Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ով երես տվեց Ալիեւին

Նոյեմբեր 15,2014 12:00

Ո՞ւմ են ձեռնտու սադրանքները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի կործանումը եւս մեկ անգամ փաստեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ալիեւի ռեժիմը: Իր երկրի ներսում բռնատիրության հաստատմանը զուգահեռ՝ Ալիեւը «հերոս» ձեւանալու փորձեր է անում: Նրա գերհարստացած ռեժիմը իշխանությունը պահպանելուն զուգահեռ՝ «հայրենասեր» երեւալու խնդիր է լուծում, ինչին խանգարում են, օրինակ, հատուկենտ մարդիկ, ովքեր Ադրբեջանում խաղաղության կողմնակիցներ են: Նրանցից ոմանք այսօր Ադրբեջանում անազատության մեջ են, եւ պարզ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում Ալիեւի իշխանության բնույթը իրապես ընկալող մյուս գործիչներին:

Միջազգային հանրությունը բավական արագ արձագանքեց Մի-24 ուղղաթիռի խոցման փաստին, եւ այս պահին պարզ է, որ նրանց խնդիրը մեկն է` կողմերին զսպվածության բերել` հնարավոր էսկալացիան բացառելու համար: Միջազգային հանրությունը թեեւ գիտակցում է, թե ինչ է տեղի ունեցել, եւ ով է կրում պատասխանատվություն կատարվածի համար, այնուամենայնիվ, կոչերն ուղղում է «կողմերին»: Սա, իհարկե, ցավալի փաստ է, թեեւ ինչ-որ առումով նաեւ դիվանագիտորեն արդարացված ու հասկանալի, որովհետեւ Ալիեւի իշխանությանը նաեւ այսպիսի «բալանսավորված» հայտարարություններն են «ազատություն» տալիս:

Եվ ոչ միայն դա: Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից մի քանի միլիարդ դոլարի հասնող զենք է վաճառվել Ադրբեջանին ու դեռ վաճառվելու է, այդ թվում` հարձակողական, բայց մեր երկրի ներսում այդ փաստին ադեկվատ գնահատական այդպես էլ չտրվեց «հիմնական» խորհրդարանական ուժերի կողմից: Հետեւաբար ի՞նչ տրամաբանությամբ ենք միջազգային հանրությունից պահանջում Ադրբեջանի գործողություններին համարժեք գնահատական տալ: Հայաստանի խորհրդարանական ուժերը երբեւէ պահանջե՞լ են, որպեսզի միջազգային հանրությունը, իսկ ավելի կոնկրետ` Ռուսաստանը հետեւողական լինի ու Ադրբեջանին զենք չվաճառի` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության կողմից տարվող ռազմատենչ քաղաքականությունն ու շփման գծում վերջին ամիսներին սադրանքներ հրահրելու աննախադեպ քայլերը: Ինչո՞ւ է ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարբերվում այս առումով ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից, որոնք զենք չեն վաճառում Հայաստանի ու Արցախի հակառակորդին:

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, որքան էլ տարօրինակ է, ռուսական կողմի արձագանքն էր բավական արագ ու մի քանի պաշտոնյաների կողմից: Սովորաբար Մոսկվան կամ չէր արձագանքում Հայաստանի սահմաններում լարվածության դեպքերին, կամ եթե արձագանքում էր` բավական ուշացումով: Այս անգամ տպավորություն ստեղծվեց, որ Մոսկվան ադրբեջանական կողմի պահվածքը ոչ միայն նկատում ու արձանագրում է, այլեւ ինչ-որ առումով համարում է իրենց հասցված հարված:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը խիստ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցած միջադեպով ու նշել. «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում ենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ փնտրելու իրենց պարտավորությունների մասին, որոնք իրենք իրենց վրա են վերցրել Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների ժամանակ»: Առավել ուշագրավ էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունները. «Այսօր մենք ականատես եղանք կրակի դադարեցման պայմանավորվածության եւս մեկ խախտման: Առաջացել է հակամարտության սրման նոր ալիքի վտանգ: Հարավային Կովկասում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Կազմակերպությունը խորապես համոզված է, որ անհրաժեշտ է թույլ չտալ իրավիճակի սպառնալից զարգացում:

