ՀՀԿ խորհրդի անդամ Գրիգոր Մինասյանը չի կիսում մտահոգությունները, որ ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար խոսքի ազատության առումով տխուր հետեւանքներ կլինեն:
– Վերջերս «Չորրորդ իշխանություն» թերթին տված հարցազրույցում ուշագրավ դիտարկում էիք արել. «2009 թվականին ընդունված եւ մինչ օրս գործող Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 6 հոդվածին»: Նկատել էիք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գործունեությունը նման բաների վերանայմանը պետք է ուղղված լինի: Չե՞ք պատրաստվում մասնագիտական օգնություն առաջարկել Ձեր կուսակից ընկերոջը:
– Իմ համեստ մասնագիտական աջակցությունը պատրաստ եմ տրամադրել թե կուսակից ընկերոջս եւ թե ցանկացած ոչ կուսակցի, ով կցանկանա դրական քայլ կատարել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Այնուամենայնիվ, իմ աջակցությամբ կամ առանց դրա ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգում եղած ներկայիս օրենսդրական թերությունը հուսով եմ՝ շուտով կվերացվի:
– Ըստ Ձեզ՝ հայրենի դատարանները սխա՞լ են կիրառել ՀՀԿ-ի ջանքերով ընդունած «չափազանց դրական»` զրպարտությունն ապաքրեականացնող օրենքն այն աստիճան, որ անգամ ՍԴ-ն է միջամտել դատական պրակտիկային: Ստացվում է, որ օրենքը լավն է, կիրառողներն են վատը: Ե՞րբ է գալու լավ օրենքները վատ կիրառողներից ազատելու ժամանակը:
Կարդացեք նաև
– Օրենքը ոչ լիարժեք էր կիրառվում, քանի որ այն նոր էր: Ցանկացած երկրում նոր օրենքների ճշգրիտ իրացումը ժամանակատար գործընթաց է: Իսկ օրենքների վատ կիրառողներից ազատվելու միակ ճանապարհը հանրային եւ պետական պարտադրանքն է: Հայաստանում այդ պարտադրանքը գնալով կատարելագործվում է: Ընդ որում, հանրային պարտադրանքն ու վերահսկողությունը հաճելիորեն զարմացնում են բոլորին՝ իր զարգացման արագությամբ եւ արդյունավետությամբ: Դա էլ իր հերթին հնարավոր է դառնում պետության ազատականացման եւ պետական բարձրագույն մարմինների կողմից նման հնարավորությունների չսահմանափակման շնորհիվ:
– Հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Ըստ Ձեզ՝ դատաիրավական համակարգին վերաբերող բարեփոխումները կտա՞ն հնարավորություններ` օրենքների հետագա լավ կիրառումն, անկախ անձից, ապահովելու համար:
– Սահմանադրական բարեփոխումները միանշանակ կտան նոր հնարավորություններ իրավունքի գերակա պաշտպանության եւ դատաիրավական համակարգի կատարելագործման համար, բայց այդ մասին ավելի մանրամասն կարելի է խոսել, երբ լինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը կամ առնվազն սկսվի այդ նախագծի մշակումը: Հետեւաբար, Ձեր այս հարցին ավելի առարկայական եւ մանրամասն կկարողանամ պատասխանել, երբ գա փոփոխությունների նախագծման փուլը:
– Այս տարվա հունվար ամսին հրապարակած իր զեկույցում Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպությունը նկատել է, որ Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների շրջանում առկա է բազմակարծության պակաս: Տարին արդեն ավարտվում է, վիճակի փոփոխություններ նկատելի՞ են:
– Իսկապես, Հայաստանում, ցավոք, դեռ կան կուսակցական ուղղվածությամբ հեռուստաընկերություններ: Միեւնույն ժամանակ, դրանք արդյունավետորեն մրցակցելով միմյանց հետ՝ որոշակիորեն ապահովում են բազմակարծությունը: Կարծում եմ՝ Հայաստանում այսօր չկա մի տեսակետ, որ չունի իր լայն տարածման հնարավորությունը: Այդուհանդերձ, ցանկալի է տեսնել բազմակարծություն յուրաքանչյուր լրատվամիջոցում, եւ այս ուղղությամբ էլ արդեն իսկ կան բազմաթիվ դրական օրինակներ եւ զարգացումներ:
– Որոշ վերլուծաբանների գնահատականներով՝ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությամբ խոսքի ազատության առումով երկրի համար տխուր հետեւանքներ կլինեն: Որքանո՞վ են արդարացված նման կանխատեսումները:
– Կարծում եմ՝ ամենեւին արդարացված չեն, քանի որ տնտեսական միությանը անդամակցումը որեւէ կերպ չի կարող ազդել քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության մակարդակի վրա: Նախագահ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանում խոսքի ազատությունն այնքան կայուն է պաշտպանվել եւ առաջադիմել, որ այն դարձել է ազգային արժեհամակարգի եւ մտածողության մաս: Իսկ այն, ինչ մեր հասարակության իրական արժեքն է, չի կարող վերացվել կամ վերափոխվել որեւէ միության անդամակցելիս:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2014