով ներկրվող 11 553 անուն ապրանքների ներմուծումը 60 տոկոս ապրանքների դեպքում ՄՄ մաքսային դրույքաչափերը ավելի բարձր են, քան Հայաստանում: 14.5 տոկոսի դեպքում Հայաստանում դրույքաչափերն ավելի բարձր են: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը ներմուծեր բոլոր այդ ապրանքները ԵՏՄ-ից դուրս գտնվող երկրներից, ապա 7000 ապրանքների գներ Հայաստանում կբարձրանային, իսկ մոտ 1700 ապրանքներինը՝ կիջնեին: Սակայն՝ ներմուծված ապրանքների ընդամենը 25%-ը ՄՄ երկրներից բերվում, հետեւաբար դրանց գծով որևէ գնային փոփոխություն չի լինի: 700 անուն ապրանքներ կթանկանան «ուշացումով»:
Ըստ Դանիել Իոաննիսյանի, զգալիորեն կթանկանան շաքարավազը, կարագը, յուղը, խոզի միսը, թռչնի միսը հյութերը, թեյը, սուրճը, բրինձը, մակարոնեղենը, դեղորայքը, ալկոհոլը, կոսմետիկան, հագուստը եւ կոշիկը, կահույքը, շինանյութը, էլեկտրոնիկան, գրենական պիտույքները, լվացքի փոշին, օճառը, զուգարանի թուղթը, շինանյութը, մեքենաները, ավտոպահեստամասերը, սերմացուն, տրակտորները, հեծանիվները, խաղալիքները:
Կարդացեք նաև
Պարոն Իոաննիսյանը նաեւ կանխատեսեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում մեր երկրի ֆինանսական համակարգը եւս վտանգի տակ է, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող բանկերը խնդիրներ կունենան. «2012-ի սկզբից մինչև 2014-ի հուլիսի 11-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է 120 բանկի: Հայաստանում որեւէ բանկ չի սնանկացել կամ դադարեցրել իր գործունեությունը 2001-ից հետո»:
Ըստ նրա, խոսակցություններ կան նաեւ ԵՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման մասին, որի դեպքում էլ Հայաստանը կզրկվի ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