Իրավիճակի նման ընթացքը կանխելու համար գլխավորն այն է, որ կողմերը հրաժարվեն ուժի կիրառումից, անշեղորեն պահպանեն կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները եւ թույլ չտան սադրիչ գործողություններ»: Ավելի վաղ` հոկտեմբերի 21-ին, Բորդյուժան անդրադարձել էր հակամարտությունների թեմային` Վիեննայում կազմակերպված՝ եվրասիական տարածքում անվտանգության սպառնալիքների թեմայով քննարկմանը: Նա կոչ էր արել վերականգնել միջազգային հակաահաբեկչական կոալիցիան` նոր սպառնալիքների դեմ պայքարի համար. «Անհրաժեշտ է շտապ կարգով վերականգնել 2001-ից հետո ձեւավորված համագործակցությունը, այսպես կոչված՝ հակաահաբեկչական կոալիցիան: Եթե դա տեղի չունենա, մենք կարող ենք անվտանգության ոլորտում լուրջ խնդիրների հանդիպել, որոնք կվերաբերեն ոչ միայն Ռուսաստանին եւ ՀԱՊԿ երկրներին, այլեւ Եվրոպային»: Ապա անդրադառնալով ՀԱՊԿ երկրների սպառնալիքներին` Բորդյուժան դրանց թվում առանձնացրել էր Աֆղանստանում ավարտին չհասցված միջազգային առաքելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը եւ «ռազմական ճանապարհով այն լուծելու հնարավորությունը, ինչի մասին հայտարարում է Ադրբեջանի նախագահը»:

Հետաքրքրական է նաեւ այն, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմը խոցեց Մի-24 ուղղաթիռը ճիշտ այն օրերին, երբ միջազգային լրատվամիջոցները փոխանցում էին, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ սահմանին է մոտեցրել 200 տանկ, 191 ինքնաթիռ, 121 ուղղաթիռ, 640 հրետանային սարք, 1600 ավտոմեքենա: Այս թվերը ՄԱԿ ԱԽ-ի նիստում ներկայացրել էր ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը: Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, թե ռուսական ռազմական շարասյուները մուտք են գործել Դոնբաս:
Կարո՞ղ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հերթական սադրանքը դառնալ մեր տարածաշրջան ՌԴ-ի ներթափանցման համար «արդարացված» դրդապատճառ: Ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ այլ «հարթակներում» նման ներկայության հիմքերն արդեն իսկ գծվում են: Օրեր առաջ, օրինակ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ շուտով Հայաստանի սահմանային մաքսակետերում Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչներ կհայտնվեն՝ հայկական կողմի հետ համատեղ աշխատելու նպատակով: Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջեւում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Հիմա, Ալիևը “հերոս” ձևանալու համար է Հայկական բանակի ռազմատեխնիկա ոչնչացրել ու սպանել մեր օդաչուներին, թե ուղղակի ռազմական հարձակում է գործել, դա արդեն երկրորդական է: Ադրբեջանի հոգեվերլուծությունն են չորս բոլորն անում, որ ինչ: Աչքերն են թաքցնում զոհվածների հարազատներից, թե իրենց երեխաներից, որ չգիտեն ոնց հակահարված տան նման դեպքում: Փաստորեն երկրի պաշտպանության խնդիր կա: Այստեղ Ալիևի իբր թե հերոսության հարց չկա, որ մի հատ էլ ամբողջ քարոզչական բանակով հարձակվել փորձում եք ներկայիս ղեկավարությանն իբր թե սատարել, որ նրանք էլ “հո Ալիևի մակարդակին չեն”: Այսինքն, համենայն դեպս, եթե համարժեք պատասխան չկարողանան տան, իրենց օգնում եք նախորոք դեմքը փրկել: Ձեզ խնդրել են? Որ սխալվեն, թուլություն ցույց տան, վաղը մյուս օր թուրքը ձեզ է մորթելու:

    Իսկ այն, որ միջազգային կառույցների լղոզված գնահատակնների նկատմամբ ըբռնումով եք մոտենում, “բա ինչ պիտի ասեին”, դա էլ շատ վատ է: “Ըմբռնումով” մոտենալը սարքեցին Հայաստանցիներից շատերի մոտ կայուն վարքագիծ: Մարդիկ զգուշացնում էին, երկրի քաղաքցու մոտ մի կոտրեք արժանապատվությունն ու պահանջատիրությունը, պատերազմի մեջ ենք, որ ժամանակը գա այս կոտրված մարդիկ ոնց են պայքարելու դրսի թշնամու դեմ: Խնդրեմ, ներսում ստրուկ դարձածյ, արդեն արտաքինի դեմ էլ է սկսել ըբռնումով մոտենալ “սխալ են մեր նկատմամբ վերաբերվում, բայց դե պատճառ ունեն”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930