Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ծառայողները վերապատրաստվել են՝ քաղաքացիների հետ բարեհամբույր վարվելակերպի հմտություններ ձեռք բերելու համար

Նոյեմբեր 15,2014 13:58

Աղվերանում այսօր տեղի ունեցավ «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի արդյունքների ամփոփմանը նվիրված կոնֆերանս, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ։

Նշենք, որ «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի շրջանակներում «Հայ պետական ծառայողների միություն» հ/կ-ի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված հուշագրերի հիման վրա վերապատրաստվել են ՀՀ պետական մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողները եւ աշխատակազմի ղեկավարներ, ինչպես նաեւ՝ իրականացվել է քաղաքացիական ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների մրցութային գործընթացի արդիականացում, մշակվել են նոր թեստեր:

Ինչպես մեզ հետ զրույցում Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը նշեց` վերապատրաստման ծրագրեր հիմնականում վերաբերում են միջանձնային հարաբերություններում քաղաքացիական ծառայողների հմտությունների զարգացմանը. «Մասնավորապես դրանք վերաբերում են ծառայությունների մատուցման ընթացքում քաղաքացիների հետ կոռեկտ աշխատանք կատարելուն, նաեւ կոնֆլիկտային իրավիճակներում այն էթիկական չափորոշիչների ճիշտ կիրառմանը, որոնք վերաբերում են քաղաքացիների հետ ավելի բարեհամբույր վարվելուն: Սա արվում է այն նպատակով, որպեսզի քաղաքացիների վերաբերմունքը քաղաքացիական ծառայողների նկատմամբ բարելավվի»:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գիտակցում են, որ դեռեւս քաղաքացիական ծառայողների նկատմամբ քաղաքացիների կողմից բողոքներ շատ են լինում. «Նման դասընթացների կարիք իրոք կա: Մենք գիտենք, որ քաղաքացիական ծառայողի խնդիրը կա, միշտ չէ, որ քաղաքացիները գոհ են լինում քաղաքացիական ծառայողներից, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք իրականացնել այս ծրագիրը: Առանց որակյալ քաղաքացիական ծառայողի, չենք կարող ունենալ որակյալ քաղաքացիական ծառայություն»:

Նա նաեւ նշեց, որ պետք է այս գիտելիքների տեսական լուծումներից անցում կատարել այնպիսի կիրառական լուծումների, որոնք հնարավորություն կտան գործնականում զգալ նման ծրագրերի արդյունքները: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին վերապատրաստման ծրագրերի թեստավորման նոր մեթոդները, ինչպես նաեւ ավարտից հետո ծրագրի մասնակիցները պարգեւատրվեցին հավաստագրերով:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930